Տիգրան Սարգսյանի հերթական իդեա-ֆիքսը

Տիգրան Սարգսյանի հերթական իդեա-ֆիքսը
Հասարակության շրջանում գրքի պահանջարկը բարձրացնելու յուրահատուկ տեխնոլոգիա է առաջ քաշել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երեկ հրատարակիչների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով գրքի պահանջարկի բարձրացման հարցին՝ նա առաջարկել է կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք:  Վարչապետի օգնական Արամ Անանյանից փորձեցինք մանրամասներ լսել կառավարության ղեկավարի օրիգինալ գաղափարի իրագործման տեխնիկական կողմի մասին:



"Արտագնա նիստերը մարզերում մեծ ուշադրություն են բեւեռում իրենց վրա, եւ շատ լավ առիթ է, որպեսզի այդ ուշադրությունը բեւեռվի գրքի, գրականության եւ հրատարակչության վրա, դա եւս մի հնարավորություն է, որպեսզի մարզերում բնակվող  քաղաքացիներն իմանան ինչ է հրապարակվում, եւ գիրքը հասանելի լինի բոլորին: Այս հիմնական ֆունկցիան հրատարակչությունը թերի է կատարում, կառավարության արտագնա նիստերը լավ առիթ են",-մանրամասնեց Արամ Անանյանը: Նշենք, որ կառավարության արտագնա նիստերը կազմակերպվում են եռամսյակը մեկ, այնպես որ, ինչքան էլ հրատարակիչները ջանան, արդյունքը դժվար թե մեծ լինի: Եվ մի բան էլ. հայտնի է, որ մայրաքաղաքում գիրքը պահանջարկ չի վայելում, հետեւաբար, եթե մեր գյուղացիներն անգամ շատ հետաքրքրվեն գրքերի ցուցահանդես-վաճառքով, արդյո՞ք նրանց գրպանի պարունակությունը թույլ կտա օգտվել վարչապետի իդեայի բարիքներից: