Վահան Հովհաննիսյան. "Մենք այդ ի՞նչն ենք ողջունում"

Վահան Հովհաննիսյան. "Մենք այդ ի՞նչն ենք ողջունում"
"Ով ասես թեժ ամառ, թեժ գարուն, թեժ աշուն խոստացավ, հետո ոչ մի բան, այդ պատճառով խուսափում եմ այդ բառից, ուղղակի շոգ ամառ է, եւ բավականին զարգացումներ կան, որոնք մտահոգիչ էլեմենտներ են պարունակում",- երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ամառվա ընթացքում արձանագրված քաղաքական պասիվությունը աշնանը կվերանա: Իսկ այս ընթացքում, ըստ նրա, քաղաքական կուսակցությունները զբաղված են  խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով. մի  մասն իրենց կազմակերպչական կարողություններն է մոբիլիզացնում, մյուս մասը` փողը, երրորդում նոր դեմքեր են ներգրավվում:



"Մենք, ճիշտն ասած, աշխատում ենք սոցիալ-տնտեսական ուղղությամբ, որովհետեւ ընտրությունները՝ ընտրություն, բայց պետք է երկրում ընտրող մնա, որ ընտրությունները կայանան, եւ պետք է այդ ընտրողին ապահովել անհրաժեշտ մինիմումով, որպեսզի նա ոչ միայն շարունակի գոյատեւել հայրենիքում, այլեւ իրեն այս հայրենիքի քաղաքացի զգա",- հավելել է  ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, որն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: "Անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ դրա համար կան նախադրյալներ: Այս պահին ես նախադրյալներ չեմ տեսնում, բայց չի նշանակում, որ չեն կարող առաջանալ: Երբ հասարակության մի մասը համարում է, որ անհրաժեշտ է, այդ մասը պետք է ապացուցի, որ ինքն այնքան ծանրակշիռ մաս է, որ հասարակությունն ամբողջությամբ պարտավորված է ընտրել այդ ուղին: Այսօր այդ ապացույցները ես չեմ տեսնում":



Վահան Հովհաննիսյանը երեկ խոսել է նաեւ ԼՂՀ կարգավորման բանակցություններից: Մտահոգիչը, ըստ նրա, այն է, որ հիմա նոր է պարզ դառնում,  որ ղարաբաղյան հարցում մեր իշխանությունները Մադրիդյան սկզբունքներ ասելով` հասկանում են միայն սկզբունքներ, որոնց հիման վրա կարող է բանակցություն ընթանալ կոկրետ լուծումների վերաբերյալ, իսկ Ադրբեջանը միեւնույն ժամանակ Մադրիդյան սկզբունքների վրա տեսնում է լուծումը եւ ասում է. համաձայն եք` հանեք զորքերը: "Տարակարծությունները ոչ միայն դիրքերի տարբերությունից են, այլ նաեւ նրանից, որ երբ տեսակետդ ճշգրիտ, ամբողջությամբ չես հայտնում, հնարավորություն ես տալիս դիմացինիդ մանիպուլյացիայի ենթարկել խոսքերդ: Մեր արտաքին գործերի նախարարը եւ ԱԳՆ տարբեր պաշտոնյաներ միշտ ողջունելով են խոսել Մինսկի խմբի գործունեության համանախագահների, հատկապես Մադրիդյան սկզբունքների մասին, սակայն հիմա պարզվում է, որ մեզ տարել են ծուղակը: Այդ ի՞նչն էիք ողջունում: Եթե ողջունում էիք այն, ինչ դրա տակ հասկանում է Ադրբեջանը, ուրեմն վիճակը լավ չէ, իսկ եթե ողջունում էիք այն, ինչ նկատի ունեիք, ուրեմն լավ չեք բացատրել, թե ինչ նկատի ունեիք",- հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: