Կեղծիքն ու մարտի 1-ը

Կեղծիքն ու մարտի 1-ը
Երբ տարիներ առաջ դուստրս արցունքն աչքերին վերադարձավ դպրոցից եւ պատմեց, որ դպրոցի խորհրդի նախագահի ընտրությունները կեղծել են, ես դեռ լավ չէի պատկերացնում, թե ինչքան է խորացել այդ հիվանդությունը: Տարիներ շարունակ ես՝ այս երկրի քաղաքացիս, հույս եմ ունեցել, որ այ այս անգամ ընտրություններն արդար կանցնեն, եւ ես հերթական անգամ խաբված չեմ զգա ինձ: Հերթական անգամ նվաստացած չեմ զգա, որ իմ ձայնը գողացել են ինչ-որ բաշիբոզուկներ, որ իմ մեն մի հատիկ ու ինքնին իրենից ոչինչ չներկայացնող քվեն կհասնի տեղ: Եւ ամեն անգամ կրկին ու կրկին համոզվել եմ, որ մեզանում ոչ միայն ընտրական համակարգ չկա, այլեւ տարրական ազնվություն, պարկեշտություն, ամոթի զգացում: Իսկ երբ մի քանի օր առաջ ընդդիմադիր ՀՀՇ կուսակցության վարչության ընտրակեղծիքների մասին սկսեցին խոսել, ես հասկացա, որ ամեն ինչ անհույս է: Եթե իշխանական լծակներ, փող, բարեկեցություն, զանազան ատոնություններ չբերող ընդդիմադիր կուսակցության ղեկավար մարմին ընտրելիս անգամ մենք չենք կարողանում ձեռնպահ մնալ կեղծիքներ անելուց, ապա երբեք չենք կարողանա որեւէ մակարդակի արդար ընտրություններ կազմակերպել: Այս ցավալի իրողության գիտակցությունը մի կողմից հեռանկարի բացակայություն է նշանակում, անհուսություն ու թեւաթափ վիճակ: Մյուս կողմից այն պետք է վրդովմունք եւ ուժերի գերագույն լարում առաջացնի հանրության մեջ, որն ի վերջո մի օր չի հանդուրժի իր նկատմամբ այս ծաղրն ու արհամարհանքը: Քանի դեռ մարդկանցից քվեներ են խլվում եւ ընտրությունների արդյունքներ նկարվում, պետք է հասկանան, որ "մարտիմեկերն" անխուսափելի են: Իսկ հաջորդ մարտի 1-ի արդյունքում կարող են ոչ թե անմեղ ցուցարարներ զոհվել, այլ շատ կոնկրետ պատասխանատուներ: