Իմ սահմանն իմ ասելիքն է

Իմ սահմանն իմ ասելիքն է
Այսօրվա հայ գրողները շատ են տրտնջում, որ իրենց չեն կարդում: Ժողովուրդը ե՞րբ է մեղավոր եղել, որ հիմա մեղավոր լինի: Գրողը մեղքը թող փնտրի իր մեջ: Լավ ու վատ գրողից զատ, կա մի այլ բան: Նախեւառաջ գրողը պետք է ապահովի ընթերցողի հետաքրքրությունը: Չարենցն ասում էր` եթե ուզում ես երգդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր: Ո՞վ էդ շունչը դարձավ, որ ընթերցողը չշնչեց, չշնչավորվեց: Երբեմն գրողներն ինձ բերում են իրենց գրվածքները, որ կարդամ ու կարծիք ասեմ: Կարծիք ասելուց առաջ նախ պիտի կարողանամ այն կարդալ: Եթե ես չեմ կարողանում կարդալ, ապա ընթերցողը ո՞նց կարդա: Լավ ու վատից զատ, գրողը նախ պիտի կարողանա ընթերցելի դարձնել իր գիրը: Գրողն այն փոքրիկ աստվածն է, որ իր շուրջ կենդանացնում է անկենդանը, հավատ է ներշնչում ընթերցողին, եւ որքան նա "հավատացյալ" ունի, այնքան աստված է: Միգուցե փոքրիկ աստված, բայցեւ` աստված, քանզի եթե նրան հավատում են, ապա ընթերցում են:



Այսօրվա գրողը բացառիկ երջանիկ ստեղծագործող է: Մենք ապրեցինք աստեղային ժամանակաշրջանում: Մենք փոխեցինք դարը, մենք փոխեցինք հազարամյակը, մենք փոխեցինք հասարակարգը: Միգուցեեւ նենգափոխեցինք: Բայց եկել է ժամանակը, որ մենք փոխվենք: Գրողը դա պիտի սկսի իրենից: Մինչդեռ մեր գրողները գրում են այնպես, ինչպես գրել են տասնիններորդ դարում, քսաներորդ դարում: Միգուցե գոնե գրեն այնպես, ինչպես պիտի գրվի քսանմեկերորդ դարում: Տասնիններորդ դարում չկային հեռուստացույցներ, եւ այդ բացը լրացնում էին Բալզակը, Տոլստոյը, Դոստոեւսկին, Զոլան եւ այլք: Քսաներորդ դարում, հատկապես առաջին կեսերից, փոխվեցին գրականության խնդիրները: Գլուխ էին բարձրացնում կինոն ու հեռուստատեսությունը:



Գրողն էդ ամենի մեջ պտուտակի դեր չպիտի խաղար, չպիտի դառնար դրա բաղադրամասը: Առավել եւս հիմա, երբ ընթերցողի փոստը ասպատակում է էլեկտրոնային գրականությունը: Երբ ընթերցողն իսկ դառնում է գրող: Երբ գրականությունը դառնում է հանրային, ժողովրդական: Այստեղ պիտի առանձնանա ՆԱ` իսկական գրողը, որը պիտի գրի այնպես, ինչպես ոչ ոք, որը պիտի ասի այն, ինչ ոչ ոք: Էսօր ծիծաղելի է սյուժեի վրա գրականություն զարգացնել: Էսօր եկել է ազատությունը, եւ ազատության բաղձանքը իսկական գրականությունն է, որը չի ընդունում ոչ մի սահման: Իմ սահմանն իմ ասելիքն է, էսօր ես գրում եմ ասելիքի վրա, որն ընդամենը մի բան է, մի սաղմ է, երբ Էքզյուպերին ասում էր` ամենակարեւորը աչքով չես տեսնի:



Ես ուզում եմ ասել ամենակարեւորը, եւ ով աչք ունի` թող տեսնի, ով ականջ ունի` թող լսի, ով սիրտ ունի` թող զգա, մանավանդ, որ սրբապատկերն առջեւումդ է, եւ դա կյանքն է: Ես կյանքի գրող եմ: Մեկ էլ եմ ասում՝ ամենամեծ հայտնագործությունը, որ ես երբեւէ արել եմ, դա կյանքն է, կյանքի մանրամասն վայելումը: Որքան կուզեի, որ այն վայելեր նաեւ ընթերցողը, թեկուզեւ իմ պատմվածքներում: Առավել եւս` իմ ընկերների ստեղծագործություններում: Իսկ ավելի լավ կլիներ, որ նա այն վայելեր իր առօրյա կյանքում: Չէ որ այդ կյանքն իր ծննդյան օրից սկսած՝ յուրաքանչյուր ընթերցողի համար, յուրաքանչյուր ապրողի համար ամենամեծ ստեղծագործությունն է: Ուրեմն ընթերցողին տանք այն, ինչին նա արժանի է: Կեցցե գրողը, որ ընթերցողի համար կյանք է որսում:



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ