Գուցե չարժե՞ր փչանալ

Գուցե չարժե՞ր փչանալ
Արմենական ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որ Դաշնակցության մասին խոսելիս հատկապես աչքի չի ընկնում հավասարակշռվածությամբ, նորից առիթ է ունեցել հայտնվելու ծիծաղելի վիճակում: Բանն այն է, որ այս անգամ նրան ոչ ոք չի դրդել խոսել Դաշնակցության մասին, եւ ընդամենը հարց են տվել, թե ինչո՞ւ ՀՌԱԿ-ից պոկված Արմենական ՌԱ կուսակցության համագումարն անտեսվեց ՀՀ իշխանությունների կողմից, որոնք ամենաբարձր մակարդակով` վարչապետի, համարվում են այդ նորաստեղծ խմբակի քավորները: Իհարկե, ով էլ լիներ, կվիրավորվեր, որ իր համագումարը իշխանությունները հարգեին կոալիցիոն ՕԵԿ-ի մեկ անդամի ներկայությամբ միայն, բայց դա բոլորովին էլ պատճառ չէր, որ Ավետիքյանը, ինչպես ասում են, ընկներ "պեչենու բաղերն" ու հիշեր Դաշնակցության վարքագիծը` հայ-թուրքական արձանագրությունների քննարկման օրերին: Վերջին հաշվով, ամեն մի կուսակցություն, իսկ ըստ մեզ` նաեւ Արմենական ՌԱԿ-ը, իրավունք ունի սեփական որոշումներ կայացնելու եւ դրանք կյանքում իրագործելու: Այլ հարց է, որ տվյալ կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում կատարել մեկ այլ քաղաքական ուժի որոշումները եւ, ի վերջո, կանգնում է կոտրած տաշտակի առաջ, որովհետեւ չգիտի, թե հովանավորող կուսակցությունն ինչ քայլ է անելու հաջորդիվ: Իսկ երբ գերակա կուսակցությունն անում է իր հաջորդ քայլը, եւ պարզվում է, որ այդ քայլն արհամարհանքն է վասալ կուսակցության նկատմամբ, այլեւս ավելորդ է դառնում վերջինիս` համագումար հրավիրելու անհրաժեշտությունը, որովհետեւ եթե այնուամենայնիվ համագումար են հրավիրում, ապա ոչինչ չեն ունենում ասելու հասարակությանն ու միմյանց: Հենց այս իրավիճակում է հայտնվել Հակոբ Ավետիքյանը, որը, ելույթ ունենալով Արմենական ՌԱ կուսակցության համագումարում, հավանաբար սրահի պատերին է ուղղում իր բողոքը այն տհաճ զգացողությունից, որ մեկ անգամ շահագործվել ու դեն է նետվել իշխանությունների կողմից. "Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց":



Պարոն Ավետիքյանին ասենք, որ դա Արմենական ՌԱ կուսակցության կողմից ոչ թե կեցվածք է եղել, այլ իշխանություններին տրվելու բուռն ցանկություն: Ընդ որում` մի քիչ ուշացած, որովհետեւ ՀՀ այս իշխանությունների ռոմանտիկ շրջանը վաղուց է անցել, եւ նրանք վաղուց է, ինչ պրագմատիկ են դարձել: Իսկ պրագմատիզմը, ինչպես հայտնի է, ավելորդ բալաստներ չի հանդուրժում, այլապես այն չի կարող պրագմատիզմ կոչվել:



Եթե մի գեղեցիկ օր Ավետիքյանը այս պարզ բանաձեւը հասկանա, նաեւ կզգա, թե ինչ սխալ է արել ժամանակին` նպաստելով սեփական կուսակցության քայքայմանը եւ փորձելով իր ուղեբեռը դնել իշխանության գրաստի վրա: Հետեւաբար, շատ ավելի շահեկան կլիներ Հակոբ Ավետիքյանի եւ Արմենական ՌԱ կուսակցության համար՝ հանդես գալ ինքնաքննադատությամբ եւ ավելորդ տեղը սեփական անհաջողության համար չմեղադրել դարավոր ուղեկիցներին եւ մասնավորապես Դաշնակցությանը, որ քիչ դերակատարություն չունի թե սփյուռքում եւ թե հայրենիքում: "Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով, մեր ներկայացուցիչները հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը",- այսպես է խոսել Հակոբ Ավետիքյանն իր խմբակի հավաքույթում, որին համագումար բարձր տիտղոս են շնորհել: Ցավալի է, իհարկե, որ Ավետիքյանն իջել է ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի մակարդակին, որը ժամանակին սփյուռքահայերի բողոքի ակցիաները որակեց որպես տականքների գործողություններ: Փաստորեն, իր այս ելույթով Ավետիքյանը հավասարվեց բոլորովին պատահաբար նժդեհականացած հանրապետականին, եւ մեզ համար այլեւս պարզ է, որ մինչեւ հիմա էլ չի հասկացել, թե ինչու ՀՀ նախագահը կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ու ինչ դերակատարություն ունեցավ սփյուռքը կասեցման այդ գործում:



Աստված իր հետ իհարկե, բայց մի գեղեցիկ օր էլ նույն հաջողությամբ Ավետիքյանը կարող է ընկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի ջրերը եւ հանգել այն եզրակացության, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են զիջումների գնալ իրենց աջ ու ահյակ հարեւանների հետ հարաբերություններում եւ այդ պարտվողականության դեմ ընդվզողներին ստահակներ անվանել: Համոզված ենք, որ փոշմանելու պարագայում նրան այլեւս չեն փրկի կոկորդիլոսի արցունքները, եւ աստիճանաբար ձեւավորվող այն տեսակետը, թե Ավետիքյանը թյուրիմացություն է ՌԱԿ պատմության ողջ երկայնքով եւ լայնքով, այլեւս գերիշխող կդառնա ոչ միայն Դաշնակցության եւ հարյուրքսանամյա մյուս կուսակցությունների մեջ, այլեւ ողջ հայ հասարակության շրջանում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ