Փորձությունը` սեպտեմբերին

Փորձությունը` սեպտեմբերին
Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ բանակցությունների եւ  դիվանագիտության շարքից ամենավերջինն էր: Այդ հանդիպումը կապված չէր հայ-թուրքական դիվանագիտության հետ, եւ չնայած որ Թուրքիան արհեստականորեն փորձեց կապակցել այս երկու հարցերը, այնուամենայնիվ, Ղարաբաղը եւ հայ-թուրքական դիվանագիտությունը երկու տարբեր ճանապարհներ են: Ալմաթիի հանդիպումը ինքնին արդեն բանակցային հիմքերին վերադառնալու մասին էր` փորձել Ադրբեջանին վերադարձնել դիվանագիտությանը:  Այլ խոսքով ասած, ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ պահելու համար:



Միջնորդների համար այլեւս այնքան էլ կարեւոր չէր տեսնել, թե ինչ է դրված բանակցային սեղանին: Մինսկի խումբը հիմա ավելի մտահոգված է Ադրբեջանի` բանակցություններից դուրս գալու եւ հիմնախնդրին ռազմական լուծում տալու հնարավորությամբ: Իսկ այդ հնարավորությունը վտանգավոր է բոլորի համար: Ստեղծված իրավիճակում  Հայաստանը պետք է ասի մոտավորապես հետեւյալը՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ Ադրբեջանը մերժի ռազմական ճանապարհը, նախքան մենք կանդրադառնանք բանակցային սեղանին դրված փաստաղթերին: Եվ միջազգային հանրության ճնշումը պետք է ուղղված լինի Ադրբեջանին` ցույց տալու համար, որ բռնի ուժով կամ պատերազմի միջոցով Ղարաբաղի հիմնահարցը լուծելու որեւէ հնարավորություն չկա: Այսպիսով, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության միակ սպառնալիքը գալիս է Ադրբեջանից:



Եվ այս եզրակացությունը Ղազախստանում անցկացված ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ վերջերս տեղի ունեցած հանդիպման գլխավոր ու հիմնական իմաստն էր: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը կարճաժամկետ բացելու վերաբերյալ խոսակցություններին, իրականում առայժմ դեռ շատ շուտ է դատողություններ անել այդ մասին, որովհետեւ Թուրքիայի համար իրական փորձությունը լինելու է սեպտեմբերին: Այդ ժամանակ պարզ կլինի՝ կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը: Հիմա, եւ ինչպես միշտ, իրական փորձությունը միայն Թուրքիայի համար է եւ ոչ Հայաստանի: Բոլոր սպասումներն ու ճնշումները նույնպես Թուրքիային եւ ոչ Հայաստանին են վերաբերելու:



Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՌԱՀԿ փորձագետ