"Գիշերօթիկ" հասկացությունը պետք է դուրս գա

"Գիշերօթիկ" հասկացությունը պետք է դուրս գա
Կրթական բարեփոխումները վախ են առաջացնում: Այդ վախը, մեկ էլ ուսման վատ որակը բարեփոխիչ ջանքերի միակ արդյունքն են: Բայցեւայնպես չինովնիկները նոր փորձարկումներ են ձեռնարկում: Այս ամառ էլ նրանք հանգիստ չունեն, իսկ անհանգստանալու առիթ՝ որքան ուզես: Ավագ դպրոցներ, գիշերօթիկների լուծարում, հատուկ դպրոցների վերակազմավորում, կրճատումներ նախարարությունում՝ ցնցումները հազիվ թե հարթ անցնեն, բայց ապարատը պատրաստ է դժվարությունների: "Առաջին տարին ծնողներն ասում էին՝ մեր երեխեքին հանում եք իրենց դպրոցից, կռիվներ կլինեն, երեխաները չեն հարմարվի: Հանեցինք՝ ոչ մի կռիվ չեղավ: Ամեն ինչ նորմալ ընթանում է: 18 ավագ դպրոց էր Երեւանում՝ 34 դարձան: Իսկ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից 91 ավագ դպրոց է լինելու: Գուցե լինեն այնպիսիք, որոնք 10-րդ դասարանցիներ չունենան: Ոչինչ, դա էլ կլինի: Մենք մինչեւ մյուս տարի ներառյալ ժամանակ ունենք",- ասում է ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:



- Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով եք ընտրել` որ դպրոցն է ավագ դառնալու, որը՝ հիմնական: Օրինակ, 114-ը Չեխովի անվան դպրոցի չափ կայացած է, բայց առաջինը ավագ դարձավ, երկրորդը՝ ոչ:



- Նախ աշխարհագրական դիրքն ենք կարեւորում: Հատկապես փոքրերի մասին ենք անհանգստանում, որ հեռու տեղեր չգնան: Ավագը որ մի քիչ հեռու լինի, ոչինչ, 10-րդ դասարանցին հեռու կարող է գնալ: Երկրորդը, որ ավագ դպրոցը շատ աշակերտներ չունենա: Օրինակ, Չեխովի դպրոցը մեկից իններորդ դասարանը լիքն է: 6, 7, 8 առաջին դասարան ունի: Չարժե դա ավագ սարքել, հակառակ դեպքում այդքան առաջիններ կկորցնենք: Դրա համար վերցնում ենք դպրոցները, որոնք շատ առաջին դասարան չունեն:



- Բայց 114-ը շատ աշակերտներ ունի:



- Ճիշտ է, բայց հանգիստ ենք, որովհետեւ անմիջապես դիմացը 71-րդը ունենք: Իսկ Չեխովին մոտ այլ դպրոց չկա: Ո՞ւր ուղղորդենք առաջին դասարանցիներին: Նույնն էլ Պուշկինի դպրոցն է:



- Ես պատկերացնում էի, որ Երեւանի թիվ 114 դպրոցը՝ որպես ավելի կայացած, կմնա հիմնական, իսկ 71-ը կդառնա ավագ:



- Մենք ուզում էինք նաեւ ավագների թվում լավ դպրոցներ ունենալ: Հատկապես կենտրոնում: Ասենք, Պուշկինի, Չեխովի դպրոցների ծնողները դրանց մակարդակին համարժեք դպրոցներ են ուզում: Բացի դա, կենտրոնում վարժարաններ կան, եւ լավ ավագ դպրոցներ էլ պետք է ունենանք այնտեղ: Հակառակ դեպքում վարժարանները լիքը կլինեն, իսկ ավագ դպրոցը՝ դատարկ:



- Մենք մյուս տարի շրջանավարտներ չենք ունենալու: Սա չի՞ խախտի բուհական ցիկլը:



- Ավագ դպրոցը երեք տարի է, եւ 10-ից 11-րդ դասարան փոխադրվողը մյուս տարի բուհ չի գնա: Այնտեղ գուցեեւ պրոբլեմ կլինի, բայց այլընտրանք չունեն:



- Նաեւ հատուկ եւ գիշերօթիկ դպրոցներն են վերակազմավորվում, իսկ նախարարության հատուկ կրթության բաժինը լուծարվում է: Ինչո՞ւ:



- Գտնում ենք, որ երեք բաժին պահելը՝ կրթության, նախակրթական եւ հատուկ կրթության, ավելորդ է: Սրանց փոխարեն կարող է լինել մեկը: Մի բաժին էլ կլինի քաղաքականության մշակման եւ վերլուծությունների համար: Ինչ վերաբերում է գիշերօթիկներին, ապա 52 դպրոցից մնացել է 24-ը, եւ դա էլ է կրճատվելու: Շատ լավ գործ ենք արել էս երեք-չորս տարվա ընթացքում: Այդ երեխաները պետք է գնան տները: Վերջապես, պետությունը ստեղծել է խնամքի կենտրոններ, որտեղ անապահով երեխաները խնամք են ստանում ցերեկը եւ այնտեղից գնում են հանրակրթական դպրոց: Իսկ գիշերօթիկ են ուղարկում երեխային մի կտոր հացի համար: Թող երեխան իր տանն ուտի այդ հացը:



- Հատուկ դպրոցների տնօրենները հիվանդագին են ընդունում փոփոխությունները: Վարքի շեղումներ ունեցող երեխաների համար նախատեսված թիվ 18-ի տնօրեն Ծովինար Գեւորգյանը Ձեզ մեղադրեց այն բանի համար, որ լուծարում եք դպրոցը, որտեղ ինքը ղեկավար է: Ի վերջո, ո՞րն է թիվ 18 դպրոցի լուծարման բուն պատճառը:



- Մենք էդ դպրոցի տեսակն ենք լուծարում: Մենք Գեւորգյանին չենք լուծարում: Էդ տեսակի դպրոց այսօր մի հատ ունենք՝ Վարդաշենում, որի հարցը դեռ առանձին պետք է քննարկենք: Բայց թիվ 18 դպրոցում կան երրորդ, չորրորդ դասարանների լուսավոր, արեւոտ երեխաներ, որոնք չպետք է լինեն վարքային շեղումներ ունեցողների գիշերօթիկում: Սա է պատճառը: Իսկ շենք վերցնելու կարիք, ինչպես տնօրենն է տարածում, չունենք: Էս 4 տարիների ընթացքում երեխաների թիվն այդ դպրոցում չի ավելանում: Եթե անգամ ավելանում է, արհեստական են այդ թվերը: Թիվ 18-ի տնօրենը թիվ է ներկայացնում՝ 76 աշակերտ, բայց այդքան երեխա այդ դպրոցում չի երեւում:   Մի թիվ է այնտեղ գրվում, էդ թվով դպրոցը ֆինանսավորվում է: Գնում ենք ստուգումների, հաշվում ենք, տեսնում ենք քիչ են երեխաները: Մեր հանձնաժողովն արձանագրել է դա: Նախարարը լուծարման հրաման է տվել: Հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովն աշխատել է նաեւ ընտանիքների հետ, եւ երեխաներին վերադարձնելու խնդիր է դրվել: Մեր գործը երեխային տուն տանելն է: Էդ մայրերին պետք է հասկացնենք, որ "գիշերօթիկ" հասկացությունն այս հանրապետությունից պետք է դուրս գա: