Գայլերը հարձակվում են լոռեցիների վրա

Գայլերը հարձակվում են լոռեցիների վրա
Հուլիսի 18-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի է ունեցել գայլերի հերթական հարձակումը: Եթե նախորդ տարի գայլերը անասունների վրա հարձակվում էին սարերում, այս տարի նրանք իջնել են գյուղ: Գայլերը հարձակվել էին նաեւ գարնանը, հենց գյուղում` տան մոտից քարշ էին տվել ավանակին, մի մասը կերել էին, մի մասն էլ թողել ու հեռացել: Բնակիչները նշում են, որ ամեն դեպքից հետո դիմել են որսորդմիություն, այնտեղից եկել են, շրջել սարերում ու հեռացել: Խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանի հետ, որն ասաց. "Մի քանի օր առաջ է վերջին դեպքը եղել. եւ ավանակ են տանում, եւ ձիու վրա են հարձակվել, գարնանն էլ 6 ցուլ էին խեղդել": Բնակիչները գայլերի այս հարձակումներից այնքան են վախեցել, որ կարծում են, թե մի օր էլ իրենց վրա կհարձակվեն: "Սոված գել ա, բա որ մի գիշեր էլ ինձ վրա տա, ոչ զենք ունենք, ոչ էլ կարանք պաշտպանվենք",-ասում են գյուղացիները:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր