Անտերուդուս

Անտերուդուս
Լույս է տեսել, ավելի ճիշտ՝ երեւան է եկել, իսկ էլ ավելի ստույգ՝ Երեւան է եկել մի գիրք՝ "Անտերուդուս" անունով։ Դա մի տարօրինակ գիրք է, շապիկին չկա ոչ հեղինակի նկարը, ոչ էլ առհասարակ որեւէ նկար։ Փոխարենը՝ ծայրից ծայր գրություն է, որտեղ հեղինակը շատախոսում է պոեզիայի, արձակի ու պոեզիայի, պոեզիայի եւ բանաստեղծության տարբերությունների եւ անգամ այն մասին, թե ինչու է շապիկին տեղադրել այդ տեքստը. "Գիրքս, իհարկե, չի ունենա  պատշաճ ապրանքային տեսք  եւ սպառողական հաջողություն։ Բայց լավ բան էլ կա այս ամենում՝ սա մի թիթիզ մարտահրավեր է պատկերին, որ դարձել է տիրապետող եւ սեփական տիրույթից դուրս մղել գիրը։ Սա առաջարկ է, որ գիրը կարող է փոխարինել պատկերին։



Նաեւ անհեթեթ մի հույս է, որ ի վերջո գիրն է։ Եթե, իհարկե, ի սկզբանե բանն է եղել"։ Թերթի ծավալը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ մեջբերելու այն, ինչ գրքի վրա է, ուստի կարդացեք այն, ինչ գրքի մեջ է։



Արփի ՈՍԿԱՆՅԱՆ



ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ



Հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ

ապրում է վարձով,

ծերը ծերին հասցնելով, մի կերպ,

անընդհատ վտարման սպառնալիքի տակ,

խուսափելով տանտիրոջ հետ հանդիպումներից

եւ անհամբեր սպասելով նրա այցին,

հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ

իրեն պահում է տնվորի պես.

մեխեր է մեխում պատերին,

աղմկում, դեբոշներ սարքում,

քայլում վարագույրների վրայով,

չանգռտում կահույքը,

հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ,

որ ընդունում է հոգուս չափսերը,

իսկ ես մեծահոգի եմ ու լայնախոհ.

ինձ չի հաջողվում գտնել իմ տեղն աշխարհում

եւ հարմար դիրք բազմոցի վրա,

ինչ-որ տեղ ինչ-որ բան ցավում է՝

հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ

փակվել է տանտիրոջը հանդիպելու ահից,

սպասում է անակնկալ այցի՝

երազելով վռնդվել տնից ավեր,

վաղուց կարոտ կապիտալ վերանորոգման

եւ սեփական ճիրաններով բզկտված,

հոգնած, քանդուքարափ մարմինն այս

հանձնել մեկի, ինչպես մայր հողին։



2004



ՀՈԳԵԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ



Անթրաշ, անլվա, անխնամ,

երբեւէ չսիրված մարմնով

մարմինների արանքը խցկվող

համատեղ երթի, դոփյունի,

միասնական ուժի մեջ

վախը խեղդելու համար,

հացադուլներից ու

հոգեւոր սննդի չարաշահումից

շարքից դուրս եկած

աղեստամոքսային տրակտով,

անատամ, փրփրած բերանով

աղաղակող, գայթող, ցնցվող,

գենետիկ հիշողության կորստով,

մտավոր թերզարգացմամբ,

դաշտանային ցիկլի խանգարումներով,

հիրսուտիզմով եւ հերսոտությամբ,

պարալիչի կնիքը վերջույթներին

եւ խելագար հայացքի մեջ,

որտեղ շառաչ է եւ ցասում,

անփարատելի վախ,

փշրվող ատամների կրճտոց։



2004

ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱՆ------------


դու ինքնաթիռ չես, որ բարձր ճախրում է


երկնքում


եւ երբեմն խոցված սրտով գահավիժում ցած,


ոչ էլ գնացք, որ սողում է գետնի վրայով եւ


մխրճվում անտառների ու անապատների


սիրտը։


ամռանը զով, ձմռանը տաք մետրո չես,


ուր մարդ կարող է գիրք կարդալ ու համբուրվել,


ընտանիք կազմել ու տնավորվել,


եւ ավտովթարը չի սպառնա նրա


երջանկությանը.


սա ահաբեկչական գործողությունների վայր է։


մարդատար ավտոմեքենա չես,


ոչ էլ մեքենա, որ բեռներ է տեղափոխում,


ոչ էլ տրոլեյբուս, որ տեղափոխում է ծեր


մարդկանց։


տրամվայ էլ չես, որ հետեւողականորեն


երկրաշարժի է ենթարկում շրջակա շենքերը։


առավել եւս ավտոբուս չես, որտեղ ընդունված է


տեղ զիջել սպիտակ մազերով մարդկանց,


որտեղ կարելի է կանգնել հասակով մեկ


եւ կտրուկ կանգառների ժամանակ


պատահաբար դիպչել միմյանց։


Դու մարշրուտկա ես, ուր միշտ նեղվածք է


ու հրմշտոց,


ուր մարդիկ լցված են իրար գլխի


եւ սրտի թրթիռով միմյանց ոտքերն են


տրորում։


մարշրուտկա, որ կանգնում է ամեն


քայլափոխի


եւ ամեն անգամ հոգեվարքի ձայներ


արձակում,


որ միշտ աշխատում է վերջին շնչում՝


անմոռանալի պահեր պարգեւելով


սուր զգացողությունների սիրահարներին


եւ անվնաս հասցնելով նրանց ճիշտ տան


դռան մոտ։


" դե լավ, ներող կըլնեք, ես ոնց որ հասա.


ՍՏԵՂ ՊԱՀԻ, ՎԱՐՊԵՏ։


ՍՏԱՑԻ,  ՄԵԿԸ ՀԵՏՈ ԿԻՋՆԻ։


ԿԻՋՆԵՍ, ՊԱԿԱ։


2006


ՀԻՆ-ԲԱՐԻ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝


ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՎ ԱՄԵՆԵՎԻՆ


ՈՉ ԱՆՎՏԱՆԳ


Սկզբում սերն է գալիս,


հետեւից՝ ավել, ժավել,  լուգա, լողակ


ու մաքրության այլ պարագաներ


վաճառողները,


հետո  հարեւանուհին է գալիս՝ սուրճ խմելու,


լույսի, ջրի ու գազի մարդիկ իրար հետեւից,


մուրացկաններ՝  օժտվածության տարբեր


աստիճանով,


անկապ երեխաներ են գալիս,


ծնողներ՝ որտեղից-որտեղ,


հանկարծ սկսում է ճաշի հոտ ու լացի ձայն գալ,


ապա լացն ինքը,


ծիծաղը լացի վրա,


հետո՝ հարբեցող ընկերներ,


արաղի հոտ առած հիսուն տարին,


բոբոների դերակատարներ ճերմակ տենդի


համար,


գոդոների գործակալներ՝


փրկության տարբեր պրոյեկտներով,


վերջապես հնձվորներն են գալիս


ու հնձում եղած-չեղածը։


Այ սենց՝


սխալվեցիր, դուռը բացեցիր՝ քաքն ընկար։


2006


KAZAKI


գարուն է


էլի ղզղնել են


պատերազմ է լինելու


ամբիոնները գրավել


ռմբակոծում են ճառերով


հայրենիքի դրոշն են ծածանում


ու վանկարկում անունը


մարզադաշտից դեպի մարտի դաշտ


ոգեշնչումից մինչեւ հոգեհանգիստ


կորուստներն եմ հաշվում


ու սքանչելի է


արյունը որ հեղվելու է


մթան մեջ շեղբեր են փայլելու


եւ ճայթելու է վառոդը


ու սեր է լինելու մեծ


ու մահ


թեթեւ ու հեշտ


2006թ.


ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՄԻ


առանց քեզ հաց չեմ ուտում


հեռուստացույց չեմ նայում


չեմ քնում չեմ արթնանում


առանց քեզ չեմ լողանում


մազերս չեմ սանրում


շորերս չեմ լվանում


կինոն կինո չի առանց քեզ


միտինգը միտինգ չի


երթը երթ չի


Նիկոլը անգամ էլ էն չի


ո՞նց եմ հեղափոխություն անելու


առանց քեզ


2007


ԿՅԱՆՔՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է


ժամանակն է որ ընտանիք դառնայի


տունուտեղ դնեի եւ այլն


ընկերուհիներս մեծ երեխաներ ունեն


սիրող ամուսիններ


ոմանք նաեւ սիրեկան


ով ոնց


իսկ ես դեռ չեմ որոշել ինչ եմ ուզում դառնալ


ինչով եմ ուզում զբաղվել


հետաքրքրություններիս շրջանակը


եւ այլն


ընկերներս ձեռ են առնում


զինակոչիկի սիրած աղջիկ էլ դառար


2007


ՉՃԵՂՔԵԼՈՎ ԱԼԻՔՆԵՐԸ


դեռ կողքին ես գրկած քնած ես


իսկ նա հուդայաբար կասկածում է


ճգնում գաղտնալսել մտքերդ


դու նա՞ ես թե ուրիշին սպասի


մինչեւ վերջին մանանեխի հատիկ


հավատը քամուն տված էդ աղջիկը


մտքում արդեն քեզ մատնում է


արագ մոռացության


թոթափած կասկած ու հույս


ընդմիշտ զիջած իր տեղը քո կողքին


դին ալիքներին հանձնած


լողում է


էլի հրաշք չեղավ


ապագայում գոնե կիմանա


էս անգամ էլ հավատը չհերիքեց


2007


ՄԱԶԵՐ ԵՐԱԿՆԵՐ


քայլում եմ ծաղկած ծառերի կողքով


ձմռան ընթացքում քաշ եմ հավաքել


մազերս ավելի են երկարել


դժվար է գլուխը պահել բարձր


վզի վրա պահել


քայլում եմ ու հետեւիցս մազերի գետ է


հոսում


ծառերից ծաղիկներ են թափվում


մազերիս մեջ


ծխախոտի մնացորդներ պատշգամբներից


մազերս հեղեղել են փողոցները


դժվար է շնչելը


ծաղկած ծառերի հոտից ցավում են թոքերս


կոկոն աղջիկների տեսքից ցավում է սիրտս


ձմռան ընթացքում երեսուն տարեկան


եմ դարձել


ու էլի չգիտեմ


մազերս կտրեմ թե երակներս


ծաղկած ծառերը բուրում են կոկոն


աղջիկների պես


անտանելի է նրանց կողքով քայլելը


մազերս կիեւյան կամրջից կախել


նայում եմ ոնց է խառնվում գետին


ինձնից գահավիժող մազվեժը


քամին ալեկոծում է մազերս


ծածանում փռում երկնքով մեկ


քամին մազերիցս փոթորիկ է սարքել


պինդ բռնվել եմ բազրիքից


դժվար է չթռչելը


2008