Անհասկանալի մութ պատմություն

Անհասկանալի մութ պատմություն
Մեկ-երկու տարի առաջ Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը հայտարարեց, որ Գլենդելում հանգանակված 250 հազար ԱՄՆ դոլարը հատկացվելու է Կապանի  ծննդաբերական բաժանմունքի  մասնաշենքի նորոգմանը: Պատվիրակներ եկան, ճշտեցին, ու հանկարծ պարզվեց, որ մասնաշենքը սեփականաշնորհվելու է: Այդ օրվանից հարցը մտավ փակուղի: Սփյուռքահայերը հրաժարվեցին գումարը  հատկացնել, պահանջելով գրավոր որոշում, որ շենքը չի սեփականաշնորհվելու: Հետո կառավարության պատասխանատու պաշտոնյաները նշեցին, որ շենքը հանվել է մասնավորեցման ցուցակից: Սակայն կասկածամիտ ամերիկահայերն այս անգամ էլ ասացին, որ շենքը թող հանձնվի համայնքային ենթակայության: Կապան հերթական այցի ժամանակ՝ այս տարվա ապրիլին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը վստահեցրեց, որ հարցը կլուծվի հօգուտ համայնքի՝ պարզապես ճշտումներ են պետք: Տարբեր պաշտոնյաներ, չգիտես ինչու, վերջին մեկ շաբաթում  խուսափում են  պատասխանել լրագրողական մեր հարցապնդումներին: Ի վերջո, առողջապահության   նախարարության  դիրքորոշումը  ճշտելու  համար  դիմեցինք  ԱԺ  պատգամավոր  Նաիրա  Զոհրաբյանին։  Լրագրողական  համերաշխությունից  ելնելով,  նա խոստացավ  իր  կուսակցից  մանրամասներ  իմանալ  ծննդատան  ճակատագրի  վերաբերյալ։  Ապա պատգամավորը  տեղեկացրեց,  որ  շենքը   համայնքին  կհանձնվի  միայն  հստակ ծրագրի  եւ  100% -ոց  ներդրողների   առկայության  դեպքում։  Կառավարությունը  կամ այս պարագայում առողջապահության  նախարարությունը  երաշխիքներ  չունի,  որ ծննդատունը  կհիմնանորոգվի, կհագեցվի  նորագույն  սարքավորումներով։



Կլինի  ծրագիր,  կլինի խոշոր  գումար, նոր  արդեն  կքննարկվի  նման  տարբերակը։ Բոլորին հետաքրքրում է շենքի ճակատագիրը, բոլոր պաշտոնյաները պատրաստակամ են քննարկելու հարցը, բայց տարօրինակ է, որ ոչ ոք չի ուզում հրապարակավ դիրքորոշում ասել:     Քննարկումները   նաեւ   բազմաթիվ  նոր   հարցեր  առաջ  բերեցին։ Օրինակ,  ինչո՞ւ  է  այս  հարցում  այդքան  համառում  գլենդելյան   միությունը։   Հանգանակված գումարով ի՞նչ  են ուզում անել՝  հիմնանորոգե՞լ  եռահարկ  շենքի  մի մասը,  թե՞  օժանդակել  Կապանի  ծննդօգնության  ծառայությանը։  Համաշխարհային բանկի   օպտիմալացման  ծրագրում  նշված  է, որ  կրճատվում է  Կապանի բժշկական կենտրոնի մահճակալների  թիվը   ու   5  բուժական  մասնաշենքերից  3-ում  կկենտրոնացվեն   բաժանմունքները։ Ազատվում է նաեւ ծննդաբերական   մասնաշենքը։  Ըստ այդ ծրագրի, մահճակալների  ներկա  ծանրաբեռնվածությունը 26%  է։  Վերջին  մի  քանի   տարիներին  Կապանում  ծնունդների  թիվը չի գերազանցել   500-ը:   Առողջապահության  նախարարությունը   նման  պայմաններում  գտնում է, որ   եռահարկ   ծննդատուն  պահել նպատակահարմար չէ:  Գլենդել-Կապան  քույր  քաղաքների  միությունը  սպասում  է կառավարության   որոշմանը։ Ըստ որոշ տեղեկությունների, հարցն անընդհատ հանվում է նիստերի օրակարգից:



Սակայն տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը տեղեկացրեց, որ հարցը կառավարություն չի տարվել: "Մի քանի նախարարություններ զբաղվում են խնդրով: Հիմնականում առողջապահության նախարարությունը: Վերջինս Կապանի քաղաքապետարանին տեղեկացրել է, որ պատրաստ է Գլենդելի հետ քննարկել հարցը, որովհետեւ հանգանակած գումարով հնարավոր չի լինի այդ շենքը հիմնովին նորոգել",-ասաց  փոխնախարարը: Մի խոսքով, կառավարությունը  սպասում  է բիզնես-ծրագրի։   Կգտնվի՞  արդյոք   փոխզիջումային  տարբերակ։  Ինչո՞ւ  են  ամերիկահայերը  նախապայմաններով  օգնության  ձեռք  մեկնում։  Այս  հարցերն  ունեն  պատասխաններ,  որոնք  դեռ հիմնավորված չեն:



Արմեն ԴԱՎԹՅԱՆ