Արձագանքում են "Հրապարակին"

Արձագանքում են "Հրապարակին"
Մեծ ընդմիջումից հետո որոշեցի վերականգնել մեր թերթի շաբաթվա արձագանքներն ամփոփելու ավանդույթը:



Նախ, մի քաղաքացու առաջարկով, ապա նաեւ ընթերցողին հաշվետու լինելու, նրան մեր առօրյային մասնակից դարձնելու նպատակով: Ընդհանրապես, գրեթե չկա հոդված, որ որեւէ արձագանքի չարժանանա: Ես դա գնահատում եմ որպես գրավոր խոսքի, ինչու չէ՝ նաեւ մեր թերթի նկատմամբ ուշադրության դրսեւորում: Նաեւ արձագանքման քանակն ու անգամ դժգոհության դրսեւորումներն են խոսում այն մասին, որ թերթն ընթերցում են եւ նրա խոսքը կարեւորում: Երբ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որն այս տարի համակարգում էր ընդունելության քննություններն ու Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատանքը, մեր թղթակցին ասում է՝ "ես քեզ ասելու բան չունեմ, ինձ չզանգես", ես հասկանում եմ, որ մենք հասարակությանն օգտակար գործ ենք արել:



Կնշանակի՝ քննական խարդախները, որոնք ամեն տարվա նման, գուցե ավելի, այս տարի քննական մեքենայություններ են արել եւ մեր կողմից բացահայտվել, ինչ-որ չափով անպատիժ չեն մնացել: Անգամ եթե քրեական գործեր չեն հարուցվել, սակայն մեր հրապարակումներն անհանգստացրել են նրանց, եւ քննական անցուդարձի համար պատասխանատու փոխնախարարը հենց դրանից է դժգոհ, որ մենք ոչ թե իդեալական պատկեր ենք ներկայացրել, այլ ցույց ենք տվել քննությունների իրական խոհանոցը: Մյուս "դժգոհը" մեր հրապարակումներից "Ժառանգության" նորընտիր փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է, որն ասուլիսում ի լուր ամենքի հայտարարել է, որ "Հրապարակը" պատվեր է կատարում: Դժվար է ասել ինչ պատվերի մասին է խոսքը, եթե մենք ընդամենը ներկայացրել ենք "Ժառանգությունից" հեռացած Զոյա Թադեւոսյանի կարծիքը, թե Հակոբյանը "Ռ. Քոչարյանի մարդն է", եւ "Ժառանգության" փոխակերպումը իշխանական նախագիծ է:



Չեմ կարող չնկատել, որ, փաստորեն, լրագրողներին մեղադրում են ոչ միայն իրենց հայտնած կարծիքի, մեկնաբանությունների, այլեւ նրանց հարցազրույց տված անձանց կարծիքների համար: Ընդ որում, այդ չարաբաստիկ "պատվեր" բառը, որ լրագրողներին ուղղված հայհոյանքի է վերածվել, մեր նկատմամբ կիրառում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ պետական չինովնիկները, եւ հասարակական գործիչները: Ի վերջո՝ ո՞ւմ պատվերն է կատարում "Հրապարակը", պարոնայք: Անցած շաբաթվա արձագանքներից հատկապես ուշագրավ էին ՀՀՇ համագումարին եւ Հայ ազգային կոնգրեսին վերաբերող հրապարակումների արձագանքները: Մեր որոշ հոդվածներ շատ սուր են ընկալվել, մենք անգամ անանուն հայհոյանքներով լի նամակներ ենք ստացել: Բայց առավել ուշագրավ են կոնկրետ անձանց կողմից կոնկրետ լրագրողներին ուղղված մեղադրանքները: Առաջին փաստարկն այն է, որ ընդդիմությանը հարվածել չի կարելի, դա իշխանության պատվերն է:



Երբ ասում ես, որ մենք հարվածելու խնդիր չենք դրել, մենք ընդամենը փորձում ենք ճշմարտացիորեն ներկայացնել իրականությունը, եւ եթե իշխանությունը մեր ամենօրյա թիրախն է, ապա ընդդիմության ներսում կատարվող իրադարձություններն էլ մենք պետք է ներկայացնենք: Եթե անգամ այդ իրադարձությունները ներկայացնելը նրա շահերից չի բխում, մեզ կրկին մեղադրում են պատվեր կատարելու մեջ: Ի դեպ, մենք էլ ենք սխալական, եւ այս օրերի հրապարակումների մեջ վրիպակ էր սպրդել՝ ՀՀՇ լրատվականի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարվել էր իր պաշտոնից, սակայն շարունակում է մնալ ՀՀՇ անդամ: Հուլիսի 21-ին մեր խմբագրություն էր այցելել պրոֆեսոր Հրաչիկ Ոսկանյանը, որին 259 համարի ավտոբուսի վարորդը վիրավորել էր՝ անվճար երթեւեկության վկայական ներկայացնելու համար: Մենք տպագրել էինք հարգարժան պատմաբանի բողոքը, իսկ հաջորդ օրը խմբագրություն զանգահարեց այդ գիծը սպասարկող "Քինգ դե լյուքս" ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը, որին, բնականաբար, դուր չէր եկել մեր հրապարակումը:



Նա նշում էր, որ 259-ը ներքաղաքային տրանսպորտ չէ, այլ միջքաղաքային, որին չեն վերաբերվում անվճար երթեւեկության կանոնները: Իրենք 850 անվճար վկայականներ են տրամադրել տարբեր անձանց, բայց պարտավոր չեն պետության տրամադրած վկայականները հարգելու: Սակայն Արթուրը նաեւ վատ էր զգում եւ իր վարորդի փոխարեն ներողություն խնդրում տարեց մարդուց՝ վիրավորելու համար, չնայած վստահ չէր, որ իրականում նման կոնֆլիկտ է եղել, եւ վարորդը վիրավորել է պրոֆեսորին, այլ ոչ թե հակառակը:  Կհանդիպենք հաջորդ շաբաթ: