Մշակույթի կարեւորության մասին

Մշակույթի կարեւորության մասին
"Մշակույթ" բառը ունի ագրարային ծագում եւ սերտորեն կապված է գյուղատնտեսական կուլտուրաների մշակության հետ։ Դա նշանակում է, որ մշակույթը ոչ թե պատահականորեն աճած "ալպիական մանուշակն" է, այլ համակարգված, ամենօրյա, տքնաջան աշխատանքը՝ հերկը, ցանքսը, քաղհանը, բերքահավաքը։ Քաղաքականության հիմքում "քաղաք" բառն է, ինչից ենթադրվում է, որ քաղաքականությունը երեւան է եկել քաղաքի հետ եւ քաղաքային կյանքի կազմակերպման ձեւ է։ Յուրաքանչյուրի համար, ով երբեւէ որեւէ ստրատեգիական խաղ է խաղացել, աքսիոմա է, որ մշակույթը նախորդում է քաղաքականությանը։ Քաղաքական մշակույթ ասելով պետք է հասկանալ, որ կուլտուրաների մշակության մեխանիզմները կիրառվում են քաղաքային կյանքի կազմակերպման նպատակով։



Ու այն, որ քաղաքական մշակույթը համառորեն չի ձեւավորվում, նշանակում է, որ մշակված չեն այդ մեխանիզմները։ Դա է պատճառը, որ մեզ մոտ ոչ թե քաղաքականություն է, այլ, ընկերներիցս մեկի դիպուկ բնութագրմամբ՝ գեղականություն։ Մշակույթի բացակայությունն աղետալիորեն անդրադառնում է ոչ միայն քաղաքականության, այլեւ մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Մենչեւ մենք չհասկանանք մշակույթի կարեւորությունը, չենք կարող երազել ոչ նորմալ երկրի, ոչ արժանապատիվ կյանքի մասին։ Իհարկե, մշակույթ ասելով պետք չէ հասկանալ այն, ինչ այդ բառն օգտագործելիս նկատի են ունենում մեր պետական այրերն ու տիկնայք, կամ այն, ինչ ներկայացվում է մեզ իբրեւ մշակույթ մամուլի ու հեռուստացույցի միջոցով։ ԶԼՄ"ների միջոցով մեզ հրամցված մշակույթը, որ հետեւողականորեն ձեւավորում է մշակույթի մեր ընկալումը, իրականում միջոցառման մակարդակից չի բարձրանում։ Շարքային հայ մարդու համար մշակույթն այսօր իր երեխայի արտասանած ոտանավորն է կամ երգած երգը՝ հյուրերի ներկայությամբ։ Այդպես թերթերից շատերի խմբագիրների համար մշակույթը որեւէ արվեստագետի տված մամլո ասուլիսն է կամ որեւէ միջոցառման լուսաբանումը։



Մշակութային լրագրողը ամենաքիչ վարձատրվողն է, իսկ մշակութային էջը տրամպլին է սկսնակ լրագրողի համար, որի կարիերայի գագաթնակետը քաղաքական մեկնաբանի կարգավիճակն է, ինչից հետո արդեն սկսվում է քաղաքական գործչի կարիերան։ Այսինքն մշակույթն ընկալվում է իբրեւ նվազագույն պրեստիժ եւ ռեյտինգ չապահովող մի բան, ավելորդություն, որ անհրաժեշտ է միայն ավանդաբար։ Այնինչ, ինչպիսին մեր մշակույթն է, այդպիսին էլ երկիրն է։ Ստեղծվում է արատավոր, փակ շրջան. քանի չունենք մշակույթ, չենք կարող ունենալ երկիր եւ քանի չունենք երկիր, չենք կարող ունենալ մշակույթ։ Այնուհանդերձ այս շրջանից ելք կա, եւ այդ ելքը պետք է գտնի ոչ թե քաղաքական գործիչը, այլ մշակույթի մարդը՝ "անխոնջ մշակը", որից, իհարկե, հերոսական արարք է պահանջվում։ Ոչ առավել հերոսական, սակայն, քան այն, որ պահանջվում է մեր գյուղացուց, որն ստիպված է զարգացնել գյուղատնտեսությունը բարձր տոկոսադրույքով վարկերի, օլիգարխների հետ մրցակցության, տեխնիկայի եւ սերմացուի բացակայության եւ այլ խոչընդոտների պայմաններում։ Այսպիսով, մշակութային մշակի առջեւ կանգնած են նույն դժվարությունները, եւ նրանից ըստ էության նույն բանն է պահանջվում՝ հերկ, ցանքս, քաղհան, բերքահավաք, բերքի իրացում։ Փուլում, որում մենք գտնվում ենք, ամենակարեւոր գործողությունը, որ պահանջվում է մշակութային մշակից, քաղհանն է։



Մոլախոտը ամբողջությամբ եւ անմնացորդ պատել է մեր մշակութային դաշտերը, եւ եթե մենք չենք ուզում լինել այն բացառիկ ազգը, որ զարգացնում է մոլախոտի մշակույթ, պարտավոր ենք դաժան քաղհան կատարել։ Հնարավոր է, որ մոլախոտը քո բարեկամն է, քո ընկերը, քո քույրը կամ եղբայրը, մեկը, որի հետ հացուաղ ես կիսել, մեկը, որը քեզ լավություն ունի արած, բայց եթե դու մշակույթի մշակ ես, քո "սրբազան պարտքն" է դեն նետել ամեն տեսակ համերաշխություն, որովհետեւ քո ընկերը, քո քույրն ու եղբայրը, քո միակ բարեկամը մշակույթն է։



Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

գրող, հրապարակախոս