Մանկապղծության օրրանի ատեստատը` որպես խարան

Մանկապղծության օրրանի ատեստատը` որպես խարան
Մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, որը հեռացվեց աշխատանքից նույն դպրոցի մանկապիղծ ուսուցչին անառակաբարո գործողությունների համար դատապարտելուց հետո, դիմել է վարչական դատարան ընդդեմ կրթության եւ գիտության նախարարության՝ աշխատանքի վերականգնման պահանջով: Այսօր 15:00-ին այս գործով առաջին նիստն է, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ: Երիտասարդ ակտիվիստների խումբը, որ ակցիաներ էր կազմակերպում Լեւոն Ավագյանի դատաքննության ժամանակ, այսօր էլ ցուցապաստառներով շարվելու է վարչական դատարանի առաջ: Նրանք պահանջելու են, որ տարեց տնօրենի հայցը մերժվի: Վերջինս թիվ 11 դպրոցում աշխատել է անցյալ դարի 70-ական թվերից եւ ոչ մի կերպ չի ցանկանում պարտվել: Երկու տարի առաջ, երբ Էրեբունու ոստիկանությունում թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ նոր-նոր նյութեր էին նախապատրաստվում, Ենգիբարյանը նույն համառությամբ հայտարարում էր, որ Լեւոն Ավագյանը մեղավոր չէ, եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին խոսակցությունները այդ հիվանդ երեխաների հիվանդ երեւակայության ծնունդն են: Հետագայում հարցաքննված երեխաները պատմեցին, որ մի քանի անգամ դայակների եւ դաստիարակների, նաեւ Ենգիբարյանի կնոջ՝ Սուսաննա Ենգիբարյանի միջոցով փորձել են հայտնել տնօրենին իրենց ստորացումների մասին, բայց ապարդյուն՝ աղջիկներին ոչ ոք չի հավատացել: Գործում կան նաեւ հատուկ դպրոցի նախկին սաների վկայությունները, որոնք պնդում էին, որ Մերուժան Ենգիբարյանը երիտասարդ տարիներին սիրել է երեխա ծեծել եւ նույնիսկ հաճույք է ստացել այդ պրոցեսից: Իսկ դպրոցի վերջին շրջանավարտները, մասնավորապես Հասմիկ Սինանյանը, պատմում են, թե պատիժների ինչ համակարգ է գործել հատուկ դպրոցում: Ըստ նրա, երեխաներին կանգնեցնում էին մեկ ոտքի վրա եւ ստիպում, որ մյուս ոտքը հետ տանելով ու հատակից կտրելով, ինչ-որ ժամանակ մնան այդ դիրքում: Պատժի այս տեսակը կոչվում էր "սամոլյոտ": "Երբ դպրոց ստուգողներ էին գալիս, մեզ ստիպում էին մաքրել ամբողջ շենքը, իսկ մեր միջի նորմալներին ասում էին, որ մեզ էնպես պահենք, թե իբր մենք պակասավոր ենք, դալտոնիկ", - պատմել է Հասմիկ Սինանյանը Հանրային հեռուստատեսության "Հատուկ գոտի" հաղորդման եւ "Հայլուրի" եթերում: Նա այսօր էլ դժկամությամբ է հիշում իր դպրոցական չարչարանքները եւ նույնիսկ հրաժարվել է դպրոցի ավարտական փաստաթուղթը ստանալ, համարելով, որ դա խարան է իր ճակատին: