Աշխարհահռչակ կինոգործիչները Եղվարդում

Աշխարհահռչակ կինոգործիչները Եղվարդում




Աշխարհահռչակ կինոգործիչներ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում էին: Նրանց հեռավոր Սյունիք էր բերել որդին` Արշիլը, որն արդեն 2 շաբաթ  Եղվարդում ամերիկահայ կամավորների հետ մասնակցում է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Առաջին անգամ էր, որ հայրն ու մայրը տեւական ժամանակ չէին տեսել իրենց որդուն, ու բնականաբար՝ ծնողներին հետաքրքրում էր, թե ինչ պայմաններում է ապրում Արշիլը: "Հարկավ, լավ է եւ ուրախ, ամեն ինչից գոհ է",-ասաց մայրը: Ատոմ Էգոյանը խուսափեց հարցերից` մատնացույց անելով կնոջը: "Հայերեն լավ չգիդի` որդին ալ նման է նրան",-ժպտալով ասաց տիկին Արսինեն: Չնայած Հայաստանի հարավային դարպասը  Էգոյաններին դեռեւս 1992 թվականից էր հետաքրքրել, բայց միայն այս տարի հաջողվեց այցելել։ "Օրացույց" վերնագրով կինոնկարի վրա էին աշխատում, որը պատմում էր Հայաստանի 12 եկեղեցիների մասին: "Բայց այդ թվականին չկրցանք Սյունիք հասնել, պայմանները դյուրին չէին, պատերազմ եւ այլն: Քանի տարիներ կգայի Երեւան, կուզեի Հայաստանի հարավը տեսնել,-պատմում է Արսինե Խանջյանը: - Մանավանդ որ Արշիլն այստեղ էրե: "Հեռախոսով խոսում էի, գոհ էր, բայց ասինք այցելենք Արշիլին",-ասում է մայրը: Մոր խորհրդով է Արշիլը միացել "Երկիր-մշակույթ" կազմակերպության նախաձեռնությանը ու 10 կամավորների հետ հասել Եղվարդ: Մայրը պատմում է, որ Արշիլը նման փորձ ունի: Տորոնտոյի ֆրանսիական դպրոցի սանը ընկերների  հետ անցյալ մարտին  Էկվադոր է գնացել, օգնել գյուղերից մեկի դպրոցում սարքավորումներ տեղադրելուն: Մոր խոսքով, հայկական միջավայրում մեծացած Արշիլին դուր էր եկել բարեգործությունը, եւ որդին ցանկություն էր հայտնել "Հայաստանին մեջ օգտակար լինել":  Արշիլի հետ Եղվարդ է եկել նաեւ  մորաքրոջ տղան՝ Մարկ Փիլիկյանը: Վերջինս,   ի տարբերություն Արշիլի,  հայկական մթնոլորտում չի մեծացել, բայց սիրով ընդունել է մորաքրոջ առաջարկն ու եկել Հայաստան։ Նման ձեռնարկով սփյուռքահայերը, ըստ տիկին Արսինեի, բարելավում են իրենց հայերենը:  Եղվարդի Սուրբ Աստվածածինն իր ճարտարապետական տեսքով հետաքրքրեց Էգոյան ամուսիններին։ Ատոմ Էգոյանը առավել գեղեցիկ պատկերներն էր լուսանկարում։



Նրանք զարմացան,  որ 310 տարվա պատմություն ունեցող կառույցը դեռ կանգուն է։ Մանավանդ որ Եղվարդը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին կիզակետում էր: Դեռ գյուղում մնացել են հրետակոծության հետքերը: Կամավորների աշխատանքի հետ Արշիլն ինքը ծանոթացրեց ծնողներին։ Պատմեց, թե ինչպես են քարը քարին դնելով, կառուցում եկեղեցու բեմը: Ամուսինները եղել էին նաեւ Տաթեւի վանական համալիրում, ու տիկին Արսինեն հիացած էր այդ կառույցով, բայց եւ զարմացած երկրի իշխանություններից: "Անհավատալի դժվար ու վտանգավոր ճանապարհ է: Հայաստանի իշխանությունը կխոսի տուրիզմի մասին, բայց Տաթեւի ճանապարհը վատ է: Հարկավ, անոնք պիտի լուրջ վերաբերին այս խնդրին",-ասում է Արսինե Խանջյանը:



Ի դեպ, Արշիլը հուլիսի 19-ին  չէր մասնակցել հոր ծննդյան 50-ամյակին: Փոխարենը Եղվարդում մեկ անգամ եւս նշեցին կինոգործչի հոբելյանը` կամավորներով ու տեղացիներով։



Արմեն ԴԱՎԹՅԱՆ