Լրտե՞ս են բացահայտել

Լրտե՞ս են բացահայտել
Օրերս Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը մի արտառոց հաղորդագրություն է տարածել: Տեքստ, որից գրեթե անհասկանալի է, թե ինչին է արձագանքում ԱԱԾ-ն, ինչ է ուզում սրանով ասել եւ ում: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



"Ս.թ. հուլիսի 15-ին էլեկտրոնային փոստով հայաստանյան որոշ լրատվամիջոցների ուղարկվել է նամակ-փաստաթուղթ, որի հեղինակները իբր թե ՀՀ ԱԱԾ  մի խումբ աշխատակիցներ են: ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ներկայացող անձինք  նամակում  փորձում են կեղծ,  չհիմնավորված  եւ կողմնակալ ապատեղեկատվություն տարածել  ՀՀ իշխանության օղակներում  գործող պետական  բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ,  նրա անունը  շրջանառելով արտերկրի  հատուկ ծառայությունների գործունեության համատեքստում: Զուգահեռաբար փորձ է արվում  քննադատելու եւ վարկաբեկելու ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ԱԱԾ համակարգը: ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ տարածված նամակը  քաղաքական եւ լրատվական որոշակի շրջանակների հերթական չհաջողված  արկածախնդրության դրսեւորումներից է, ինչը բացարձակապես  չի համապատասխանում իրականությանը եւ չի կարող  անգամ  ճշմարտանման լինել: Նամակն  իր բովանդակության եւ կառուցվածքի առումով կարելի է բնութագրել որպես  դիլետանտիզմի, անգրագիտության  եւ ուղղորդված  պատեհապաշտության օրինակ:  ՀՀ ԱԱԾ-ն վերը նշված բնույթի նամակ-փաստաթղթերի, տեղեկատվությունների տարածումը գնահատում է որպես ՀՀ պետականության եւ նրա  անվտանգության խնդիրներով զբաղվող պետական կառույցի, դրա կայուն գործելակերպի դեմ ուղղված գործողություններ, որի նպատակը ՀՀ ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն  լարելն է ու արտերկրում ՀՀ նկատմամբ  անվստահության ձեւավորումը: ՀՀ ԱԱԾ-ն գտնում է, որ այդ տիպի  գործողությունները  միանշանակ կերպով դատապարտելի են  հասարակական եւ իրավական դաշտում,  դրանց իրական հեղինակների  բացահայտման խնդրում  ՀՀ ԱԱԾ-ն  հետամուտ է լինելու":



Անտեղյակ մարդուն այս չինարեն տեքստը ոչինչ չի ասի: Ի՞նչ նամակ-փաստաթղթի մասին է խոսքը, ովքե՞ր են դրա հեղինակները, ի՞նչ "կեղծ, չհիմնավորված ապատեղեկատվություն են տարածել" եւ ո՞վ է այդ "ՀՀ իշխանության օղակներում  գործող պետական  բարձրաստիճան պաշտոնյան", որին իր պաշտպանության տակ է փորձում առնել ԱԱԾ-ն: Եւ վերջապես, ովքե՞ր են այդ անհայտ գրության հեղինակները: Ուղղակի զարմանալի է, թե եթե նշված գրությունը չի տպագրվել-հրապարակվել, ի՞նչն է հերքում ԱԱԾ-ն: Անտեղյակ ընթերցողին տեղեկացնենք, որ նշված նամակ-գրությունն իրոք սկանդալային տեղեկություններ է պարունակում հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մասին, որի անունը նպատակահարմար չենք գտնում հրապարակել: Եթե կարճ պատմենք գրության բովանդակությունը, ապա խոսքն այն մասին է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տարիներ առաջ հավաքագրվել է ամերիկյան հետախուզության կողմից: Հետագայում ռուսական հատուկ ծառայությունների կողմից բացահայտվել է ամերիկյան գործակալների մի ամբողջ ցանկ, որոնց մեջ նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան է:



Հաշվի առնելով այն, որ այս պաշտոնյան ՀՀ կարեւորագույն տեղեկատվություն կրող է, այս տեղեկատվությունը ռուսական հատուկ ծառայությունները փոխանցել են ՀՀ նախագահին: Մեջբերում ենք գրությունից հատված. "ՀՀ նախագահը որոշ ժամանակ անց պատասխանել է ռուսական կողմին, որ որոշել է խուսափել սույն պաշտոնյային` որպես օտար երկրի համար լրտեսություն կատարող գործակալի հրապարակային բացահայտման սկանդալից, փոխարենը ստիպել է նրան գրավոր խոստովանություն տալ, որ նա համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ օգնել Հայաստանի ԱԱԾ-ին բացահայտել ԱՄՆ հատուկ ծառայությունների համար աշխատող այլ գործակալների անունները": Ըստ այդմ՝ "ԱԱԾ-ն շատ արագ կարողացել է բացահայտել Հայաստանում վերոնշյալ ծրագրի շրջանակներում գործող ամբողջ լրտեսական ցանցը: Ռուսական կողմի ճնշման ներքո այդ գործակալների ցուցակը փոխանցվել է Մոսկվային: Երկարատեւ ստուգումների արդյունքում ռուսական հատուկ ծառայությունները, սակայն, հայտնաբերել են, որ ներկայացված ցուցակը չի փոխանցվել ռուսական կողմին այն տեսքով, որ պատրաստվել է Հայաստանի ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:



Մինչեւ Մոսկվա ուղարկվելը այն, մի կողմից, համաձայնեցվել է ամերիկյան կողմի հետ, ինչի հետեւանքով որոշ առանցքային գործակալների անունները հանվել են, եւ, մյուս կողմից, ցուցակի մեջ խաբեությամբ մտցվել են նաեւ որոշ ազդեցիկ ընդդիմադիր գործիչների անունները, նպատակ ունենալով նման կերպ վարկաբեկել ընդդիմությանը Ռուսաստանի աչքերում, որպես արեւմտամետ ուժի": Ինչպես հասկացաք, սա երկրի անվտանգությանը վերաբերող հույժ գաղտնի տեղեկատվություն է, որը մասնավորապես բացահայտում է, թե ինչպես են հավաքագրվում "երկակի գործակալները", ինչպես է աշխատում երկրի անվտանգության համակարգը, ինչ սկզբունքներով են գործում հետախույզներն ու հակահետախույզները: Եթե անգամ այս տեղեկատվությունը լիովին համապատասխանում է իրականությանը եւ բացահայտում վերը նշված գաղտնի ծառայությունների խոհանոցը, մենք նման տեղեկատվությունը հրապարակելու մտադրություն չունեինք, քանի որ բացակայում էին համապատասխան ապացույցները: Էլփոստով ստացված նամակը կարող է, ինչպես ԱԱԾ-ն է ասում, ապատեղեկատվության փորձ լինել եւ երկրին, ինչպես նաեւ կոնկրետ մեր թերթին վնասելու նպատակ հետապնդել: Սակայն եթե մենք՝ լրագրողներս, զգույշ ենք եւ պետության շահերին վերաբերող տեղեկատվությունը հրապարակելիս առավելագույնս զգոն, ապա նույնը չի կարելի ասել մեր Ազգային անվտանգության ծառայության մասին: Ինչ-որ մի անանուն, անհասցե, անապացույց նամակն ինչո՞ւ է այսքան արագ ու նյարդային արձագանքի պատճառ դարձել, որն առավելապես խուճապի տպավորություն է թողնում: Մենք այս նամակին մեծ ուշադրություն չէինք դարձնի, եթե ԱԱԾ-ի արձագանքը չլիներ:



Այն ենթադրել է տալիս, որ գրությունն իրականում այնքան էլ անհիմն չէ, եւ գուցե դրա հետքերով գնալը հենց մեր երկրի ազգային անվտանգության շահերից է բխում: Մյուս կողմից՝ ԱԱԾ պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեր այս գրության պատմությունը բացահայտելու մեջ: Եթե երկրի անվտանգությամբ զբաղվող կառույցում չեն կարողանում մի գրության ծագումն ու էությունը բացահայտել, ինչպե՞ս են բացահայտելու եւ կանխարգելելու մեզ սպառնացող շատ ավելի մեծ վտանգները: Եւ հենց սա էլ կասկածի տեղիք է տալիս. գուցե իրավացի՞ են գրության հեղինակները, իսկ գուցե նրանք վտա՞նգ են ներկայացնում մեր երկրի համար: Մենք կսպասենք ԱԱԾ բացահայտումներին, սակայն պատրաստ ենք լսել եւ ամբիոն տրամադրել նաեւ նամակի հեղինակներին՝ եթե, իհարկե, նրանք բացահայտ հանդես գան: