Որոշեցի իմ խոսքի իրավունքը տալ կերպարներիս...

Որոշեցի իմ խոսքի իրավունքը տալ կերպարներիս...
ՀԱՐԲԵՑՈՂ - "Մի օր բոլորը տեսան, որ քաղաքն ունի դարպասներ, չփակվող դարպասներ, իսկ ոլորանից այն կողմ" Չէ, այն կողմում հրաշք կյանքի խոստում չկար: Պարզապես մեր քաղաքում ոչինչ չէր մնացել` անհուսությունից բացի: Վաղվա օրը մոռացվել էր. այդպես ավելի տանելի էր, քան այն վախը, որն ունեինք եկող օրվա նկատմամբ: Ու քանի որ անհնար էր մշտապես ապրել այդ վախի հետ` մոռացության տվեցինք վաղվա օր կոչվածը: Հենց այդ ժամանակ էլ քաղաք մտավ այդ վարակը` ճամփաների հիվանդությունը, ու մարդիկ սկսեցին հեռանալ, կորչել ոլորանից այն կողմ: Սկզբում ամեն հեռացողի հետեւից լալիս էի... հետո սկսեցի հայհոյել հերթական հեռացողին: Մի օր էլ վերջնականապես զզվեցի ու որոշեցի ինքս հեռանալ: Պանդոկապա՛ն, երբ այստեղ եկա, գնացքի տոմսը գրպանումս էր, բայց երբ խմեցի հրաժեշտի առաջին բաժակը, հասկացա, որ չեմ կարող հրաժեշտ տալ: Երկրորդ բաժակն ասաց, որ ճամփաներին չեմ հարազատանա, երրորդ բաժակն էլ հուշեց, որ վերադարձի սպասումը ոչ մեկին պետք չէ: Մնացած բաժակները նույնն էին ասում` ես չեմ կարող ապրել դատարկվող քաղաքում ու չեմ կարող հեռանալ նրանից: Ես կարող եմ միայն հարբել...



ՎԵՐԱԴԱՐՁՈՂ - Հեռացողները ընդամենը փորձում են վերադառնալ: Եվ համոզված են, որ այն ամենը, ինչ թողել են, սպասում է իրենց` տունը, փողոցը, ծանոթ դեմքերը" Ու միայն վերջին պահին, երբ մի քանի քայլ է մնացել վերադարձի համար, հանկարծ գիտակցում են, որ ամեն ինչ փոխվել է անվերադարձ,  որ ծանոթ դեմքերը հատուկենտ են, մտերիմները չկան: Դրան կհետեւի օտարացումը, երբ քո մանկության դռնակը զմռսված կլինի, դարպասները` փակ, տունդ` հուսահատությամբ բնակված: Նոր հրահանգ-հրամանները կսղոցեն հոգիդ, իսկ դու ոչ միայն բարձրաձայն բողոքելու, անգամ մտքում ընդվզելու իրավունք չունես, որովհետեւ դո՛ւ չես քո բացակայության քաղաքի տերը, առանց քեզ է նա ապրել: Քեզ մնում է միայն համակերպվել ու ամեն անգամ ոտքդ գետնին դնելիս զգալ, որ երերվում է"



Եվ ի՞նչ է նշանակում վերադառնալ, երբ հին կարոտն ու նոր ճամփաների կանչը այնպես են իրար հյուսվել, որ քեզ մի հարց է մնում քրքրել անընդհատ` ո՞վ կամ ովքե՞ր էին այդ շուն-շանորդիները, որ իրենց վրա վերցրին թափառումներիդ մեղքը: Ահա թե ինչ կասեմ քեզ. երբ քո կամքով ես ընտրում ճանապարհը` կյանքիդ տերն ես: Իսկ ստիպողաբար` վերածվում ես ստրուկի...



ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Եթե վերադառնաս քաղաք, գուցե քեզ դիմավորեն դարպասների մոտ...



ՎԵՐԱԴԱՐՁՈՂ - Համաձայն հրահանգի` դարպասների մոտ ինձ սպասելու է պահակը, հետո` պարապուտը:



ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Ի՞նչ ես ուզում, նրա՛նք են մնացել քաղաքում:



ՎԵՐԱԴԱՐՁՈՂ - Իսկ ես հեռացել եմ: Ու երբեւէ մեկը կփորձի՞ գտնել պատասխանը` ինչո՞ւ մենք հեռացանք... Ինչո՛ւ մեզ հեռացրին...



ՊԱՆԴՈԿԱՊԱՆ - Պատասխա՞նը, թե՞ մեղավորին:



ՎԵՐԱԴԱՐՁՈՂ - Ինձ համար արդեն մեկ է...



"Դարպաներ" պիեսից



Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

դրամատուրգ