Հողը ոտի տակից փախնում է

Հողը ոտի տակից փախնում է
Լոռու մարզի Շահումյան գյուղը ճանաչվել է Հարավկովկասյան ծրագրի մեջ որպես Լոռու մարզի 3 խոցելի համայնքներից մեկը: Դեռեւս անցած տարվա գարնանը տեղի ունեցած անձրեւների ժամանակ գյուղը լուրջ վնասներ էր կրել, գյուղացուն զրկելով ողջ բերքից: Սակայն բերքից բացի, տուժել էին նաեւ գյուղի ճանապարհները, քանդվել էր գյուղի առաջին կամուրջը, փակելով գյուղի մուտքը: Ուժեղ սելավների պատճառով փլվել էին նաեւ գյուղի բուժկետն ու մի քանի այլ շինություններ: Այս ամենից բացի, գետը հունից դուրս գալով, քշել-տարել էր տներից որոշ մասեր, ինչը բնակիչները սարսափով են հիշում. "Մեր հարեւանն իր ընտանիքով հաց էր ուտում էդ պահին, երբ գետը քշեց-տարավ խոհանոցն ու բաղնիք-զուգարանը, ու հազիվ փրկվեցին էդ մարդիկ": Շահումյան գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանի պնդմամբ՝ տարերքից հետո գյուղն ընդգրկվել է տարբեր ծրագրերում, եւ բավականին լուրջ աշխատանքներ են գյուղում տարվել. "Կառուցվեցին հեղեղատարներ, գյուղի մուտքն ապահովագրվեց, կառուցվեցին նաեւ 130 մետր երկարությամբ գաբյոններ (հենապատ-ցանցեր), տուն կար, որ վտանգի տակ էր, տարածքն ամրացրեցինք": Թվում է՝ 1 տարի անց գյուղը գտել է բնության անակնկալների դեմն առնելու ձեւերը, արդեն ապահովագրված է, գետի հենապատերը բարձրացված են, բայց պատկերը հակառակն է ցույց տալիս: Գյուղապետը նշում է, որ գյուղի տակ ջրեր են հոսում, ամեն տան տակից ջուր է դուրս գցում, բայց սա խնդրի մի կողմն է միայն: Վիճակը կրկնվել է նաեւ այս տարի` փլման վտանգի տակ պահելով թե գետի մոտ կառուցված տները եւ թե գյուղի երկրորդ կամուրջը: Սա հաստատում է նաեւ գյուղապետը. "Հեղեղումների հետեւանքով կամրջի տակ 2 մետր բացվածք է  առաջացել, կից հենապատն արդեն ճեղքվել է, նորից ահազանգել ենք, ու արդեն կարծես թե աշխատանքներն սկսվել են": Գյուղապետի նշած թե երկրորդ կամուրջը, եւ թե անցած տարի կառուցված 130 մետր գաբյոնն այսօր քանդվում են: Օր օրի հողը փախնելով, մոտենում է տներին, նրանց տալով վթարայնության աստիճան: Վթարային իրավիճակում է հայտնվել նաեւ Շահումյանի բնակիչ տիկին Արմինեի տունը: "Համարյա գյուղի սաղ տներն էլ վթարային են, մանավանդ մերը, հողը թեքվելով, խարխլել է մեր տան հիմքը, պատերը թեքվել են, տունը համարվել է 3-րդ կարգի վթարային", ասում է տիկինը: Նշում է նաեւ, որ ճար չունեն ուրիշ տեղ գնալու ու ամեն վայրկյան սպասում են, որ իրենց տան հետ էլ տեղի կունենա այն, ինչ եղավ հարեւանի հետ: Շահումյանի գյուղապետը մեծ վստահությամբ նշում է, որ ամեն ինչ արվել եւ արվում է գյուղը հնարավորինս պաշտպանելու համար, սակայն հողն այնքան է լցվել գետը, որ տները թեքված հողից արդեն 2-3 մետրի վրա են գտնվում, եւ եթե այսպես շարունակվի, այս անգամ ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի տուն գետը կքշի-կտանի: Մենք ինքներս էլ տեսանք, թե հողն ինչպես է մեկ մետր խորությամբ ճաքել ու թեքվել գետի մեջ, եւ գնալով այն ավելի է մոտենում տներին ու բացի տների փլուզումից, գետը կքանդի նաեւ այն բոլոր արված աշխատանքները, որի մասին գյուղապետը մեզ պատմում էր:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր