Վավերագրական կինոյում պետք է համբերություն ունենալ

Վավերագրական կինոյում պետք է համբերություն ունենալ
"Ոսկե ծիրան" փառատոնի "Հայկական համայնապատկեր" մրցույթի գլխավոր մրցանակը շահած "Հայաստանի վերջին լարախաղացը" վավերագրական ֆիլմի ռեժիսորներ Իննա Սահակյանը եւ Արման Երիցյանը ֆիլմի վրա աշխատել են շուրջ երեք տարի: Ֆիլմը լարախաղացների մեռնող արվեստը  ներկայացնող գեղեցիկ ու տխուր պատմություն է, բայց սա ֆիլմի սոսկ մեկ շերտն է: Երկու ծերացած լարախաղացներ՝ վարպետ Ժորան ու վարպետ Կնյազը, իրենց արվեստը փորձում են փոխանցել աշակերտներին: Նրանք են լարախաղացության ապագան ու հույսը, բայց դարը փոխվել է, հասարակության աչքում լարախաղացներն այլեւս այն հերոս փահլեւանները չեն, որոնց համար ցանկացած բնակավայրում ճոխ հյուրասիրություն էին կազմակերպում, հարգում ու պատվում, այլ, ինչպես ֆիլմի հերոսներից մեկը բնորոշեց, նրանց վերաբերվում են ինչպես "մուրացկանների":



Ֆիլմի հերոսները՝ լարախաղացության վարպետները, գիտեն դրա պատճառը՝ "Մշակույթն այսօր ոչ մեկին պետք չէ", "Հեռուստացույցով այնպիսի բաներ են ցույց տալիս, որ...", բայց նրանք նաեւ գիտեն, որ "Սա (լարախաղացությունն) էլ է պետք, սա էլ իր հետաքրքրությունն ունի": Վարպետները դժգոհ են իրենց աշակերտներից, որովհետեւ նրանք բավարար չափով նվիրված չեն իրենց գործին, զլանում են փորձեր անել, իսկ աշակերտներն իրենց ծուլությունը բացատրում են հանդիսատեսի անտարբերությամբ: Շոու-բիզնեսի, խելապակաս հանդիսանքի, օրեցօր ավելի ու ավելի գլոբալացող այս աշխարհում լարախաղացությունը կարծես թե տեղ չունի, բայց ֆիլմը ոչ միայն հասարակության "աչքից ընկած" հերոսների ու լարախաղացության մեռնող արվեստի մասին է, այլեւ մարդկային ճակատագրերի, մեր ժամանակի, հայրեր-որդիներ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ ահել-ջահելի հավերժական բախման, որի համատեքստում ներկայացվում է նաեւ սիրո ու պարտավորվածության նուրբ խնդիրը:



- Ձեր ֆիլմը ներկայացված է "Հայկական համայնապատկեր" մրցույթում, այնինչ եւ ձեր ֆիլմը, եւ երկրորդ մրցանակը ստացած Կոմս Շահբազյանի ֆիլմը մրցունակ կլինեին նաեւ վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթում: Ինչո՞ւ էիք հենց "Հայկական համայնապատկեր" մրցույթին ներկայացրել ձեր ֆիլմը:



Իննա Սահակյան - "Հայկական համայնապատկեր" ծրագրից երեք ֆիլմ կար, որ ներկայացված էր նաեւ միջազգային մրցույթում: Դրանք էին "Արարատից Սիոն"-ը, "Մաեստրոն" եւ "Մի նայիր հայելուն"-ը: Այսինքն, դա "Ոսկե ծիրանի" ներքին ընտրող հանձնաժողովի որոշումն էր:



Արման Երիցյան - Մենք ֆիլմը ներկայացրել ենք փառատոնին, իսկ թե որ ծրագրում կներառվի ֆիլմը, դա արդեն փառատոնի ընտրող հանձնաժողովն է որոշում:



- Ֆիլմում հերոսները՝ երկու վարպետ լարախաղացները, կասկածի տակ են առնում միմիանց վարպետությունը եւ այդ կապակցությամբ "համով" կատակներ են անում ու զվարճալի դեպքեր հիշում անցյալից, դրանով ֆիլմը դարձնելով ավելի գունեղ: Դո՞ւք էիք "սադրել" նրանց կեսկատակ-կեսլուրջ "բախումը":



Ի. Ս. - Չէ, դա իրենց կյանքն է: Իրականում երկու արհեստավորների միջեւ դա շատ հաճախ է պատահում: Մենք կարող էինք թաքցնել, բայց ուզում էինք այդ միջավայրի եւ մարդկանց ամբողջական պատկերը տալ:



Ա. Ե. - Երբ իրենց հետ առանց տեսախցիկի շփվում ես, իրենք արդեն պատմում են, ասում են, թե ուրիշ ինչ լարախաղացներ կան: Իսկ նկարահանման ժամանակ հարց ես տալիս, փորձելով բացել իրենց մեջ եղած ծեր տարիքի գեղեցիկ խանդավառությունն ու խանդը, իրենց ոգեւորությունը:



- Ֆիլմի վրա մոտ երեք տարի աշխատել եք: Ինչո՞ւ այդքան երկար:



Ի. Ս. - Վավերագրական ֆիլմն էդպես է: Թեման զարգանում է, եւ դու ուզում ես էլի նկարել:



Ա.Ե. - Վավերագրական ֆիլմում շատ կարեւոր է, որ նկարահանումները, ֆիլմը կյանք ապրի: Դու պետք է ինչ-որ շրջան ապրես էդ մարդկանց հետ, հասկանաս իրենց ներքին աշխարհը: Դա պետք է քոնը լինի: Դրա համար վավերագրական կինոյում ժամանակը շատ կարեւոր է: Վավերագրական կինոյում պետք է համբերություն ունենալ՝ որսորդի պես: Դու պետք է հասցնես որսալ պահը եւ սպասել, թե ինչ կկատարվի, ոնց կզարգանա: Չհասցրեցիր՝ վերջ:



- Թեեւ ֆիլմը զգացմունքային էր, այն հանդիսատեսին չէր ճնշում: Կուզեի, որ կինոյում չափի զգացողության կարեւորության մասին խոսեիք:



Ա.Ե. - Կինոյում չափի զգացողությունը միայն քեզանով չէ պայմանավորված: Դու կերակրում ես հանդիսատեսին եւ պետք է պատասխանատվության զգացում ունենաս: Ժամանակին ես միաժամանակ երկու օպերատորների հետ էի աշխատում եւ մի օպերատորի կադրի մեջ տեղի-անտեղի ագրեսիա կար, մյուսի կադրը բարի էր ստացվում: Եթե ես ու Իննան լինեինք լացկան ու ագրեսիվ, դա կփոխանցվեր ֆիլմին, բայց մենք այդպիսին չենք: Իրենք կյանքով լի, կենսուրախ մարդիկ են, եւ եթե նրանք այդպիսին չլինեին, մենք ուղղակի իրենց մասին ֆիլմ չէինք անի:



Ի.Ս. - Նախ մենք չէինք էլ ուզում ծանր ֆիլմ անել, եւ հետո հերոսներն են համով: Ֆիլմի դրամատուրգիան է այդպիսին: Դու պետք է այնպես անես, որ հանդիսատեսը ճանաչի հերոսներին, ժպտա, ծիծաղի, սիրի, որ հետո կորուստը զգա, հասկանա: