Մանկապիղծի զոհերի փաստաբանները սպառնացել են լքել դատարանի դահլիճը

Մանկապիղծի զոհերի փաստաբանները սպառնացել են լքել դատարանի դահլիճը
Թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Այնտեղ տեղի ունեցած քրեական պատմություններից հետո միանգամից երկու հայց է այժմ դատարաններում: Դպրոցի տնօրեն Ենգիբարյանը դիմել է վարչական դատարան` իրեն զբաղեցրած պաշտոնում վերականգնելու պահանջով, իսկ նախկին սաներ Դիանա Ամիրխանյանը եւ Հասմիկ Սինանյանը (գործով տուժողները)` վերաքննիչ քրեական դատարան: Նրանք համարում են, որ 2 տարվա ազատազրկումը չափազանց մեղմ պատիժ է մանկապիղծ ուսուցիչ Լեւոն Ավագյանի համար, եւ պահանջում են ավելի խիստ վարվել նրա հետ: Հետագայում, սակայն, աղջիկներից մեկին` Դիանա Ամիրխանյանին քննիչները կանչել են հարցաքննության, եւ նա գրել է, որ փաստաբանները բողոք են ներկայացրել առանց իր համաձայնության: Երեկ վերաքննիչ դատարանում նախագահող Մհեր Արղամանյանը շատ կոպիտ է վարվել աղջիկների փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Ավագ Լալայանի հետ: Այն աստիճանի, որ վերջիններս հայտարարել են իրենց իրավունքների խախտման եւ այն մասին, որ եթե այսպես շարունակվի, ապա ի նշան բողոքի՝ իրենք կլքեն դատարանի դահլիճը: Այս հայտարարությունից հետո նախագահող Արղամանյանը հետաձգել է նիստը: Այսօր փաստաբանները կբացատրեն իրենց դիրքորոշումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: