Ես ոչ մեկի աթոռին աչք չունեմ

Ես ոչ մեկի աթոռին աչք չունեմ
Հարցազրույց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի հետ



- Ձեր անդամագրումը "Օրինաց երկիր" կուսակցությանը բավական աղմուկ հանեց: Նախ այն պատճառով, որ Դուք ժամանակին հարում էիք ընդդիմությանը, ապա Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին աջակցում էիք Հանրապետականին, եւ Ձեր որդին էլ ավագանու անդամ ընտրվեց եւ ՀՀԿ անդամ է: Ապա նաեւ այն պատճառով, որ ՕԵԿ-ն այսօր լավ ժամանակներ չի ապրում, նրա ռեյտինգը խիստ ընկել է: Ինչո՞վ է պայմանավորված եղել Ձեր որոշումը:



- Նախ ասեմ, որ ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել՝ ոչ կոմունիստական, ոչ ՀՀՇ, ոչ Հանրապետական: Մի շրջան եղել եմ Ազատամարտիկների վետերանների միության անդամ եւ վերջ: Տարբեր ժամանակներում առաջարկել են, որ անդամագրվեմ այս կամ այն կուսակցությանը, բայց ես նախընտրել եմ մենակ անհատի կյանքը: Սակայն ժամանակները փոխվում են, եւ սկսում ես նոր ձեւով մոտենալ խնդիրներին: Հիմա մտածում եմ, որ որպես անհատ չեմ կարող անել այն, ինչ հնարավոր է անել կուսակցության, թիմի հետ համատեղ: Նաեւ երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ այն չարաբաստիկ քրեական գործն ու չորս տարվա իմ տարագիր կյանքը կարող էին եւ չլինել, եթե ես կուսակցական պաշտպանվածություն ունենայի:



- Բայց խոսակցություններ են շրջում, որ ավելի շատ Դուք եք պետք "Օրինաց երկիր" կուսակցությանը, քան այդ կուսակցությունը Ձեզ: Ասում են, որ Ձեր բոլոր հնարավորությունները ներդնելու եք ՕԵԿ-ի "բարգավաճմանը": Նկատի ունեն եւ ֆինանսական, եւ մարդկային ռեսուրսների իմաստով:



- Այս պահին ես ունեմ կուսակցության կարիքը: Ես եմ դիմել "Օրինաց երկրին"՝ խնդրելով ինձ ընդունել իր շարքերը, իրենք չեն հրավիրել ինձ: Այո, կուսակցությունն ունի խնդիրներ, որոնց լուծմանը ես պետք է նպաստեմ: Եւ ես ամեն ինչ անելու եմ՝ այդ խնդիրները լուծելու համար:



- Նաեւ խոսակցություններ կան, որ Դուք մտել եք ՕԵԿ՝ պաշտոն ստանալու համար, մասնավորապես ասվում է, որ Ձեզ գյուղատնտեսության նախարար են նշանակելու, եւ անգամ այդ աթոռի "գինն" են նշում՝ 400 հազար դոլար:



- Ամեն ասվածի մի հավատացեք: Այդ ասողներն ինձ ու ՕԵԿ-ը վարկաբեկելու խնդիր են դրել իրենց առաջ: Այդպիսի բան չկա՝ մեր նախարարները, նաեւ գյուղնախարարը նորմալ աշխատում են, նոր են նշանակվել, նրանց փոխելու անհրաժեշտություն չկա, ես նրանց պաշտոնների վրա աչք չունեմ: Ավելին՝ նրանք իմ ընկերներն են, եւ ես պետք է աջակցեմ, այլ ոչ թե խանգարեմ նրանց:



- Իսկ այլ պաշտոնո՞ւմ...



- Այլ պաշտոնի մասին խոսելը դեռ վաղ է: Հիմա ես կենտրոնացած եմ կուսակցական խնդիրների վրա, որոնք շատ են եւ լուծման կարոտ: "Օրինաց երկիրը" հզորացնելու կարիք կա:



- Այնուամենայնիվ, Դուք ժամանակին նախարար եք եղել, պատգամավոր, եւ չի բացառվում, որ Ձեզ նորից աշխատանք առաջարկեն: Մերժելո՞ւ եք: Ո՞ր առաջարկին կհամաձայնեք: Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը չի՞ խանգարի այդ նշանակմանը:



- Իսկ ինչո՞ւ պետք է խանգարի: Շինծու քրեական գործ էր, եւ հենց քննության ընթացքում էլ պարզվեց, որ ոչ մի հիմք չկա: Նույն Արթուր Պետրոսյանի՝ սպորտի նախարարի դեպքն այդպիսին չէ՞ր: Էլի քրեական գործ կար, հետախուզում, հետո պարզվեց, որ մարդը մեղք չունի, վերադարձավ Հայաստան եւ նախարար նշանակվեց: Հիմա այլեւս ոչ ոք չի հիշում, որ նա ժամանակին խնդիրներ է ունեցել: Ոմանք անընդհատ շրջանառության մեջ են դնում իմ նկատմամբ հարուցված քրգործը, բայց պարզ է, չէ՞, որ անհիմն, անհեթեթ գործ էր:



- Ամեն դեպքում, Ձեզ մեղադրում էին ծանր հանցագործության մեջ՝ երկրի առաջին դեմքերի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Նման մեղադրանքները մի օրում չեն ջնջվում, եւ դրանց թողած նստվածքն էլ անմիջապես չի անցնում: Ինչպե՞ս համոզվեցին այդ մարդիկ, նրանց թվում՝ Սերժ Սարգսյանը, որ Դուք անմեղ եք:



- Ես երախտապարտ եմ Սերժ Սարգսյանին, որ ճիշտ մոտեցում դրսեւորեց եւ նպաստեց, որ ես վերադառնամ եւ քննությանը Հայաստանում մասնակցեմ ու ապացուցեմ իմ անմեղությունը: Նաեւ երաշխավոր դարձավ, որ օբյեկտիվ քննություն տարվի եւ ամեն ինչ ջրի երես դուրս գա:



- Բայց այդ նույն իշխանության օրոք է հարուցվել Ձեր նկատմամբ, ինչպես Դուք եք ասում, "շինծու քրեական գործը": Ինչպե՞ս պատահեց, որ հարուցողներն էլ կարճեցին մեղադրանքը:



- Իշխանությունը լայն հասկացություն է: Եթե հիշում եք, գործը հարուցվել է Քոչարյանի օրոք: Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո ես վերադարձա: Դրանից հետո անգամ առիթ է եղել՝ մի միջոցառման ժամանակ հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ նա անձամբ ինձ ասաց, որ զղջում է կատարվածի համար, որ իրեն սխալ ինֆորմացիա էին տվել, որ հետո է իմացել, որ Կծան Միշան (այդ գործով միակ վկան, որի ցուցմունքների վրա կառուցված էր մեղադրանքը՝ հեղ.) բանսարկու, գործ սարքող անձնավորություն է, որին թյուրիմացաբար հավատացել են: Ավելին՝ այդ շրջանում իմ դեմ մահափորձ է կատարվել, որն այդպես էլ չի բացահայտվել, եւ դա վերագրվում է Կծան Միշային, որը չի պատժվել:



- Լավ, կրկին վերադառնանք Ձեր ՕԵԿ-ացմանը: Ի դեպ, երբվանի՞ց եք ծանոթ Արթուր Բաղդասարյանի հետ եւ ի՞նչ առնչություններ եք ունեցել:



- 90-ականներից: Ընկերական ջերմ հարաբերություններ են եղել: Ազգային ժողովում ենք շփվել՝ ես 98-2003թթ. պատգամավոր եմ եղել: Եվ մարդկային հարաբերություններ կան, եւ կուսակցության ծրագրերն են ինձ հոգեհարազատ: Ես մյուս կուսակցություններում ինձ չէի տեսնում:



- Ճի՞շտ է, որ խոստացել եք 20 հազար նոր անդամ բերել կուսակցություն:



- Չեմ հաշվել, չեմ կարող ասել ինչքան կլինեն, բայց իմ ընկերները, իմ թիմը, իմ շրջապատը, բնականաբար, ինձ հետեւելով, կանդամագրվեն ՕԵԿ-ին:



- ՕԵԿ-ը բարդ ուղի է անցել՝ մեկ ընդդիմություն, մեկ իշխանություն: Շատ դավաճանություններ, դժվարություններ է տեսել: Վստա՞հ եք, որ կուսակցությունն իր տեղը գտել է:



- Ճիշտ է, ժամանակին շատերը հեռացել են այս կուսակցությունից՝ խորտակվող նավից փախել են: Բայց անկայուններն են հեռացել, կուսակցությունը մաքրվել է: Ես եկել եմ, որ մասնակցեմ կայունացման, կայացման աշխատանքներին:



- Դուք արդեն ՕԵԿ քաղխորհրդի անդա՞մ եք:



- Դեռ ոչ, հավանաբար մոտ ժամանակներս:



- Չե՞ք կարծում, որ Ձեր կուսակցության ռեյտինգն ընկել է, եւ բարդ է լինելու այն վերականգնելը:



- Այո, բարդ հարց է: Գիտակցում եմ, որ հեշտ չի լինելու: Կա մեծ հիասթափություն բոլոր կուսակցություններից, քաղաքական դաշտից: Ինչու ընդդիմությունից մարդիկ հիասթափված չե՞ն: Ծանր աշխատանք պետք է կատարենք, որ նորից շահենք ժողովրդի վստահությունը: Ի վերջո, մի օրում նոր մարդիկ եւ նոր ուժեր չեն հայտնվելու: Եղած ուժերն են պայքարելու եւ երկիրը կարգի բերելու:



- Բայց ժողովուրդը դժգոհ է, եւ իշխանության մեջ գտնվողների համար շատ դժվար է լինելու: Այդ նույն ՕԵԿ-ը հաջողություն ունեցել է այն ժամանակ, երբ ընդդիմություն է եղել, քննադատողի դիրքերից է հանդես եկել: Հիմա ի՞նչ եք ասելու ժողովրդին Դուք եւ Արթուր Բաղդասարյանը, որ նա Ձեզ ձայն տա:



- Մեր ժողովուրդը միշտ քննադատության կողմ է եղել, բայց կառուցողական մոտեցման ժամանակն է եկել: Եվ հետո՝ բոլոր հասարակություններում կա 30-40 տոկոս չեզոք զանգված, որը ոչ իշխանության կողմն է, ոչ ընդդիմության: Մենք այս զանգվածի վրա պետք է աշխատենք: Միայն ընդդիմությունը չի կարող երկիրը այս վիճակից հանել, պետություն կայացնել:



- Ձեր կարծիքով, մինչեւ ընտրությունները ի՞նչ քաղաքական վերադասավորումներ կլինեն: Նոր ուժեր երեւան կգա՞ն, ովքեր կհայտնվեն 2012-ի խորհրդարանում:



- Նոր ուժերի հավանականություն չեմ տեսնում: ԱԺ կմտնեն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, "Բարգավաճը":



- Իսկ ընդդիմությո՞ւնը:



- Իհարկե, առանց ընդդիմություն ի՞նչ խորհրդարան:



- Այսինքն 2012-ի ընտրություններում Դուք ոչ թե մեծամասնական կարգով եք առաջադրվելու, այլ կուսակցական ցուցակով:



- Եւ, եւ: Օրենքը թույլ է տալիս եւ որպես անհատ մասնակցել, եւ ցուցակում լինել:



- Նորից Էրեբունո՞ւց կառաջադրվեք:



- Ընտրության հնարավորություն կա՝ Էրեբունի, Շենգավիթ, Գեղարքունիք, Կոտայքի մարզ... Դեռ չեմ որոշել: Ես 3 անգամ առաջադրվել եմ: Առաջին անգամ 1995-ին՝ չգրանցեցին, երկրորդը՝ 1998-ին, երրորդ անգամ 2009-ին, Կենտրոնում, երբ իմացա, որ Նիկոլ Փաշինյանն էլ է առաջադրվել՝ հայտարարությամբ, հօգուտ Նիկոլի հանել եմ թեկնածությունս:



- Ի՞նչ է նշանակում 1995-ին չգրանցեցին:



- Արժի՞ հին պատմությունը հիշել:



- Ինչո՞ւ ոչ:



- Դե, 1995-ին՝ ընտրություններից առաջ Անվտանգության խորհրդով որոշում էին կայացրել, որ որոշ մարդկանց դուրս բերեն հանրապետությունից, որ չմասնակցենք ընտրություններին:



- Ո՞ւմ մասին է խոսքը:



- Հովիկ Աբրահամյանը, Վլադ Հակոբյանը, Մանումենտի Վաչիկը, ես: Վանո Սիրադեղյանի հրահանգով ոստիկանական խմբով մեզ նստացրին ինքնաթիռ եւ արտաքսեցին՝ ինձ Ռոստով, Հովիկ Աբրահամյանին՝ Մոսկվա, Վլադին՝ Սոչի: Բայց ես մի ամսից վերադարձա ու մասնակցեցի ընտրություններին, հաղթեցի, բայց չգրանցեցին: Այդ տարածքից պատգամավոր գրանցվեց Դավիթ Շահնազարյանը:



- Ե՞րբ է ավելի ակտիվանալու ՕԵԿ-ը, ե՞րբ եք սկսելու պատրաստվել խորհրդարանական ընտրություններին:



- Կարծում եմ աշնանը բոլորը կակտիվանան: Մենք էլ կսկսենք ակտիվ աշխատել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ