Գունավոր սրտերը` քննության պատասխաններ

Գունավոր սրտերը` քննության պատասխաններ
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն, ներկայումս ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը երբ լոլոներ էր երգում միասնական քննությունների մասին, բավականին ձանձրալի չինովնիկի տպավորություն էր թողնում: Սակայն բանից պարզվում է՝ այս անհատականությունը շատ ուժեղ զարգացած երեւակայություն ունի, որի շնորհիվ հնարավոր է դառնում անգրագետ դիմորդների մուտքը բուհեր: Բայց եթե այս ամենի հետ կարողանար իր եզակի մտահղացումների տարածման կանխարգելման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, ապա իր գրպանի համար շատ ավելի արգասաբեր կլիներ: Խոսքը միասնական քննությունների թեստերի պատասխանների արտահոսքի մասին է, որը եղել է ամենազավեշտալի եղանակներով: "Հրապարակն" արդեն սգրել է դրանցից մեկի՝ գրիչի հետ կապված մախինացիայի մասին: Հիշեցնենք, որ որոշ հնարամիտներ, առավոտյան թեստերի ծրարները  բացելուն պես, առաջադրանքների ճիշտ պատասխանները մանր տառերով տպելուց հետո սոսնձել են գրիչների վրա: Եւ քանի որ գոյություն ունեն թեստերի չորս տարբերակներ, "գնված" դիմորդներին բաժանվել են չորս գրիչներ, որից հետո դիմորդը քննություն է հանձնել՝ համապատասխան գրչի "զորությանն" ապավինելով: Սակայն կրթության պատասխանատուների ֆանտազիան այսքանով չի սահմանափակվել: Մյուս  մախինացիան կառուցվել է սիրո հողի վրա: Ոլորտի գիտակները, հաշվի առնելով  դիմորդների տարիքային առանձահատկությունը, մյուս հնարամտությունը  դրսեւորել են սրտիկների ձեւաչափով:



Նրանք առաջադրանքների ճիշտ պատասխանները շպարգալկայի վրա նշել են երփներանգ սրտերով: Օրինակ, առաջադրանքների պատասխանների չորս տարբերակները ոչ թե թվերով են համարակալել, այլ գույներով: Այսինքն՝ յուրաքանչյուր գույնը մի թիվ է խորհրդանշել: Չնայած չորս տարբերակներին, սրտերը հինգն են եղել, դրանցից մեկն անգույն է եղել, դա էլ դիտավորյալ են բաց թողել: Ասենք՝ 15 միավորանոց առքուվաճառքի ժամանակ մի քանի  առաջադրանքների պատասխանների մոտ սպիտակ սիրտ են նկարել, թողնելով դիմորդի հայեցողությանը, ճիշտ-սխալ՝ կարեւոր չէ,  որպեսզի 15-ի բալանսը պահպանվի: Մի խոսքով, այս առեւտրի ծրագիրը մշակելիս ԳԹԿ-ում հաշվի չեն առել ինդիվիդուալ մոտեցումը, եւ ունիվերսալ շպարգալկան հասանելի է եղել բոլորին: Ու մի շարք ճարպիկ "գնորդներ", առիթից օգտվելով, իրենց ծախսը կոմպենսացնելու նպատակով՝ ներկված սրտերով չորս տարբերակներից երեքը վերավաճառել են տեղում: Կարճ ասած՝ ակամա ստեղծվել է անարխիա, եւ պատասխանների արտահոսքը ով ինչպես կարողացել է՝ օգտագործել է: Երբ Մանուկ Մկրտչյանից փորձեցինք մանրամասներ լսել այս առեւտրի մասին, ասաց, որ հերյուրանք է, եւ՝ "ինչի՞ պիտի ԳԹԿ-ն այդպիսի բան անի":



ՀԳ - Այս ֆոնին ամենածիծաղելին այն է, որ  մինչ ընդունելության քննությունները, հատուկ ասուլիս են հրավիրում եւ վստահություն ներշնչող հայտարարություններով հանդես գալիս, օրինակ, որ թեստերը հասել են Լոնդոն ու տպագրվում են  ամենագաղտնի փաստաթղթեր տպագրող տպարանում, ապա մի հատ էլ ասուլիս հրավիրում՝ նվիրված թեստերի ողջ-առողջ վերադարձին: Իսկ այս լոնդոնյան ճամփորդության ընթացքում ՀՀ-ում ֆանտաստիկ բիզնես-պլաններ են մշակվում: