Մեկ ազգը մեկ մշակույթ է ուսումնասիրում

Մեկ ազգը մեկ մշակույթ է ուսումնասիրում
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 25-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Երեւանի Ազգային պատկերասրահ, Սերգեյ Փարաջանովի եւ Հովհաննես Թումանյանի անվան թանգարաններ: Այցելուների թվում էին Կրասնոդար (Ռուսաստանի Դաշնություն) քաղաքից ժամանած «Նարեկ» թատերախումբը, Շուշիի (Արցախ) «Մկրտիչ Խանդամիրյանի» անվան պետական թատրոնի դերասանները եւ Թբիլիսիից (Վրաստան) ժամանած «Ջեյրան» պարային համույթը:



Թբիլիսիի հայերի միության վարչության եւ Վրաստանի «Վերնատուն» գրական միության անդամ, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը հայերի համար ունի չափազանց կարեւոր նշանակություն, քանի որ այն նպաստաում է հայության համախմբմանը. «փառատոնն օգնում է պահպանել մեր ազգային լեզուն, ազգային մշակույթն ու սովորույթները...»: Նա սրտանց շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին այս փառատոնը կազմակերպելու համար:



Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյանի» անվան պետական թատրոնի դերասանուհի Անուշ Միրզոյանը եւս հավաստիացրեց, որ այս փառատոնը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին: «Մենք կարողանում ենք շփվել մեր հայրենակիցների հետ, ծանոթանալ թատերախմբերի ու պարախմբեր հետ, ճանաչել իրար եւ կապեր հաստատել միմյանց հետ, որը կարծում եմ այս փառատոնի կարեւոր նպատակներից մեկն է»,- նշեց տկն. Միրզոյանը: Նա նաեւ շատ կարեւորեց այցը Հայաստանի տարբեր մշակութային օջախներ, քանի որ փառատոնի մասնակիցներից շատերը առաջին անգամ են Հայաստանում, եւ դա նրանց հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում մոտիկից ծանոթանալ ազգային արժեքներին, մշակույթին:



«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի լրատվական կենտրոն