Ով իշխանությանն է ինտեգրված, ով` ՀԱԿ-ին

Ով իշխանությանն է ինտեգրված, ով` ՀԱԿ-ին
Oրերս կայացած ՀՀՇ համագումարն ի՞նչ արձագանքներ է ունեցել  լոռեցիների շրջանում. չէ որ ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը վանաձորցի է, մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ, պատմաբան: "Ո՞վ, Արամ Մանուկյանն է ընտրվե՞լ, ի՜, բայց իրա ինչի՞ն էր պետք",- լոռեցիավարի արձագանքեց բարձրագույն կրթությամբ գործազուրկ մի կին: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մի անկուսակցական էլ գտնում էր, որ Արամ Մանուկյանը "նախկինների" մեջ "շատ թե քիչ դրական, ինտելեկտուալ անձնավորություն է", բայց նրա կարծիքով` "հայ ժողովրդին ոչ ՀՀՇ-ն է պետք, ոչ Դաշնակցությունը: Մանուկյանը պետք է հրաժարվեր էդ պաշտոնից": ՀՀՇ համագումարին Լոռուց մոտ 30 պատվիրակ է մասնակցել: Հրավիրված է եղել "Ժառանգության" անդամներից Գոհար Սարդարյանը՝ թերեւս որպես ՀԱԿ հանրահավաքների մշտական մասնակից: Կարկառուն ՀՀՇ-ականներից չի մասնակցել գեղանկարիչ, նախկին ոստիկանապետ Արամ Նազարյանը (չնայած հրավիրվել է), որ քանի տարի է` Լոռվա գյուղերից մեկում գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում: Շատ լավ հիշում ենք՝ 1998թ. իշխանափոխությունից հետո, երբ Վանաձորում տեղի ունեցավ ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը, որ բավականին բազմամարդ էր, Արամ Նազարյանը բղավում էր. "Ա լուծարվեք պրծեք, էլի, անպայման Երեւա՞նը պետք ա գա ձեզ լուծարի": Բայց ՀՀՇ Վանաձորի կառույցը չլուծարվեց ու չընկճվեց. ճիշտ է, առանձնապես քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում մինչեւ 2008թ., բայց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ հանրահավաքների մշտական մասնակից էր, որի հետեւանքը ՀՀՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի եւ այլոց ձերբակալություններն էին` մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:



Վանաձորի համայնքի ավագանու կազմում ընտրված միակ ՀՀՇ անդամը մասնագիտությամբ բժիշկ է, հիվանդանոցի տնօրեն (բնականաբար` իշխանություններին "ինտեգրված"): Կարճ ասած՝ ՀՀՇ-ից ոմանք ՀԱԿ-ին են "ինտեգրված", ոմանք` իշխանությանը: Փաստն այն է, որ ՀՀՇ-ն որպես նորանկախ հանրապետության կերտող՝ շարունակում է քաղաքական ասպարեզի վրա մնալ: Ընդդիմադիր կուսակցություններից Վանաձորում այսօր 3 գրասենյակ կա` ՀԱԿ, ՍԴՀԿ, Կոմկուս: Սրանցից առավել գործունը նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ն է` ՀՀՇ-ականների հավաքատեղին: Այստեղ էին հավաքվում գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների դիմումները: Մեկ-մեկ էլ իշխանություններից դժգոհ մարդիկ են այցելում, թերթ կարդում, օրվա քաղաքական նորություններով փոխանակվում:



ՀԱԿ համակիրներից մեկը (որ, սակայն, "աչքով աչք չունի" ՀՀՇ-ին) իմ այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ասաց. "Ես Լեւոնին շատ եմ հարգում, բայց էս վերջին ելույթից մի քիչ հիասթափված եմ, որ իշխանափոխության կտրուկ պահանջ չդրեց: Նա պետք է իր իսկ սկսած գործը մինչեւ վերջ տաներ": Հաջորդ հարցիս, թե ում է տեսնում ընդդիմության առաջնորդի դերում, ի մեծ զարմանս ինձ, պատասխանեց. "Միանշանակ Ստեփանին" (նկատի ուներ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, որ վերջին տարիներին առանձնապես քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկել: Ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա): Այնուամենայնիվ, իմ զրուցակիցը Տեր-Պետրոսյանի ելույթում դրական էր համարում այն, որ "հակառուսական նոտաներ արդեն չկային":