Խոստացան ու մոռացան

Խոստացան ու մոռացան
Հունիսի 3-ին Ազգային ժողովից մի շքեղ կորտեժ ուղեւորվեց մտավոր զարգացման պրոբլեմներով երեխաների "Փրկություն" կենտրոն, որտեղ մասամբ պետական աջակցությամբ, մասամբ էլ հասարակական ուժերով կազմակերպվում է   երեխաների ժամանցն ու ուսումը: ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության նախագահը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանը երեխաների ասմունքն ու երգը լսեցին, հուշանվերներ ստացան: Այցը լայնորեն լուսաբանվեց: Բարձրաստիճան հյուրերը տեսախցիկների առաջ խոստացան օգնել վճարել երեխաների կոմունալ ծախսերը եւ նրանց համար ձեռք բերել գրենական պիտույքներ: "Մեր մանկավարժները պետությունից չնչին աշխատավարձ են ստանում՝ 46 հազ. դրամ, որը մի կերպ հերիքում է, բայց, օրինակ, մինչեւ ապրիլի մեկը 600 կվ հոսանք էինք վառել, որը մի կերպ փակեցինք "Էլցանցերի" աջակցությամբ",- ասում է կենտրոնի նախագահ Արփինե Աբրահամյանը: Հարցրինք, թե կատարե՞լ են արդյոք ԱԺ բարձրաստիճան հյուրերն իրենց խոստումները: Արփինե Աբրահամյանը պատասխանեց, որ դեռ նորություն չունի: