Օմբուդսմենը սկսեց զբաղվել գետի գողության հարցով

Օմբուդսմենը սկսեց զբաղվել գետի գողության հարցով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` Արգիճ գետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:



Հարգելի պարոն Հարությունյան



Սույն թվականի հուլիսի 19-ին և 20-ին մի շարք լրատվության միջոցներում հրապարակվել են հոդվածներ, որոնք վերաբերում են Սևանա լիճը սնուցող աղբյուրներից մեկի` Արգիճի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանին: Ըստ լրատվամիջոցների այդ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կարող է հարևան համայնքների և տնտեսությունների ոռոգման ջրից զրկվելու պատճառ հանդիսանալ, ինչպես նաև վնաս հասցնել Սևանի ձկնաշխարհին, քանի որ Արգիճը Սևանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն վայր է:



Հրապարակումների համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարությունը հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվություն է տվել "Հիդրոկորպորացիա" ՍՊԸ-ին, որն իր հերթին այն վաճառել է ՙԶանգեզուր Էքսպին՚ ՍՊԸ-ին: ՀՀ բնապահպանության նախարարությունն արգելել է որևէ գործունեության իրականացում` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության փաստաթղթերի բացակայության պատճառով:



Միաժամանակ նշված է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է կառուցել 250 մմ խողովակներով ջրատար, սակայն խողովակները 530 մմ տրամագծով են` ինչը ենթադրում է ավելի մեծ քանակությամբ ջրի օգտագործում:



Հաշվի առնելով, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները հակասական են, ղեկավարվելով "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ հայտնել` արդյոք գոյություն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Առկայության դեպքում ուղարկել դրա, ինչպես նաև կառուցապատման հետ կապված մյուս փաստաթղթերի պատճենները:



Նկատի ունենալով հարցի հրատապությունը` խնդրում եմ պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում:



Հարգանքով` Արմեն Հարությունյան