Սերժ Սարգսյանը Սևանի ափին խոսել է Ղարաբաղից

Սերժ Սարգսյանը Սևանի ափին խոսել է Ղարաբաղից
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելելով  “Միասին” երիտասարդական շարժման` Սևանում հանգստացող մասնակիցներին, պատասխանել է նրանց հարցերին:



-Պարոն Նախագահ, շնորհակալ ենք մեզ այցելելու  եւ «Միասին» շարժմանն աջակցելու համար: Չնայած մենք գտնվում ենք ճամբարում եւ անցկացնում ենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ, սակայն մենք  ունենք բոլոր հնարավորությունները` հեռուստատեսությամբ եւ ինտերնետով ծանոթանալու մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Հարցս հետեւյալն է` ինչպե՞ս կբնութագրեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգի վերջին հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների Ալմաթիում արված հայտարարության ներքո:



- Նույնիսկ Սեւանի ափին կարելի է Ղարաբաղի մասին խոսել: Ես նկատի ունեմ, որ հանգստի պահին էլ լավ է, որ այդ խնդիրներով հետաքրքրվում եք: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը բանակցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ: Մինսկի խմբի առաջարկությունն էր, որ 2007թ. Մադրիդյան կոչված սկզբունքները, որպես խնդրի կարգավորման հիմք, ներկայացվեցին կողմերին: Երկու կողմերն էլ ընդունեցին, ասացին` այո, փաստաթուղթը հիմք է կարգավորման համար: Եւ այս երեք տարիների ընթացքում ընթանում են բանակցություններ: Որպես այդ բանակցությունների արդյունք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կողմերին ներկայացվեցին վերջին առաջարկությունները:  Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունում է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ: Մնացածը, ինչ  խոսում են այդ երկրի պաշտոնյաները` մեծ, թե փոքր, զուտ ցանկությունների ոլորտից են կամ բանակցությունների նախկին փուլերի մասին իրենց պատկերացումներն են: Այսօր մեկ խնդիր կա` ադրբեջանական կողմն ընդունու՞մ է արդյոք Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունները, թե ոչ: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները: Եթե կասի` չի ընդունում, ուրեմն, այլ ելքեր, երեւի, պետք է փնտրել:



Գիտե՞ք որոնք են այդ սկզբուքները: Երեք սկզբունք գոյություն ունի. Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթներն են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի կիրառման բացառում: Քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, հենց Ալմաթիում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները շատ հստակ ասացին, որ  որեւէ դրույթ, որեւէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ: Ակնհայտ է, թե դա ում էր վերաբերվում: Եւ երկրորդ` շատ կոշտ խոսեցին սադրիչ հայտարարությունների մասին:



Եթե մի նախադասությամբ պատասխանելու լինեմ հարցին, ապա`  այո´ բանակցությունները շարունակվում են, սեղանին կան վերջին առաջարկությունները, որոնք մեզ առաջարկել են Սանկտ Պետերբուրգում: Հիմա մենք եւ Ադրբեջանը պետք է ասենք` ընդունում ենք դրանք իբրեւ հիմք, թե ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Տեսնենք, թե ադրբեջանցիներն ի՞նչ են ասում: Մնացած բոլոր հայտարարությունները, եզրակացությունները ցանկություններ են կամ էլ բանակցությունների նախկին փուլերի սեփական մեկնաբանություններ: Իսկ սեփական մեկնաբանությունը զուտ նախատեսված է ներքին լսարանի համար: Կարող է` իրենք իրենց ժողովրդին ուզում են ոգեւորել, կարող է` իրենք իրենց են ուզում ոգեւորել, կարող է իրենց ցանկալին իրականության տեղ են ուզում ընդունել, բայց սա պարապ զբաղմունք է, որով մենք չենք ուզում զբաղվել: Դա մեր գործը չէ: Մենք ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիմա վրա: Բայց կա կարեւոր հանգամանք, որը մինչեւ չլուծվի, մնացած բոլոր քայլերը, բոլոր առաջարկությունները մեզ համար ընդունելի չեն:



-Պարոն Նախագահ, իմ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է: Թուրքիայի  իշխանությունների առաջին դեմքերն ասում են, որ եթե Հայաստանը ցուցաբերի քաղաքական կամք եւ բարություն, ապա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը կարող է օգտավետ լինել բոլորի համար, իսկ եթե Թուրքիայի բարեկամության ձեռքը մնա անարձագանք, ապա ամենից շատ կտուժի Հայաստանը: Ինչպե՞ս կմեկանաբանեք նման հայտարարությունները:



-Գիտեք, այդ հայտարարությունները նույն շարքից են, ինչ նախորդ հարցի պատասխանում ես ասացի. այդ երկրի պաշտոնյաները շատ դեպքերում նման գործելաոճ են որդեգրում եւ ասում այն, ինչ ուղղակի մտքներով անցնում է` առանց լուրջ հիմքերի եւ խեղաթյուրելով իրականությունը: Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները, թուրքերը կարծես դա չեն լսում եւ մեզ են ասում կամք ցուցաբերել: Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել  ենք: Մենք երբեք բարեկամաբար մեկնած ձեռքը չենք անտեսում, բայց երբ այդ մեկնած ձեռքը իրականության մեջ չկա, այլ ներկայացնում են որպես այդպիսին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Այսինքն, մեզ հասանելիք կամքը մենք ցուցաբերել ենք, հիմա սպասում ենք, թե թուրքերը երբ կամք կցուցաբերեն: