Հանրահավաքը չկայացավ. խաշը փոխարինվեց թեյով

Հանրահավաքը չկայացավ. խաշը փոխարինվեց թեյով
Հուլիսի 23-ի առավոտվանից հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում երեկոյան պիտի կայանար հանրահավաք։ Հայաստանյան երեքեւկես տասնյակ լրագրողներ էին եկել Արցախի մայրաքաղաք՝ լուսաբանելու Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշման կապակցությամբ հրավիրված հանրահավաքը՝ ի պաշտպանություն անկախ կոսովցիների եւ ի տարոս Ղարաբաղի։



Շրջանառվող լուրերի համաձայն, Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու գաղափարը ծնվել էր պաշտոնական Երեւանում, որտեղից էլ այն իրագործելու հրահանգ է "իջեցվել" պաշտոնական Ստեփանակերտին։ Նույն օրը Արցախի գրեթե բոլոր պետական հիմնարկների աշխատողներին հրահանգել էին աշխատանքային օրվա ավարտին դուրս գալ հրապարակ՝ հանրահավաքի։ Կեսօրից, սակայն, արդեն լուրեր էին պտտվում, թե հանրահավաքը չի կայանալու, փոխարենը՝ աշխատանքային օրվա վերջում ԼՂՀ քաղաքական ուժերը մամուլի ասուլիս են հրավիրելու, հանդես են գալու համատեղ հայտարարությամբ եւ պատասխանելու են լրագրողների հարցերին։ Չճշտված լուրերի համաձայն, նույն օրը տեղեկանալով` Մոսկվային ամենեւին դուր չէր եկել Ղարաբաղում կայանալիք հանրահավաքի գաղափարը, եւ հյուսիսային հարեւանը Երեւանին խստիվ արգելել էր նման հանրահավաք անցկացնել, եւ պաշտոնական Երեւանը Ստեփանակերտին հրահանգել էր՝ "ատբո՛յ տվեք", հանրահավաք "օպերացիան" չպիտի կայանա...



Ասուլիսում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընթերցեց հայտարարության տեքստը, որտեղ մասնավորապես ասված է. "Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը"։ Հայտարարության հեղինակ ԼՂՀ ԱԺ երեք քաղաքական ուժերը՝ "Հայրենիք", "Ժողովրդավարություն" եւ "Դաշնակցություն" խմբակցությունները հայտնում են, որ վերահաստատում են առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը եւ գտնում, որ "միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության"։



Այնուհետեւ Վահրամ Աթանեսյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն), խմբակցության ղեկավարներ Արմեն Սարգսյանը (ՀՅԴ) եւ Արթուր Թովմասյանը ("Ազատ հայրենիք") պատասխանեցին լրագրողների հարցերին։ Վ. Աթանեսյանը նշեց, որ Հաագայի միջազգային դատարանն այդ որոշմամբ արձանագրեց նոր աշխարհակարգի գոյությունը։ Ի պատասխան այն հարցի, թե ինչու Արցախը եւս չի դիմում Հաագայի դատարան, նա հայտնեց, որ իրենք կասկածի տակ չեն դնում Արցախի անկախության օրինականությունը։ "Այդ հարցով Հաագայի դատարան կարող է դիմել Ադրբեջանը",- ավելացրեց նա, հավելելով, որ վերոհիշյալ որոշմամբ, փաստորեն, անկախություն հռչակած երկրները ճանաչվում են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ Արցախն ավելի հիմնավոր պատճառաբանությամբ կարող է պնդել բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին։ "Սա դիվանագիտական եւ իրավաբանական լուրջ կռվան է",- ասաց Վ. Աթանեսյանը։



Արմեն Սարգսյանն ասաց, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի, եւ ինքը "շատ ոգեւորվելու" իմաստը չի տեսնում։ Նա միաժամանակ նշեց, որ բանակցային կողմ պիտի լինի միայն Ղարաբաղը, իսկ Հայաստանը բանակցություններին պիտի մասնակցի որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ "Մենք պետք է ամենօրյա լուրջ աշխատանք տանենք ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչելու ուղղությամբ",- հավելեց նա։ Արթուր Թովմասյանը հայտնեց, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը մեզ տրված երկրորդ հարմար պահն է, որպեսզի Հայաստանը սկսի ԼՂՀ-ն ճանաչելու գործընթացը։ "Առաջին պահը, որ արդեն բաց ենք թողել, եղել է 1994 թվականին, մինչեւ Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը",- հայտնեց նա։ Եվ այսպես, հանրահավաքը փոխարինվեց ԼՂՀ քաղաքական ուժերի վերոհիշյալ հայտարարությամբ եւ մամուլի ասուլիսով։ Ասել է թե՝ "խաշը" փոխարինվեց "թեյով"... Նույն օրվա ժամը 21-ին նախատեսված էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի ասուլիսը։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ