Վանաձորի անհայտ, բայց հայտնի փողոցները

Վանաձորի անհայտ, բայց հայտնի փողոցները
Վանաձոր քաղաքում շատ քիչ կարելի է հանդիպել այնպիսի փողոցների, որոնք ցուցանակներ ունեն: Իսկ որոնք էլ ունեն, ապա խանութի տիրոջ կամ էլ տասնյակ տարիներ առաջ տեղադրվածներ են: Քաղաքի տարբեր փողոցներում անցորդներից փորձեցինք ճշտել այդ փողոցի հասցեն.



- Չէի՞ք ասի որ փողոցն է սա:



- Պռասպեկտն ա, որն ա:



Սա Տիգրան Մեծ պողոտայի հին անունն է: Հարցվածներից քչերը գիտեին այն փողոցների անվանումները, որոնցով գրեթե ամեն օր քայլում են: Եթե վիճակն այսպիսին է կենտրոնական փողոցում, ապա ավելի վատ է ծայրամասերում, որոնք ոչ թե կոչում են փողոցի, այլ հենց թաղամասի անվանումով՝ Բազում, Դիմաց եւ այլն: Քաղաքի փողոցներից շատերի վրա մնացել են միայն դարն ապրած թվեր` 24, 44, 60 եւ այլն: Ինչպես հասկանալ՝ 24 թիվը Տիգրան Մեծի՞ 24-ն է, թե՞ Գրիգոր Լուսավորչի:



Փողոցների անվանումների ցուցանակների բացակայությունն ու համարակալումը լուրջ խոչընդոտ են նաեւ տաքսի ծառայությունների համար, որոնցից մի քանիսի հետ եւս զրուցեցինք: Օրինակ, "Արփի" տաքսի ծառայության դիսպետչերը նշեց. "Վարորդները շատ են դժվարանում, բայց հարցուփորձ անելով գտնում են հասցեն: Եթե ամեն փողոց ցուցանակ ունենար, մեր գործն ավելի հեշտ կլիներ": Իսկ "Պրիզ" սերվիսից էլ նշեցին. "Գոնե կենտրոնականները սովորել ենք, բայց ծայրամասերում դժվար է փողոցը գտնելը": Խնդրի շուրջ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանի հետ, որը նշեց, որ ամեն տարի բյուջեով գումար է նախատեսվում, բայց, "ցավոք, բյուջեի սղության պատճառով չենք կարողանում դա իրագործել": Պարոն Պապանյանը վստահեցնում է. "Այս տարի 3 մլն. դրամ էր նախատեսվել, որ գոնե կենտրոնական փողոցներն արվեր, բայց ճգնաժամը իր գործն արեց, ու ֆոնդային բյուջեն այս տարի հավաքվեց 30-40 տոկոսով": Հարցրինք, թե քանի ցուցանակ է պետք, բաժնի պետը պատասխանեց. "Մոտ 5 հազար հատ, իսկ այդ 3 մլն. դրամը հազիվ 5-6 փողոցի հերիքի": Տիգրան Պապանյանն այս հարցը առաջնահերթ չի համարում, նշելով, որ ավելի լուրջ խնդիրներ կան իրենց առջեւ ծառացած. "Խնդիրը կա, բայց մեր հնարավորությունները թույլ չեն տալիս այդ աշխատանքի վրա գումար դնել, մենք ավելի կարեւոր տեղեր ունենք այդ գումարները ծախսելու":



Թեպետ պարոն Պապանյանը վստահ է, որ փողոցների անվանումների ցուցանակների բացակայությունը չի խանգարում թե տաքսի ծառայությունների եւ թե, իր ասած՝ շտապօգնության 30 տարվա վարորդի աշխատանքին, սակայն պատկերը հակառակն է: Վանաձորի Շտապ բուժօգնության տնօրեն Արշակ Վարդանյանն, օրինակ ասում է. "Ունենք թե 20 տարվա վարորդներ եւ թե նոր աշխատողներ, բայց հասցեների ցուցանակների բացակայությունը շատ հաճախ խանգարում է բուժօգնության արագ մատուցմանը եւ շուտ տեղ հասնելուն":