Կինոյի տոնն ավատրվեց

Կինոյի տոնն ավատրվեց
Կինոփառատոնները ոչ միայն ֆիլմ դիտելու, մրցանակներ ստանալու հնարավորություն են, այլեւ իսկական կինոյի տոն, կինոհրավառություն: Այսպիսի կինոփառատոն է նաեւ "Ոսկե ծիրանը": Կինոփառատոնի մեկ շաբաթվա ընթացքում կինոաշխարհի մարդիկ ոչ միայն դիտեցին հեղինակային ֆիլմերի լավագույն նմուշներ, այլեւ մասնակցեցին վարպետության դասերի, հանդիպեցին բացօթյա սրճարանում, զրուցեցին ֆիլմերի, երեւանյան շոգի ու հայկական հյուրասիրության մասին, լսեցին ջազ, մի խոսքով՝ կինոյի տոնը ստացվեց: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, որ նստած "Գոլդեն թուլիփ" հյուրանոցի ֆոյեում սրճում էր, հարցրի, թե ինչպես է. "Հոգնած, բայց շատ երջանիկ: BBC-ից զանգեցին եւ հարցազրույց վերցրեցին, ու հարցն էսպիսին էր. "Ո՞րն է ձեր փառատոնի հաջողության գաղտնիքը, այսօր աշխարհի լավագույն կինոռեժիսորները եկել են մասնակցելու ձեր փառատոնին...": Ես էլ պատասխանեցի, որ հենց սկզբից մենք նպատակ ունեինք անելու հեղինակային կինոյի փառատոն: Առաջին տարիներին շատ դժվար էր, որովհետեւ հեղինակային կինոյի մարդիկ շատ բարդ մարդիկ են, խուսափում են փառատոններից, ձեւից, որովհետեւ իրենք շատ ավելի արվեստի մարդիկ են, քան շոու-բիզնեսի: Սկզբում դժվարությամբ էին բերում մեկ-երկուսին, բայց երբ անցավ մի քանի տարի, ես հասկացա, որ աշխարհը գիտի, որ այսօր հեղինակային կինոյի կենտրոններից մեկը հենց Երեւանն է: Ես երջանիկ եմ, որովհետեւ մենք գտանք մեր տեղը, այսպիսի ընդգծված հեղինակային կինոյի փառատոն գոյություն չունի: Իմ երազանքը, ցանկությունը, նպատակն այն է, որ հեղինակային կինոն դառնա ազգային չափանիշ: Ամենամեծ ձեռքբերումն է այն, որ այսքան երիտասարդներ են գալիս հեղինակային ֆիլմ դիտելու, մինչ այդ երկու-երեք սերունդ չգիտեր կինոթատրոնում ֆիլմ նայելն ինչ է: Այս էներգիան շատ բան է տալու երիտասարդ կինեմատոգրաֆներին՝ ե՛ւ ճաշակ է տալու, ե՛ւ ուժ, ե՛ւ հետաքրքրասիրություն": "Ոսկե ծիրանի" մասին իրենց կարծիքը հայտնեցին նաեւ այլ կինոգործիչներ:



Սուրեն Հասմիկյան - Անշուշտ, փառատոնը կայացել է, տարեցտարի զարգանում է: Ամենակարեւորը՝ հանդիսատես կա: Ինձ համար հետաքրքիր է անշուշտ նայել դրսի ֆիլմերը, անշուշտ, հնարավոր չէ ամբողջովին պատկերացում կազմել, բայց այնուամենայնիվ մոտավորապես պարզ է դառնում, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, եւ պետք է ասեմ՝ բավականին տխուր պատկերացում: Եթե ես մեր կինոգործիչներին չեմ ներում, ինչո՞ւ պետք է ներեմ նրանց: Կինոյում այս տխուր վիճակը ես կապում եմ ինտերնետային մշակույթի հետ, որը հիմա գրավել է ողջ տարածքը եւ ազդում է մարդու իրական կյանքի, հոգեբանության վրա, լուրջ փոփոխություններ են տեղի ունենում մարդու էության մեջ: Այս երրորդ իրականությունը մի կողմից չես կարող կանխել, դա պրոգրես է, բայց չափազանց մեծ սպառնալիք նաեւ մարդկության համար, եւ դրա պտուղները մենք արդեն տեսնում ենք: Մարդիկ հետ են վարժվել իրար աչքերի մեջ նայելուց, դա զգացվում է նաեւ կինոյում:



Զավեն Բոյաջյան - Պատկերացում կազմեցինք, թե դրսի փառատոններում ինչ տենդենցներ են տեղի ունենում, ինչ ֆիլմեր են նկարահանվում, բայց պետք է ասեմ, որ բոլոր փառատոններում էլ շատ հաճախ իշխողը ձանձրույթն է, որովհետեւ նախկին արժեքները, որոնք ներկայացվում էին, այսօր արդեն ժամանակավրեպ են, իսկ նոր արժեքներն էլ նախկինների մակարդակին դեռ չեն հասել, դրա համար միջակ ֆիլմեր շատ կարելի է տեսնել, որոնք բազմաթիվ մրցանակներ են շահել, եւ հակառակը՝ շատ լավ ֆիլմեր կարելի է դիտել, որոնք ոչ մի մրցանակ էլ չեն ստացել: Հանդիսատեսը ցնցումներ չի ապրում՝ հուզական, էսթետիկ, որը կինոյի կարեւոր գործառույթներից մեկն է, բայց դա գալիս է այն իրողությունից, որ այսօրվա կինոն արդեն երեկվա կինոն չէ: Երեկվա կինոն արվեստի կինոն էր, այսօր Հոլիվուդն իշխել է ամբողջ աշխարհը:



Վահրամ Մարտիրոսյան - Հանդիսատեսը, որ շատացել է՝ դա փայլուն է: Կատարվում է վերադարձ դեպի կինո, ընդ որում՝ շատ որակյալ հանդիսատես է: Ինչ վերաբերում է ֆիլմերի որակին, անունների իմաստով այս տարվա փառատոնը նախկիններին չի զիջում: Ուղղակի ես կարող եմ ասել, որ սա Հայաստանի ամենապայծառ իրադարձություններից մեկն է այսօր, ամենագեղեցիկ օրերից: Իսկապես տոն է եւ ստացված տոն: Մարդիկ փոքր գումարով կամ անվճար լավ ֆիլմեր են դիտում, հանդիպում են միմյանց, զրուցում են: Առավոտից մինչեւ ուշ գիշեր կինոյին վերաբերող մի հրաշալի ընթացք է այս փառատոնը, որը ստեղծվել է մի մարդու՝ Հարություն Խաչատրյանի խանդավառությամբ: Իրականության հետ հաշվի չնստելու արդյունք է սա, որովհետեւ Հարությունը չի հավատացել, որ սա հնարավոր չէ իրագործել, երբ շատ-շատերը չէին հավատում:



ՀԳ - Հուլիսի 17-ի երեկոյան "Մոսկվա" կինոթատրոնում տեղի ունեցավ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի փակման արարողությունը: Այն հումորով եւ բավական աշխույժ վարեց Սերժ Ավետիքյանը: "7-րդ փառատոն... 7-րդ օր, եւ հավես չունենալ փառատոնը փակելու...",- ասաց նա: Դահլիճը լեփ-լեցուն էր, այնպես որ, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր ամբողջ խմբի հետ ոտքի վրա կանգնած էր դիտում փակման արարողությունը: Նրանք հոգնած էին, բայց դեմքերը միայն բավականություն էին արտահայտում: Ատոմ Էգոյանը` նույնպես ոտքի վրա, փոքրիկ տեսախցիկով իր կինոռեժիսորի գործը չէր մոռացել եւ հատ-հատ նկարում էր հանդիսատեսի դեմքերը: Այսպիսով, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում "Ոսկե ծիրան" գլխավոր մրցանակը ստացավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի "Կոսմոս" ֆիլմը: Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում մրցանակը տրվեց Պավել Կոստոմարովին՝ "Երկուսով" ֆիլմի համար: Հայկական համայնապատկերում "Ոսկե ծիրան" ստացան  Արման Երիցյանն ու Իննա Սահակյանը՝ "Հայաստանի վերջին լարախաղացը" ֆիլմի համար: Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի "Ճանապարհին" ֆիլմը: Էկումենիկ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի "Մի նայիր հայելուն" ֆիլմին: Փակման արարողությունից հետո ցուցադրվեց Սերժ Ավետիքյանի՝ Կաննի "Ոսկե արմավենին" շահած "Շան պատմություն" ֆիլմը: Այն հուզեց հանդիսատեսին, եւ երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում: Իսկ փառատոնի ավարտից հետո Սերժ Ավետիքյանին ուղղակի հնարավոր չէր "բռնացնել": Հարցին, թե առաջընթաց կա՞ "Ոսկե ծիրանում", վերջինս պատասխանեց. "Միշտ էլ տարբերություն կա, ամեն տարի լինում է կատարելագործման պրոցես, դա նշանակում է, որ "Ոսկե ծիրանը" պետք է դիմանա եւս 3 տարի, դառնա 10 տարեկան ու դառնա հսկա մարդ: Նոր, վավերագրական ֆիլմ եմ նկարում, հուսով եմ՝ մյուս անգամ կգամ ոչ թե հյուրի կարգավիճակով, այլեւ ֆիլմս մրցույթին կներկայացնեմ":