Մենք գլոբուսից դուրս ենք

Մենք գլոբուսից դուրս ենք
Շիրակի մարզի Հովիտ համայնքը Գյումրիից ընդամենը 15  կմ է հեռու, բայց այնտեղ հասնելու համար առնվազն մեկուկես ժամ է պահանջվում: Արդեն 1 ամիս է՝ գյուղը սպասարկող միակ երթուղային տաքսին հրաժարվում է գյուղ գնալ` պատճառաբանելով ճանապարհների անբարեկարգ վիճակը: "Մեկ կմ ոտքով իջնում ենք գյուղի ծայրը, որ Ջրառատի ավտոբուսը գա, նստենք-գնանք քաղաք, էն էլ էնքան լիքն է լինում, որ շատ ժամանակ տեղ չի լինում: Տարվա էս սեզոնին գյուղացուն տրանսպորտ է պետք, իրա բերքուբարիքը քաղաք տանել-ծախելու  համար, մեր բերքուբարիքը կաթն ու պանիրն  է, էս ցամքած գեղը ուրիշ բան չկա: Էն ժամանակ բողոքում էինք, որ 2 ժամը մեկ է մարշրուտկեն գալիս, հիմա էդ էլ ձեռներս չի ընկնում",- բողոքում են հովիտցիները: Նրանց խոսքով՝ "տարվա էս եղանակին ավտոբուսի խնդրից կարեւոր  է տեխնիկայի խնդիրը":



"423 հա վարելահող ունեցող գյուղում այս պահին ամենակարեւորը գյուղատնտեսական տեխնիկան է, ինչը չունենք: Կա ընդամենը մեկ կոմբայն, որը, բնականաբար, չի կարող բավարարել ամբողջ գյուղին, մենք էլ հարեւան գյուղերից ենք բերում: Իրենք մինչեւ իրենցը չեն վերջացնում, մեզ մոտ չեն գալիս: Այս տարի, օրինակ, կարկուտ չի եկել, եւ բավական բարձր բերք էինք սպասում, բայց դարձյալ տեխնիկայի պատճառով սպասվածից շատ ցածր ենք ստանում` հա-ից 20-30 ցենտներ",- ասում է Հովիտի համայնքապետ  Սամվել Պետրոսյանը:



Գյուղացիների դժգոհելու առիթները շատ են: Խորհրդային Միության ժամանակ Հովիտից 164 հա հողատարածք է  օգտագործվել Կառնուտի ջրամբարի կառուցման համար, պայմանով, որ գյուղացիները կարող են օգտվել ջրամբարից:



"Անկախությունից էս կողմ ո՞վ է ջուր տեսել, մեր հողերն անջրդի են, էլի լավ է, որ էսքան էլ  բերք են տալիս: Անձրեւի հույսին ենք, անձրեւ եկավ` բերք կունենանք, չէ` չէ:  Պետք է պոմպակայանն աշխատեցնել, բայց ո՞վ, ի՞նչ գումարներով",- բողոքում են տարեց հովիտցիներն ու հիշեցնում, որ գյուղը շատ խնդիրներ ունի, բայց գազի, ճանապարհների, ջրի խնդիրներն ամենահրատապն են: Վերջում տարեցներից մեկն ավելացրեց. "Մենք գլոբուսից դուրս ենք":



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ