Օգտակա՞ր, թե՞ անարդյունք հանդիպում

Օգտակա՞ր, թե՞ անարդյունք հանդիպում
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկար սպասված հանդիպումն Ալմաթիում այս օրերին ամենաքննարկվող թեման է: ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրով-Քուշներ-Սթայնբերգ համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերին հիշեցվում է  Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա  (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման) հակամարտությունը լուծելու պարտավորության մասին եւ կոչ արվում ամրապնդել փոխզիջման ոգին բանակցությունների շարունակման համար, ողողել է ողջ լրատվական դաշտը: Քաղաքագետներն Ալմաթիում սպասվող հանդիպումը ոչ "հերթապահ" էին որակում, իսկ Է. Նալբանդյանը մինչ Ղազախստան մեկնելը նույնիսկ հայտարարեց, թե Ալմաթիի հանդիպումը ցույց կտա` Ադրբեջանը կշարունակի՞ բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված փաստաթղթի հիման վրա, թե՞ ոչ: Հանդիպումից հետո արտգործնախարարը, ի տարբերություն իր ադրբեջանցի գործընկերոջ, հանդիպումն "օգտակար" է բնութագրել եւ կարեւորել, որ համանախագահող երկրները հայտնի սկզբունքների միջեւ գերակայություն չեն դնում, իսկ Էլմար Մամեդյարովը "անարդյունք" է որակել: Ըստ "Ժառանգության" ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի՝ Ալմաթիի հանդիպումը բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովող հերթական քայլ էր, ինչը վատ գնահատել չի կարելի, բայց խնդրի լուծման առումով որեւէ առաջընթաց այնտեղ չգրանցվեց: Նրա դիտարկմամբ՝ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հանդիպում ենք  "հիշեցրեցինք", "պնդեցինք", "ափսոսանք հայտնեցինք", "պատասխանատվությունը թողնում ենք կողմերի վրա" գծին, որտեղ էականն այն է, որ  եթե նախկինում ակնարկվում էր, որ ստատուս-քվոն այլընտրանք ունի, ապա այսօր ակնհայտ է, որ դրա փոփոխությունը կարող է  պատերազմը լինել: "Հայտարարությունն առաջին հերթին ադրբեջանական կողմի համար է արվել եւ լուրջ նախազգուշացումներ է պարունակում: Ադրբեջանը պետք է համարժեք հետեւություններ անի": Իսկ Ալմաթիում կայացած հանդիպման ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որով նա հերքել է տեղեկությունները, թե Հայաստանում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի մարդասիրական զորավարժանքների շրջանակներում հայ-թուրքական սահմանը կարճաժամկետ կբացվի, Սաֆարյանի գնահատմամբ՝ ցույց է տալիս, որ այսօր որեւէ ռեալ նախադրյալ չկա, թե սահմանը թեկուզ ժամանակավորապես կբացվի:   "Ցանկացած հանդիպում կարգավորման  գործընթացը խթանում է, այդ թվում այս հանդիպումը, բայց որեւէ հանդիպման նշանակություն ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել",-կարծիք հայտնեց "Հանրապետություն" կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ վերջին ամսվա ընթացքում 3-րդ հայտարարությունն է արվում միջնորդ երկրների կողմից:  Սուրենյանցը վստահ է, որ միջազգային ջանքերի ակտիվացումը հանգեցնելու է պատերազմի վերսկսման ռիսկերի նվազմանը: