Հապճեպ նիստ Գայանե Բաբայանի գործով

Հապճեպ նիստ Գայանե Բաբայանի գործով
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հրապարակախոս, "Հրապարակի" լրագրող Գայանե Բաբայանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատավարությունը: Ամբաստանյալի աթոռին նրան վրաերթի ենթարկած "Հունդայի Սոնատա" մեքենայի վարորդ, գործազուրկ Վահան Եղիազարյանն էր: Նա ծնվել է Վարդենիսից ոչ հեռու գտնվող Ծովակ գյուղում, իսկ այժմ Երեւանի 4-րդ գյուղի բնակիչ է: Վահան Եղիազարյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (Քրօր.-ի 242-րդ հոդված, երկրորդ մաս): Այս հանցանքի համար, որը Եղիազարյանն ընդունել է, նրան սպասվում է 2-5 տարվա ազատազրկում: Երեկ դատարան էին ներկայացել Եղիազարյանի ընկերներն ու բարեկամները, նույնիսկ ավտովթարին ականատես երկու վկաներ, որոնք, ըստ երեւույթին, պատշաճ ծանուցվել էին նիստի մասին: Մինչդեռ տուժող կողմի համար նիստն անակնկալ էր: Դատարանի քարտուղարությունից տուժողի հարազատներին խոստացել էին առնվազն տասն օր առաջ հայտնել նիստի օրն ու ժամը, սակայն Գայանե Բաբայանի իրավահաջորդը՝ նրա դուստր Լիզան, ծանուցագիրը ստացել էր դատից ընդամենը 20 րոպե առաջ, թեեւ քաղաքից չէր բացակայել: Քարտուղարությունից պատճառաբանեցին, թե պատճառը փոստային ծառայության թերի աշխատանքն է: Բացառված չէ, սակայն, որ այս թվացյալ անփութության նպատակը դատարանի դահլիճում լրագրողների ներկայությունից խուսափելն էր:



Ինչեւէ, տուժող կողմը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ այս հապճեպ նիստին չէր հասցրել պատրաստվել: Կասկածելի թվաց նաեւ մեղադրող դատախազ Սեփոյանի պահվածքը: Նրա հարցերից մեկը թերեւս ավելի օգտակար էր ոչ թե տուժողին, որի հետ , ըստ օրենքի, նրանք դատավարության մեղադրանքի կողմն են համարվում, այլ պաշտպանական կողմին: Երբ իր ինքնությունը ներկայացնող Վահան Եղիազարյանը, պատասխանելով նախագահող Ավետիսյանի հարցին, ասաց, որ ինքն առողջ է, մեղադրողը հարցրեց նրան, որ եթե առողջ է, ապա բանակից ինչպե՞ս է ազատվել հիվանդության պատճառով: Արդյունքում, իրավախախտ վարորդը "հիշեց", որ հաշմանդամ է: Իսկ երբ դատավորը տեղեկացրեց նրան, որ ինքը կարող է պաշտպան ունենալ, Եղիազարյանը որոշեց մյուս նիստին փաստաբանով ներկայանալ: