ՀՀՇ-ում նոր զարգացումնե՞ր են սպասվում

ՀՀՇ-ում նոր զարգացումնե՞ր են սպասվում
ՀՀՇ 16-րդ համագումարը, որը միտված էր լուծում տալ ՀՀՇ ներքին խնդիրներին, դժգոհություն է առաջացրել ոչ միայն ՀՀՇ-ից հեռացած Կարապետ Ռուբինյանի, այլեւ կուսակցության այլ անդամների մոտ: Այսօր ՀՀՇ-ում լուրջ դժգոհություն կա, եւ դեռ հարց է՝ մի՞նչ համագումարն էր ՀՀՇ-ն ավելի մոտ պառակտմանը, թե՞ համագումարից հետ:



ՀՀՇ-ականներին չի բավարարել փաստը, որ կուսակցության ղեկավարության փոփոխության հիմք դարձած տեղեկությունը՝ Խաչատուր Քոքոբելյանին վերագրվող՝ իշխանությունների հետ համագործակցելու մեղադրանքը որեւէ կերպ չի մեկնաբանվել, որեւէ ապացույց ՀՀՇ-ականներն այդպես էլ չեն տեսել: Ամեն ինչ եղել է խոսակցությունների մակարդակով: Այնպես որ, ՀՀՇ-ում կարծում են, որ դա պարզապես խարդավանք էր կուսակցության մի թեւի նկատմամբ. պարզապես ոմանք ցանկացել են փոխել կուսակցության ղեկավարությունը: Ավելին՝ որոշ ՀՀՇ-ականներ կարծում են, որ որոշակի օգտագործվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահությունը, ու նրա ականջին փսփալով՝ նրան էլ են խառնել այս գործին: Համագումարից առաջ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ հրավիրվել են մեկի ամառանոցում ծիրան ուտելու, եւ նրանց է բաժանվել մի գրություն՝ մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ, թե Խաչատուր Քոքոբելյանն անհարիր պահվածք է ունեցել, եւ մենք՝ ՀՀՇ վարչության անդամներս, չենք ուզում, որ նա լինի մեր շարքերում: Որեւէ փաստ, ապացույց "հանցագործի" մեղավորության մասին չի ներկայացվել: Ամեն ինչ եղել է խոսքերի մակարդակով: Արարողությանը ներկա ՀՀՇ վարչության անդամները ստորագրել են թղթի տակ՝ հաստատելով, որ իրենք չեն ուզում, որ Քոքոբելյանը լինի իրենց շարքերում: Զարմանալիորեն նույն այդ մարդիկ ՀՀՇ համագումարում, ի տարբերություն այլոց, վերընտրվել են ՀՀՇ նոր վարչության կազմում, իսկ Արամ Մանուկյանը դարձել է ՀՀՇ նախագահ:



Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանի նամակին, ապա ՀՀՇ-ում դրան միանշանակ չեն վերաբերվում: Մի մասն ասում է, որ Ռուբինյանը պարզ մտահոգություն է հայտնել, ինչ տեսել է, այն է գրել, եւ որ նրա գրածը ճիշտ է: Մյուս՝ վարչության կազմում ընտրված մասն ասում է, թե Ռուբինյանը համագումարում այլ ելույթ է ունեցել, հետո, որ նա մի քանի անգամ լքել է կուսակցությունը, ապա վերադարձել:



ՀՀՇ շարքերը լքած Կարապետ Ռուբինյանի նամակում ՀՀՇ վարչության թեկնածուների "օրինակելի ցուցակի" ու Տեր-Պետրոսյանի ցուցումների հետ կապված մեր հարցից ՀՀՇ նոր ղեկավարությունը՝ Արամ Մանուկյանը, երեկ վիրավորվեց, թե իրենք ինչի ցուցումներով ղեկավարվո՞ղ են: ՀՀՇ-ականներ կան, որ ասում են, որ դա ճիշտ է, նման ցուցակ եղել է: Ավելին՝ մինչ համագումարը Տեր-Պետրոսյանը մի քանիսին կանչել է իր մոտ եւ բաց տեքստով ասել, թե իր համար ցանկալի կլիներ, որ այդ մարդիկ ընտրվեին: Միեւնույն ժամանակ դա եղել է ցանկության մակարդակով, ստիպողական որեւէ բան չի եղել: Այսինքն՝ որեւէ մեկին չէին պատժելու, եթե նա ընտրեր ցուցակում չեղած թեկնածուին. թերեւս դեր է խաղացել վստահությունը Տեր-Պետրոսյան առաջնորդի նկատմամբ: Այլ հարց է, թե ինչու է նման ցուցակ ընդհանրապես եղել: Ցուցակի մասին մինչ համագումարն արդեն տեղյակ են եղել որոշ ՀՀՇ-ականներ՝ անգամ վարչության անդամներ, ու նաեւ այդ պատճառով ոմանք չեն մասնակցել ՀՀՇ համագումարին:



Երեկ երբ այցելեցինք ՀՀՇ, նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը բավական ժամանակ գրասենյակում չէր: Երբ եկավ, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե այսօր ասուլիս է հրավիրելու: Նորընտիր նախագահին հատկապես նյարդայնացրել էր ՀՀՇ համագումարի լուսաբանումը մամուլում:



Այսօր ՀՀՇ-ի ներսում կրքերը եռում են, եւ քանի որ, ի տարբերություն շատ կուսակցությունների, ՀՀՇ-ն նաեւ մտածող մարդկանց կուսակցություն է, որոշ ՀՀՇ-ականներ ոչ մի կերպ չեն հաշտվում կատարվածի հետ:  "Ինքնուրույն մտածող մարդիկ հեռացվեցին ՀՀՇ վարչությունից",- ասում են նրանք: Նրանցից ոմանք կարծում են, որ կուսակցությունում կատարված փոփոխություններից հետո ՀՀՇ-ն կդառնա ավելի վերահսկելի, եւ բոլոր որոշումները կընդունվեն առանց քննարկման, ինչն անընդունելի է նրանց համար, ովքեր ՀՀՇ-ն համարում են գաղափարական կուսակցություն եւ անհնար են համարում նման մոտեցումը ՀՀՇ-ի նկատմամբ: Ուստի ՀՀՇ-ում նոր զարգացումներ են սպասվում: