Գետի գողությունը շարունակվում է

Գետի գողությունը շարունակվում է
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր տեղակալներով երեկ կեսօրին ստիպված էր անցկացնել Մարտունի-Երեւան մայրուղու վրա: Վերջինս իր դելեգացիայով գնացել էր բնակչությանը հորդորելու՝ դադարեցնել բողոքի ցույցն ու բացել պատնեշած ճանապարհը, սակայն ինքնաբուխ միտնիգը համալրվում էր նոր մասնակիցներով՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Իսկ միտինգի պատճառը Արգիճի գետի  ամենաջրառատ Գայլաձոր վտակի հունի փոփոխությունն է, որի մասին օրեր առաջ "Հրապարակն" ահազանգ էր ստացել Գեղարքունիքի մարզից, ըստ որի՝ Մարտունու հինգ գյուղերի՝ Մադինա, Վաղաշեն, Գեղհովիտ, Վերին եւ Ներքին Գետաշենների ոռոգման աղբյուր հանդիսացող Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը ՀԷԿ կառուցելու նպատակով փոխում են դեպի Վայոց ձոր: Գյուղացիների մտավախությունը չէր սահմանափակվում միայն հողատարածքների ոռոգումից զրկվելու վտանգով, այդկերպ նվազում էր Սեւանա լիճ լցվող ջրի քանակը, ինչպես նաեւ վտանգվում էր ձկնապաշարը: Ու թեեւ գետի մոտ շինարարական աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ ու եռանդով շարունակվում էին, սակայն այդ ամենից տեղյակ չէր Գեղարքունիքի մարզպետարանը, պարզապես այնտեղ կատարվող շինարարական աշխատանքները նկատել էին գյուղացիներն ու համայնքապետերի միջոցով չարագույժ լուրը հասցրել ղեկավարությանը՝ ընդհուպ վարչապետին: Միայն այս "շուխուրից" հետո պետական մարմինները իրար են խառնվել ու լծվել հետախուզական աշխատանքների՝ պարզելու եղելությունը: Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը շտապեց դեպքի վայր՝ ստուգումներ իրականացնելու եւ որոշ ժամանակ անց "Գետի հունը չի փոխվել վերտառությամբ" սրտառուչ պարզաբանում տարածեց լրատվամիջոցներով, թե պարզվել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներում ներկայիս Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Գայլաձոր վտակից (ջրատվությունը՝ 240 լ/վրկ.) դեպի նշված համայնքը տանող ջրատար (ջրառը՝ 87 լ/վրկ.):



2009թ.-ին ջրի կորուստները նվազեցնելու նպատակով "Զանգեզուր էքսիմպ" ՍՊԸ-ի կողմից իրականացվել են նշված ջրատարի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք անավարտ են: Այնպես որ, Արգիճի գետի հունի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս պարզաբանումը հավատ էր ներշնչել նաեւ տեղի բնակչությանը, որոնք վերադասի պաշտոնական բացատրությունը լսելուն պես փոքր-ինչ հանդարտվել էին՝ կարծելով, թե այլեւս գետի հունին վտանգ չի սպառնում, սակայն օրերս գյուղացիները դարձյալ դեպքի վայր են այցելել եւ տեսել, որ եռանդով շարունակվում է շինարարությունը, ինչը դադարեցնելու նպատակով պետական չինովնիկներից խաբված ու անելանելի վիճակում հայտնված բնակիչներն իրենց բողոքն արտահայտեցին Մարտունի մտնող ճանապարհի մոտ ցույց կազմակերպելով:



ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱ՞ՄԲ



Անդրադառնալով վերոնշյալ "Զանգեզուր էքսիմպ" ընկերությանը, նշենք, որ դեռեւս 2007 թվականից Աղնջաձոր համայնքի Կապույտ բերդ գետի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն է ստացել: Այս թույլտվությունից մեկ տարի առաջ Աղնջաձորի գյուղապետը համայնքի ոռոգման նպատակով բնապահպանության նախարարությունից Գայլաձոր վտակից 86 լ/վրկ. ջրի թույլտվություն է ստացել, մինչդեռ նախատեսված էր տվյալ տարածքի ոռոգման համար 20-25 լ: Այս երկու թույլտվություններից մի քանի տարի անց՝ 2009 թվականի  աշնանը, սկսվում  են վերոնշյալ ապօրինի շինարարական աշխատանքները Արգիճի գետի Գայլաձոր վտակի մոտ, ինչն էլ հաստատում է այն կասկածները,  որ գետի հունը փոխում են ՀԷԿ կառուցելու նպատակով, քանի որ, ըստ մասնագետների, ոռոգման նպատակով 20-25 լիտրն էլ բավական է: Թե որքանով կհաջողվի տեղի  բնակչությանը բոյկոտել ՀԷԿ-ի կառուցման վերոնշյալ ծրագիրը, ցույց կտա ապագան, իսկ երեկվա բողոքի ցույցն ավարտվել է մարզպետի՝ նախարարություն կատարած մեկ զանգով:



Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Գեղարքունիքի փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանը, բնպահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է հարցին լուծում տալ, ինչով էլ առայժմ  ավարտվել է բողոքի ցույցը: Նույնիսկ փոխմարզպետն է հավատացնում, որ եթե ՀԷԿ են կառուցում, ապա դա պետք է իրականացվի միայն գետի հունի փոփոխությամբ. "Եթե ՀԷԿ են կառուցում, գետի հունը պիտի փոխվի, ուրիշ տարբերակ չկա: Շուրջ 30 տարի առաջ 21 լ ջրի թույլտվություն է եղել Վայոց ձորի մարզ, իսկ հիմա, ըստ ժողովրդի ու Վլադիմիր Մովսիսյանի գրության՝ 86 լ թույլտվություն է գրանցվել, իսկ այդքան ջուրը ամբողջական քանակն է, խողովակների վերանորոգման խնդիր չի, քանի որ տեղադրված է եղել 215 մմ տրամաչափի, իսկ հիմա՝ 520-ի, դա ժողովուրդը տեսնում է": Սակայն եթե նույնիսկ ՀԷԿ-ի կառուցման նպատակով չի փոխվում գետի հունը, ապա դա չի նշանակում, որ անմեղ բան է նշված քանակով՝ 86 լ ջրառը: Ըստ նախագահին կից Սեւանա լճի հանձնաժողովի նախագահ  Յուրի Ջավադյանի՝ 20-25 լիտրն էլ բավական է Վայոց ձորի տվյալ համայնքի ոռոգման համար. "Արգիճի գետի վտակը Սեւանի բալանսի մեջ է, ոչ մի լիտրի համար ոչ մեկը իրավունք չուներ թույլտվություն տալու: Խեղաթյուրված է այդ թույլտվությունը: 20 լիտրի փոխարեն ստացել է 86 լիտրի թույլտվություն եւ ունի 1,5 կմ կառուցած ջրագիծ, որը լավ վիճակում է եւ ջուր տանում է: Ոռոգումից հետո մյուս ամիսներին Սեւանի բասեինից ջուրը տեղափոխում է Արփայի բասեինը, իսկ մենք միլիարդներ ենք ծախսում, որ 1 լիտր ավել բերենք, սակայն 62 միլիոն խմ ջուր պակասելու է Սեւանից":



ՀԳ - Չնայած պետական չինովնիկներից ոչ ոք "հաստատ" չկարողացավ նշել, որ ՀԷԿ կառուցելու նպատակով են Սեւանին ջրից, բնակչությանն էլ ապրուստից զրկելու, սակայն, հաշվի առնելով տեղադրված խողովակների տրամաչափը, "ոռոգման նպատակով" ջրառի ու ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը, կարելի է ենթադրել, որ  գյուղապետը, բնապահպանության նախարարությունն ու "Զանգեզուր էքսիմպը" հանցավոր պայմանավորվածության են եկել ոռոգման պատրվակով ջուր կորզելու՝ հետագայում ՀԷԿ կառուցելու ծրագիրը կյանքի կոչելու համար: