Բանավեճի բացակայություն
Մեր քաղաքական դաշտում ուղիղ, դեմառդեմ խոսակցություններն ու բանավեճերն իսպառ բացակայում են: Եթե չհաշվենք "Հայելի" ակումբը, որը բանավեճի ֆորմատով է գործում եւ միայն իր վարողի համառության շնորհիվ երբեմն կարողանում է հակադիր տեսակետների բախում առաջացնել, ապա հայաստանյան քաղաքական գործիչները մեծ հաշվով նախընտրում են մենակ, առանց ընդդիմախոսների հանդես գալը: Իսկ եթե ունեն տարաձայնություններ, ապա ոչ թե դեմառդեմ են հանդիպում եւ բանավեճի բռնվում, այլ իրար թիկունքում բամբասում են, լավագույն դեպքում՝ հակառակ տեսակետ հայտնում են ընդդիմախոսի բացակայությամբ: Մոտավորապես այսպես. մի գործիչ հյուրընկալվում է որեւէ մամուլի ակումբում, բողոքում ու հայհոյում մյուսին: Հետո այդ մյուսն է հյուրընկալվում եւ "ատվետը" տալիս: Անգամ ընտրությունների շրջանում մերոնք խուսափում են դեմառդեմ նստելուց եւ միմյանց երեսին իրենց փաստարկներն ասելուց: Երբ նյութին չտիրապետող մի խումբ լրագրողների առաջ ես խոսում, մի բան է, երբ լավատեղյակ օպոնենտի մոտ ես ասում՝ բոլորովին այլ բան: Բանն այն է, որ ոչ պրոֆեսիոնալիզմը, ժողովրդական լեզվով ասած, "կերել է մեզ": Գործից անտեղյակ, ինքնահավան, կիսագրագետ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները իրենց այստեղից-այնտեղից լսած կցկտուր տեղեկություններն ու խախուտ, ոչ մի փաստարկի չդիմացող կարծիքները փաթաթում են հասարակության վզին: Եթերից ու ակումբներից, կամերաների ու դիկտոֆոնների առաջ ճամարտակում են, "խելոք" մտքեր հայտնում, եւ ոչ ոք նրանց չի ասում՝ այ ընկեր, մեզ փափախով քրդի տեղ ես դրե՞լ, այդ ի՞նչ ես բարբաջում: Անշուշտ, լրագրողական հանրությունն իր մեծ մեղքն ունի այդտեղ: Բայց ինչ արած՝ ոչ պրոֆեսիոնալիզմն ու տգիտությունն ամենուր են:
Կարծիքներ