Աղստեւ. գե՞տ, թե՞ աղբավայր

Աղստեւ. գե՞տ, թե՞ աղբավայր
Աղստեւը Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի ջրային զարկերակն է: 133 կիլոմետր երկարություն ունեցող գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից եւ թափվում Քուր գետը: Այն տնտեսական, զբոսաշրջային մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ պատրաստ է հլու-հնազանդ կատարել իր առաքելությունը, բայց բնության վնասարարը` մարդը, իր անփույթ վերաբերմունքով խախտել է գետի էկոհամակարգը: Իջեւան քաղաքի գետափնյա բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն Աղստեւ է թափվում: Փաստորեն, գետը դարձել է մարզի ամենամեծ աղբատարը, որի մեջ լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ, նավթային նյութեր եւ այլն: Մարդիկ կարծում են, թե Աղստեւն իր հետ ամեն ինչ կտանի, բայց այնքան էլ այդպես չէ:



Մինչ գարնան եւ աշնան վարարումները, գետը թաղված է աղբի մեջ: Եթե նույնիսկ վարարած Աղստեւն իր հետ հարեւան Ադրբեջան է տանում հայաստանյան աղբը, ապա դրա հետեւանքները քշել-տանել հնարավոր չէ: Բնապահպանական աղետն ակնհայտ է: "Գետերի աղտոտումը ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, եւ Աղստեւն այստեղ բացառություն չէ,-ասում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:-Բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում գետերի աղտոտվածության հիմնական պատճառն արդյունաբերությունն է, մեծածավալ շինարարությունը: Մեր մարզում` Աղստեւի հովտում, գրեթե ոչ մի գործարան չի աշխատում, խոշոր արդյունաբերական օբյեկտներ չկան, բայց գետն աղտոտվում է": Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի կետերի, մսի պասաժների եւ խանութների տերերը:



Աղբը նետելու հարցում նրանք գերազանցում են բնակիչներին: Նշված օբյեկտների ուղղությամբ գետում անպակաս են արկղերը, պլաստմասսայե իրերը, տարբեր թափոններ: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության աղբատար մեքենան երկու օրը մեկ գետափնյա թաղամասերում է, բայց գետն աղտոտողների թիվը մեծ է: Ովքեր աշխատանքի են գնում վաղ առավոտյան կամ հակառակը` երկար են քնում եւ աղբատար մեքենային չեն հանդիպում, աղբը գետն են լցնում: Բնակիչներից ոմանք դա բացատրում են իրենց շենքի մոտ աղբամանների բացակայությամբ: "Աղբամանների պրոբլեմ չունենք,-ասում է կոմունալ ծառայության տնօրեն Սամվել Չիբուխչյանը,-բայց բնակիչները չեն թողնում շենքերի բակում տեղադրենք` պատճառաբանելով, որ հոտ է գալիս: Մեքենան շրջում է, բայց ունենք վայ բնակիչներ, որոնք, անկախ ամեն ինչից, գետն աղբավայր են դարձրել": Ակտեր, տուգանքներ քաղաքապետարանը կազմել է, բայց արդյունքը չնչին է:



Գետը ձկնային պաշարներով նույնպես հարուստ է: Այստեղ մեկ խմ ջրում ապրում է 700 գրամից մեկ կիլոգրամ ձուկ: Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը պարզաբանում է, որ վերջին տարիների վարարումները կարող են նպաստել ձկնային պաշարների եւ ջրային թռչունների  ավելացմանը, բայց եթե բնությունն իրենով դրական արդյունք է գրանցում, ապա մարդկային գործոնի առկայությունը վնաս է հասցնում Աղստեւի կենդանական համակարգին: "Ձուկն ափում է ձվադրում կատարում, իսկ շինարարական աղբը վնասում է ինչպես ձկնկիթներին, այնպես էլ ձվադրմանը,-ասում է բազմափորձ որսորդը:-Հատկապես վնասակար է փայտանյութից մնացած թեփը, որը թուլացնում է ձկներին ու հոսանքի հետ քշում-տանում": Տարեցտարի ավելանում են ավտոմեքենաները, հետեւաբար` մեծանում ավտոլվացման կետերի պահանջարկը, որոնց աղտոտած ջուրը նույնպես սպառնալիք է գետի համար: ԵՊՀ դասախոս Վլադիմիր Խառատյանի խոսքով, նավթամթերքները ջրային մակերեսի վրա առաջացնում են բարակ շերտ, որը թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը ջրի ավելի խոր շերտեր, ինչն իր հերթին բերում է բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչացման:



"Միայն Իջեւանի տարածաշրջանում տասից ավելի ավտոլվացման կետեր կան, որոնք աշխատում են առանց մաքրման կայանների,-ասում է մեր փորձագետը:-Կամ էլ պետք է լինի նաեւ ընդհանուր կոլեկտոր, որի մեջ պետք է թափվեն այդ կեղտաջրերը": Վ. Խառատյանի խոսքով, բնությունը կարող է բումերանգի նման մարդուն վերադարձնել վերջինիս պատճառած չարիքը եւ պատժել: Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում կեղտաջրերը գետն են թափվում: Այդպես բոլոր բնակավայրերում: 1980-ականներին մեկնարկել էր Իջեւանի կոյուղաջրերի հեռացման ծրագիրը` կոլեկտորի կառուցումը: Նախատեսված էր քաղաքի կոյուղաջրերը հեռացնել մոտ 15 կմ, ապա Մայիսյան կամրջի մոտ կառուցվելիք կայանում ենթարկել մաքրման: Մեծ թափով ընթացող ծրագիրն անավարտ մնաց ԽՍՀՄ փլուզումից հետո:



Այսօր արդեն դրա իրագործումն իրատեսական չէ, քանի որ մեծ ծախսեր է պահանջում: Մյուս կողմից` միայն մեկ բնակավայրում կոլեկտորի առկայությունը խնդիրը չի լուծում: Պետք է բոլոր բնակավայրերում այն լինի: Մինչ կոլեկտորը կկառուցվի, աղբի թափոնների` Աղստեւ լցվելու արդյունքում մեծ թվով մաշկային հիվանդություններ են առաջանում: Հատկապես շոգ օրերին, երբ տապից փախչելու համար մարդիկ գետում են լողանում: Այս առումով առավել խոցելի են երեխաները: "Եղել են դեպքեր, երբ գետում լողանալուց հետո երեխաներ են բերել ինձ մոտ, որոնք ունեին պիոդերմիաներ` թարախամաշկություն, մաշկի վրա կային թարախային օջախներ",-ասում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներաբան Վաչագան Սարգսյանը: Մաշկավեներաբանի խոսքով, կարող են լինել նաեւ սնկային հիվանդություններ, ալերգիզացիա` մոլաքոր, ատիպիկ դերմատիտներ, որոնք մարդուն կարող են ուղեկցել ամբողջ կյանքում:



Վ. Սարգսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ անասունների մորթի արդյունքում գետը թափվող նյութերի վրա: "Անասունների մոտ հաճախ է լինում ճիճվակրություն,-ասում է:-Երեխան գետում լողանալիս հանկարծ ջուր է կուլ տալիս եւ վարակվում: Մարդն արդյունքում շատ հեշտ կարող է վարակվել նաեւ մկնատամով, սիբիրյան խոցով, տուլարեմիայով եւ այլն": Տավուշի մարզը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի: Ամբողջ աշխարհում այս ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն ջրային օբյեկտները: Աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանն ասում է. "Գետն աղտոտված տեսավ` զբոսաշրջիկը տարածքին չի մոտենա: Եթե վերաբերմունքը գետի նկատմամբ փոխվի, մենք հույս կունենանք, որ զբոսաշրջությունը նույնպես կզարգանա: Որեւէ կոմունալ կենցաղային տնտեսություն կամ կազմակերպություն չի կարող մաքուր պահպանել գետը, եթե ժողովուրդն այդ կուլտուրան չունենա": Աղստեւը հայցում է բոլորի ուշադրությունն ու խնամքը: