Արցախն ու Կոսովոն

Արցախն ու Կոսովոն
Մինչ մենք՝ հայերս, Հաագայի միջազգային դատարան ենք դիմում Հայաստանի Հանրապետության նախագահներից մեկին պատժելու խնդրով, այլ ժողովուրդներ օգտվում են այդ միջազգային ատյանից իրենց ազգային հարցերի լուծման նպատակով: Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Հաագայի դատարանի վրա, որտեղ հնչելու էր "արդյո՞ք Կոսովոյի ինքնահռչակ անկախությունն օրինական է" հարցի պատասխանը: Եվ չնայած բոլոր միջազգային լրատվամիջոցները շեշտում էին, թե այս վճիռն իրավական ուժ չունի, այն ընդամենը խորհրդատվական բնույթի է, սակայն բոլորը հասկանում էին, որ այդ խորհրդատվության տակ մեծ իմաստ է թաքնված, եւ այն պետք չէ թերագնահատել: Այսպես փոքրիկ քայլերով, հետեւողականորեն Կոսովոն մոտենում է իր գլխավոր նպատակակետին՝ անկախության համընդհանուր ճանաչմանը: Եվ այդ հետեւողականությունն ու ուղեգծի ճշմարտացիությունը տալիս են իրենց արդյունքը: Չնայած փորձագետները վստահ չէին, որ Հաագան ճանաչելու է Կոսովոյի անկախության օրինականությունը, եւ կարծում էին, որ վճիռը չի լինի միանշանակ, այլ փորձ կարվի դիվանագիտական ձեւակերպումների մեջ լղոզել ասելիքը, որ ոչ Կոսովոն նեղանա, ոչ Սերբիան, սակայն դատարանը գնաց այլ ճանապարհով: Նա խուսափեց սեթեւեթելուց, չփորձեց քծնել ու սիրաշահել դիմումատուին՝ Սերբիային, այլ պարզ ու ազնիվ որոշում կայացրեց՝ հօգուտ Կոսովոյի, որը նաեւ վտանգավոր ու անընդունելի է ազգային փոքրամասնությունների խնդիրներ ունեցող շատ պետությունների համար: Այս որոշմանն էին սրտատրոփ սպասում ոչ միայն Կոսովոն ու Սերբիան, այլեւ Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը եւ վերջապես Արցախը: Ի՞նչ հետեւանք կունենա այս վճիռը մեզ համար: Եթե դրանից օգտվելու շնորհք չունենանք՝ ոչ մի: