Մայր Աթոռն ու խաբեությունը

Մայր Աթոռն ու խաբեությունը
Հավատացյալ հանրության կողմից Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ավանդաբար դիտվել է նաեւ որպես սոցիալական խնդիրներ լուծող կառույց: Ո՞ւմ դիմեն ՀՀ քաղաքացիները, երբ աշխարհիկ կառույցներն անարձագանք են թողնում նրանց բողոք-դիմումները: Եւ մարդիկ հույս են փայփայել, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ու հոգեւոր հայրերն իրենց միայնակ չեն թողնի կարիքի, վշտի ու թշվառության մեջ: Սակայն պարզվում է՝ որքան անտարբեր ու անհաղորդ են պետական մարմինները, նույնքան էլ փակ են հոգեւոր տաճարի դռները:



"Սուրբ Էջմիածինը չունի հոգեւոր միասնական ռազմավարություն: Խոսքը գնում է թե կարիքավորներին օգնելու ծրագրերն իրականացնելու եւ թե հոգեւոր համայնքի աշխատանքները կազմակերպելու մասին: Եկեղեցին բուտաֆորիա է դարձել",- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռին դիմած ու անարձագանք մնացած քաղաքացի Հ. Ա.-ն:  "Մոտ մեկ ամիս առաջ նամակ եմ ուղարկել ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, բայց մինչ օրս պատասխանը չկա",- պատմում է նա: Նախ դիմումատուն զանգահարել է Մայր Աթոռի լրատվական բաժին, բաժնի պատասխանատու Տեր Վահրամն ասել է, թե Վեհափառի անունով գրված դիմումը նամակի տեսքով պետք է ուղարկեն փոստով, խոստանալով, որ այն անձամբ կկարդա Գարեգին Երկրորդը: Դիմում ուղարկելուց մի քանի օր անց քաղաքացին կրկին զանգահարել է Մայր Աթոռ՝ նամակի ճակատագրի մասին իմանալու ակնկալիքով: Լրատվական բաժնից պատասխանել են, թե նամակը չկա: "Ես սկզբում կարծեցի, թե փոստը նամակը տեղ չի հասցրել": Սակայն "Հայփոստից" պարզել է, որ նամակը հասել է  հասցեատիրոջը: Մինչդեռ լրատվականից կրկին հնչել է նույն պատասխանը՝ նամակը չկա: Մի քանի անգամ զանգելուց հետո Տեր Վահրամն ասել է, թե՝ զանգեք նամակների բաժին`  սարկավագ Արտակին: Սարկավագը երկար հարցուփորձից հետո պատասխանել է, թե նամակն իրենց մոտ է, սոցիալական օգնության մասին նամակները Գարեգին 2-րդին չեն փոխանցվում, նա դրանք չի կարդում: "Պատասխանից հասկացա, որ  նրանք իրենց պարտականությունները նենգափոխել են իրավունքի: Այդ "հոգեւորական այրերը"  բարոյական իրավունք չունեն այդ դաշտում ծառայություն մատուցելու հանրությանը: Ստացվում է, որ ՀՀ-ում եկեղեցին միայն հարստահարում է մարդկանց ու մասսայական թալանով զբաղվում: Եւ այստեղ խաբեությունն ու սուտն է իշխում",- եզրակացրել է Հ. Ա.-ն:



Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ