Ես չեմ կարող նկարել անձեր, որ չեմ սիրել

Ես չեմ կարող նկարել անձեր, որ չեմ սիրել
"Ոսկե ծիրան" փառատոնի "Հայկական համայնապատկեր" մրցույթի "Արծաթե ծիրան" մրցանակը շահած "Այստեղ՝ երկրի վրա" (փառատոնում ներկայացված էր "Այստեղ՝ ներքեւում" անվանումով) ֆիլմը բրյուսելաբնակ լիբանանահայ  ռեժիսոր Կոմս Շահբազյանի առաջին վավերագրական ֆիլմն է:



Հսկա շինհրապարակի վերածված քաղաքի կենտրոնում ապրող մարդիկ, չնչին փողերով կամ նույնիսկ առանց որեւէ փոխհատուցման իրենց պապենական տներից վտարված հուսահատ մարդկանց բազմություն, որոնց բողոքի ու դժգոհության ճիչը խլացնում է աշխատող մեքենաների հռնդյունը, խորը հիմնափոսերի եզրին խաղացող երեխաներ, որոնց կյանքը եւ ապագան վտանգված են: Բյուրոկրատական անտարբերություն եւ հարմարավետություն: Ժամագործ, որն այլեւս չի կարող աշխատեցնել իր կրպակը վարձավճարի թանկացման պատճառով եւ ստիպված է լքել երկիրը: Ավտոմեքենաների մեխանիկ, որը ժամագործի մեկնելուց հետո ստիպված է սուրճ խմելու համար նոր ընկեր կանչել:  Ահա սրանք են ֆիլմի հիմնական սյուժետային գիծը եւ հակիրճ պատմությունը: Պարզ միջոցներով, առանց աճպարարության եւ առանց խաղարկելու մարդկանց թշվառ ու հուսահատ վիճակը՝ ռեժիսորը կարողացել է տալ երկրի եւ ժամանակի պատկերը, սովետական ժառանգության եւ քյարթու կապիտալիզմի զոհը դարձած մարդկանց անօգնական վիճակը: Ֆիլմը հանդիսատեսի մոտ կարող է նաեւ կարեկցանք առաջացնել, բայց այն ավելի շուտ եւ ավելի շատ մտահոգություն է առաջացնում: Մտահոգություն հիմնափոսի մոտ խաղացող, մեծերի անազնիվ ու դաժան աշխարհի օրինակով միմյանց  ծեծող ու ծեծվող երեխաների ապագայի եւ երկրի նկատմամբ: Մի երկրի նկատմամբ, որի քաղաքացիներն արտագաղթում են, որովհետեւ իրենց արդար աշխատանքով արժանապատիվ ապրելու հնարավորությունը չկա, որովհետեւ իրենց իրավունքները ոտնահարվում են, եւ լսելի չէ նրանց բողոքի ձայնը: Բայց բառերով հնարավոր չէ պատմել ֆիլմը կամ ներկայացնել ֆիլմի ասելիքը, որովհետեւ այն լուծված է ֆիլմի կադրերի մեջ, եւ ֆիլմի արժեքը նախեւառաջ այդ կադրերն են: Կոմս Շահբազյանը նաեւ ֆիլմի օպերատորն է:



Նրա ֆիլմում պատկերներ կան, որոնք ուղղակի մեխվում են հիշողությանդ մեջ: Ֆիլմում կտոր կա, որտեղ բանվորը քանդում է շենքի թվագրված քարերով ճակատային մասը: Այդպիսով ռեժիսորն արծարծել է նաեւ քաղաքի պատմամշակութային շերտի ոչնչացման խնդիրը, բայց  ֆիլմի հիմնական նյութը իրենց խնդիրների հետ մենակ մնացած մարդիկ են: Այն ժամանակ, երբ հայաստանցի վաստակավոր արվեստագետներից շատերը խուլ ու կույր են՝ անհաղորդ ու անմասն մարդկանց, երկրի ու ժամանակի խնդիրներին, երբ մեր մտավորականներին լավագույն դեպքում սիրուն շենքերի՝ հին Երեւանի պահպանման խնդիրն է հուզում, բայց ոչ երբեք մարդը, սփյուռքահայ ռեժիսորը մեզ ծանոթ միջավայրը, հասարակ մարդկանց բարդ ու սովորական խնդիրները կարողացել է մատուցել ճշգրիտ գեղագիտությամբ: Հետաքրքրական է նաեւ այն, որ օպերատոր-ռեժիսորը խոշոր պլանով դեմքեր ցույց չի տալիս, հանդիսատեսն ավելի հաճախ տեսնում է մարդկանց մարմինները եւ գետինը: Այդպիսով նկարահանման տեսանկյունը, ձեւաչափը ամբողջացնում է ասելիքը, որի մասին պատկերացում է տալիս հենց ֆիլմի վերնագիրը՝ "Այստեղ՝ երկրի (գետնի) վրա": Արվեստագետը կարծես կոչ է անում հայացքը կտրել երկինքներից ու բեւեռել երկրի վրա, գետնի վրա ապրող մարդկանց ու նրանց միջավայրի վրա: Իսկ իր հերոսների դեմքերը ցույց չտալը կարելի է բացատրել նրանով, որ հեղինակը չի անձնավորում այդ մարդկանց, մի քանի մարդկանց պատմություն չի պատմում, այլ հարց է բարձրացնում: Կոմս Շահբազյանի ֆիլմում սոցիալական հարցերը էկզիստենցիալ նշանակություն են ստանում՝ ինչպե՞ս ապրել այս հողի վրա, բիրտ ուժի ժամանակներում, երբ բողոքի ձայնը լսելի չէ "օֆիսներում ու կաբինետներում":



- Սովորաբար վավերագրող ռեժիսորներն են ինչ-որ ժամանակ անց անցնում խաղարկային կինոյին, իսկ Ձեզ մոտ հակառակը եղավ՝ խաղարկային կինոնկարներ անելուց հետո անցաք վավերագրական կինոյին: Ֆիլմի թեմա՞ն էր այդ ժանրը պահանջում, թե՞ ուղղակի վավերագրական ֆիլմ նկարելու ցանկություն ունեիք:



- Չէ, թեմայով էր պայմանավորված: Լավ հարց է: Գիտեք, ըլլա վավերագրական, ըլլա խաղարկային՝ ինձ համար աշխատանքը նույնն է: Նույն պատրաստությունն է, ուղղակի տարբերությունը նյութն է, որ պիտի ցույց տաս կամ պիտի ցույց չտաս: Այս պարագային նյութն էր, որ ընտրեց: Այդ ժամանակ ես Երեւան կապրեի, եւ ամիսներ առաջ նյութն իմ մեջ եփված էր:



- Սովորաբար օպերատորները երկարատեւ աշխատանքից հետո են անցնում ռեժիսուրայի: Դուք, եթե չեմ սխալվում, զուգահեռ եք զբաղվել դրանցով:



- Այո: Եթե կամերային մեջ չնայիմ, չեմ կարող ֆիլմ նկարել, չեմ կարող իմանալ՝ ինչ պիտի ըլլա եկող նկարը: Ինչպես գրողը գրիչով կգրե, ես կամերայով կգրեմ: Եթե ֆիլմը նայել եք, ֆիլմը մեկի նայվածքն է՝ հայացքն է իրավիճակների վրա:



- Ֆիլմում մենք տեսնում ենք պատկերներ, որոնք նկարել եք Հյուսիսային պողոտայի շինարարության եւ Երեւանի կենտրոնի մի պատմական շերտի ոչնչացման ժամանակ...



- Ֆիլմի անունը "Հոս՝ երկրի վրա" է եւ ոչ թե "Երեւան": Ասել կուզեմ, որ օտար երկրի ապրողը կրնա նույն զգացումն ունենալ, ատոր համար չեմ ուզում ըսել, թե ֆիլմի նյութը Հյուսիսային պողոտան է:



- Երբ քանդում էին այդ տարածքի տները, իշխանությունն ասում էր, թե խարխուլ տներ են, եւ այդ պատճառով ենք քանդում:



- Ֆիլմում ես ցույց եմ տալիս պատմական շենքերը, թվերով, որ իբր պիտի պահեին: Գիտեք, քաղաք մը միշտ կփոխվի պատմության մեջ, փոփոխություններ միշտ կկատարվին, բայց դա չի նշանակում, որ պետք է ժողովրդի իրավունքները ոտնահարել: Բայց լավ գիտենք, որ այդ պատահեցավ, չէ՞: Փոփոխությունը նորմալ է, բայց կարեւորը՝ ինչ է նպատակը: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ավելի լավ բնակարաններու մեջ ապրի: Իսկ այդ պարագային այդ չպատահեցավ: Այդ ժողովուրդը, որ հոս էր, այլեւս հոս չէ: Այդ նոր շքեղ շենքերն իրենց համար չեղան: Այդ երկու երեխեքը, որ Ամիրյան փողոց կապրեին, այսօր իրենք Սովետաշեն ապրում են: Իրենց տան դիմաց իրենք ոչինչ չստացան, ստացածնին ոչինչ էր:



- Թեեւ թեման ցավոտ է, ֆիլմում չկար ավելորդ, ճնշող դաժանություն, թշվառություն, Ձեր հերոսները չեն նվաստանում եւ, կարելի է ասել, նույնիսկ չեն անձնավորվում: Հայաստանցի ռեժիսորներից շատերը չեն դիմանում ճնշող, լալահառաչ ֆիլմ անելու, իրենց հերոսների թշվառ վիճակից առավելագույն չափով դիվիդենտներ ստանալու գայթակղության, Դուք ո՞նց դիմացաք:



- Երբ որ սրտով կնկարեք, երբ որ կսիրեք այդ անձերը, որ ձեր կամերային դիմացն են... Չեմ գիտեր ոնց բացատրել: Ես անկարող եմ նկարել անձեր, որ չեմ սիրել: Երբ որ սրտով ու իմաստուն ձեւով կնկարեք, երբ որ չփորձեք իրենց  ծուղակի մեջ գցել... Իրենք իրենց վստահությունը տվին, երբ թողեցին, որ իրենց նկարեմ, ես էլ պիտի վերադարձնեմ իրենց արժանի ձեւով, չխաբեմ, չդավաճանեմ իրենց:



- Ի՞նչ նոր նախագծեր կան:



- Ես չեմ խոսիլ ֆիլմերիս մասին նկարելուց առաջ: Եթե ֆիլմը նկարելեն առաջ գիտեք ուր պիտի հասնի եւ ինչ պիտի ըլլա իր արդյունքը, մի նկարեք: Ֆիլմը կընենք, որովհետեւ փնտրտունք մը կա, կուզենք տեղ մը հասնիլ եւ մենք չգիտենք, թե ինչպես պետք է հասնենք եւ ուր պիտի հասնենք: Նկարահանման աշխատանքի ընթացքում է, որ կամաց-կամաց ի վերջո մի փոքր բան մը կհասկնանք: