Կկարողանա՞նք օգտվել նախադեպից

Կկարողանա՞նք օգտվել նախադեպից
Նախօրեին ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը՝ Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ճանաչելու մասին, ոգեւորություն է առաջացրել Հայաստանում եւ Ղարաբաղում: Թեեւ Հաագայի դատարանի որոշումն օրենքի պարտադիր ուժ չունի, այնուամենայնիվ տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման հայտնի սկզբունքների միջեւ հարաբերակցության հստակեցման տեսանկյունից նախադեպային կարող է լինել: Ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂՀ ճակատագրի վրա Կոսովոյի անկախության հռչակման օրինականության մասին վճիռը:



ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ որոշումը կարող է օգտագործվել ԼՂՀ անկախության խնդիրն առաջ տանելու տեսանկյունից, բայց որքանով դա կցանկանան իրականացնել հայկական կողմերը՝ դժվար է կանխատեսել, որովհետեւ Հայաստանն ու ԼՂՀ-ն համատեղ մշակած քաղաքական ուղեգիծ չունեն: "Այսօր առավելագույնը, որ գուցե անեն հայկական կողմերը, բարձրաձայնելն է, որ եթե Կոսովոյի հարցը միջազգային հանրությունը դրական է գնահատում՝ այն համարելով անշրջելի, առնվազն նույնը պետք է տեղի ունենա նաեւ ԼՂՀ դեպքում: Թեեւ, անգամ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման պարագայում, միջազգային հանրությունն այդ երկու նորանկախ պետությունների իրավազորությունը չի ճանաչում":



Քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Կոսովոյի նախադեպն անմիջական ու շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ, չնայած այդ ուղղությամբ Հայաստանն ավելի վաղուց պետք է մտածեր: "Կոսովոն որակապես տարբերվում է  վերջին ժամանակներում անկախություն ստացած այլ երկրներից, օրինակ Չեռնոգորիայից, Արեւելյան Թիմորից: Մի դեպքում անկախությունը նվաճվեց ապագաղութացման ճանապարհով,  մյուս դեպքում՝ Բելգրադի համաձայնությամբ: Բայց Կոսովոն մինչեւ կոնֆլիկտի սկիզբը միայն ինքնավար մարզի կարգավիճակ ուներ Սերբիայի կազմում, եւ երկրորդ՝ Սերբիան մերժեց նրա անկախությունը: Այդ գործոններով Կոսովոն գրեթե համընկնում է Ղարաբաղի ու Աբխազիայի խնդիրների հետ",-ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ  Հաագայի որոշմամբ մենք նախադեպ ստացանք: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա, Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, հարկավոր է  ՄԽ ձեւաչափով շարունակել բանակցությունները, բայց, փոխելով շեշտադրումներն ու ուժեղացնելով ինքնորոշման իրավունքի մեխանիզմը, չբացառելով նաեւ զուգահեռ գործողությունների անհրաժեշտությունը: Քաղաքագետի կարծիքով՝ այս նախադեպից հետո ԱՄՆ-ի եւ ՄԽ դիրքորոշումը ԼՂ հարցում չի կարող չփոխվել՝ եթե ոչ կտրուկ, ապա որոշակի փոփոխություններ անպայման կկատարվեն: Հարցը երեկ ամենաքննարկվողն է եղել նաեւ Երեւանի մամուլի ակումբներում:



ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեսակետ է հայտնել, թե Հաագայի դատարանի վճռի հիմնավորումները կիրառելի են նաեւ ԼՂ-ի հարցի հետ կապված, բայց լուրջ փոփոխություններ պետք է մտցվեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: "Կոսովոյի անկախությունն ընդունվել է իրավունքների "ապաքինման" նպատակով անջատվելու իրավունքի հիման վրա: Այսօրվա միջազգային իրավունքն ընդունում է, որ ինքնորոշման իրավունքը կարող է ընդայնվել՝ ընդհուպ անջատման աստիճան, այն ժամանակ, երբ ինքնորոշվող ժողովուրդը ենթարկվել է իր իրավունքների ոտնահարմանը",-բացատրել է Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ կարեւոր հանգամանքը Հայաստանի կողմից անուշադրության է մատնված եւ չի կիրառվում:



"Պետք էր Կոսովոյի անկախության հռչակման նախաշեմին Ազգային ժողովի օրակարգ մտցնել Լեռնային Ղարաբաղի ուշացած ճանաչման խնդիրը: Այն ժամանակ պետք էր դա անել: Հիմա հասանք այն բանին, որ միջազգային դատարանը խորհրդատվական վճիռ կայացրեց",-հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել "Ժառանգություն" կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, Հայաստանը քաղաքական քաջություն չունեցավ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, այնինչ հարցը պետք է լուծված լիներ Կոսովոյի անկախության հռչակումից շուտ: Այսուհանդերձ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ճշգրիտ քաղաքականության դեպքում Կոսովոյի նախադեպը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ:



ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ համակարծիք է, որ այն կարող է գործիք դառնալ ԼՂՀ անկախության ճանաչման համար: Սրա հետ մեկտեղ նա ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռը դիտարկում է երկու տեսանկյունից՝ "մեր ազգային շահի եւ համաշխարհային արդարության": Բուն վճիռը նա ողջունելի է համարում, բայց դեռ չկայացած վճռի շուրջ առաջացած խաղերը՝ մտահոգիչ: "Երբ մի գերտերություն ասում է, որ ես, անկախ վճռից, ողջունելու եմ Կոսովոյի անկախությունը, եւ դա ԱՄՆ-ն է` աշխարհում մնացած միակ գերտերությունը, արդեն մտահոգիչ է: Այդ դեպքում նշանակում է, որ միջազգային մակարդակի վրա դատական վճիռներն այլեւս արժեզրկվում են: Սա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այսպես խարխլվում են միջազգային իրավունքի հիմքերը",-համոզված է Վահան Հովհաննիսյանը: