Արցախը չի պատրաստվում ոչինչ հանձնել

Արցախը չի պատրաստվում ոչինչ հանձնել
Ինչպես արդեն հայտնի է, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, աշխուժություն է առաջ բերել Արցախի քնած քաղաքական կյանքում: ԼՂՀ քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ընդունել, հայտարարություն է տարածել նաեւ ԼՂՀ ԱԳՆ-ն: Հաագայի վերոհիշյալ որոշումը ողջունել եւ իրենց կարծիքն են հայտնել նաեւ քաղաքագետներն ու փորձագետները։



Հուլիսի 23-ի ուշ երեկոյան մամուլի ասուլիս էր հրավիրել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որի ժամանակ հայտարարել էր, որ "ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջող գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղի բացակայությունը խաղաղ կարգավորման բանակցություններին եւ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայությունը", ապա ավելացրել, որ "միջազգային հանրության կողմից ղարաբաղյան կողմի անտեսումը չի կարող հավերժ շարունակվել: Մյուս կողմից՝ ԼՂՀ-ն խաղացող է տարածաշրջանում, ինչը շատ բան է նշանակում": Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ դա իրականությունից հեռու հարց է. "Մենք դեռ չենք համաձայնեցրել ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել": Նա հայտարարել է, որ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնցից առաջնահերթը Արցախի կարգավիճակի հարցն է, որովհետեւ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։ Բակո Սահակյանը բառացիորեն չի ասել, թե Արցախը չի ընդունում Մադրիդյան սկզբունքներ կոչվածը՝ նույնիսկ եթե այն իրենց ստորագրությամբ վավերացնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, բայց ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ նրա հայտնած տեսակետը բացարձակապես չէր տեղավորվում Մադրիդյան սկզբունքների եւ սերժսարգսյանական "Աղդամը մեր հայրենիքը չէ" ձեւակերպման մեջ...



Լրագրողներից մեկի հարցին, թե որն է համարում ԼՂՀ սահմաններ՝ ներկա փաստացի՞, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, Բակո Սահակյանը պատասխանել է, որ ԼՂՀ ասելով նկատի ունի հանրապետության ներկա փաստացի սահմանները: "Մենք չենք դիտարկում ԼՂՀ վերջնական կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում",- հայտարարել է նա։ Հավելել է նաեւ, որ այն բանից հետո, երբ ԼՂՀ-ն կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը "փոխզիջումային լուծման" վերաբերյալ: Այն, որ Արցախն ամենեւին չի պատրաստվում Ադրբեջանին զիջել իր Սահմանադրության մեջ ամրագրված փաստացի սահմանները, ցույց տվեց հուլիսի 25-ին Բ. Սահակյանի աշխատանքային այցը Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոն, որտեղ, ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքներին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն եւ նշել, որ "Քարվաճառ շրջկենտրոնում անհրաժեշտ է մշակել բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը":



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ