Ցավում ենք, ցավում եք, ցավում են

Ցավում ենք, ցավում եք, ցավում են
ՀՀՇ արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը եւ կուսակցության ներկա ղեկավար Արամ Մանուկյանը հանդես են եկել հաջորդական հայտարարությամբ: Նախ, Արամ Մանուկյանը հայտարարել է, որ կուսակցության վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: "Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք",-ամփոփել է Արամ Մանուկյանը:



Այնուհետեւ Կարապետ Ռուբինյանն է ցավ հայտնել առ այն, որ կազմակերպչական բացթողումներն իրեն առիթ տվեցին, ինչպես պարզել է այդ հանդիպումներից հետո, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Ուստի հայցել է  Տեր-Պետրոսյանի ներողամտությունը: Սակայն բացի Տեր-Պետրոսյանի ներողամտությունը հայցելու պահից, Ռուբինյանի հայտարարությունն ըստ էության նորերս գրած նրա նամակի հաստատումն էր, ուղղակի մեղմացրած ձեւակերպումներով: Այն տպավորությունն է, որ  հայտարարություններում նշված հանդիպումների արդյունքում ՀՀՇ նորընտիր վարչությունն ըստ էության համաձայնել է Ռուբինյանի մատնացույց արած դիտողությունների հետ, պարզապես դրանք վերագրել է "կազմակերպչական բացթողումներին":



- Պարոն Ռուբինյան, Ձեր երեկվա հայտարարությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում, արդյո՞ք նախորդի հետեւանքները չեզոքացնելու: Համենայնդեպս Ձեր հայտարարած մեկշաբաթյա լռությունը խախտելու բացատրությունը չէր կարծես թե:



- Ինձ համար ի սկզբանե էր պարզ, որ  նախորդ հայտարարությունը պիտի ունենար ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանք: Դրականն այն էր, որ անհրաժեշտ էր ցնցում, որը պիտի սթափեցներ ինչ-որ մարդկանց ու հասկացնել տար, որ չի կարելի այդպիսի գործելաոճով լինել ընդդիմություն եւ լինել հավակնորդ՝ իշխանության գալու: Բացասականն այն էր, որ այնուամենայնիվ հարված էր միակ ընդդիմադիր ուժին եւ կարող էր առաջացնել դժգոհություն ու հիասթափություն իմ ընկերների շրջանում: Կշեռքի վրա այդ երկու հետեւանքների հավանականությունն ունենալով, ես կարծում էի եւ կարծում եմ, որ ճշմարտությունն ասելն ու սթափեցնելը շատ ավելի կարեւոր էր, քան մյուս վախերից զերծ մնալու սկզբունքով լռելը: Բայց կարծում եմ, որ իմ նամակը թեկուզ փոքր, բայց դրական առաջընթաց է գրանցել այն իմաստով, որ Արամ Մանուկյանը հայտարարությամբ ընդունում է, որ տեղի է ունեցել սխալ, իսկ այն խոստովանելու  համար, կարծում եմ, որ քաղաքական քաջություն էր պահանջվում: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին հասցեագրած մեղադրանքներին, ես այդ մասը ետ եմ վերցնում, որովհետեւ հավաստիացումներ եմ ստացել, որ կատարվածի հետ ինքը կապ չունի: Մնացած բոլոր ասածներս, բնականաբար, ուժի մեջ են մնում, եւ ես հույս ունեմ, որ ՀՀՇ անդամներն ու վարչությունն այդ ուղղությամբ գործ ունեն անելու եւ կանեն:



- Այսինքն վստահ եք, որ նրանք կսկսեն ազատական-ժողովրդավարական ներքին բարեփոխումնե՞ր: Իսկ Դուք կարող է վերադառնաք կուսակցություն, այդ բարեփոխումներին մասնակից լինելու նպատակով, եւ առաջարկներ ստացե՞լ եք:



- Մոտ ապագայում՝ ոչ, որովհետեւ այդ մթնոլորտը վերականգնելու համար ահռելի աշխատանք պիտի արվի, եւ որպեսզի ես վերադառնամ, պիտի զգամ, որ այդ աշխատանքը սկսված է, եւ կամք կա այն մինչեւ վերջ տանելու: ՀՀՇ-ն, որպես ընդդիմադիր, ժողովրդավարական, ազատական ուժ, իրավունք չունի ունենալ ոչ ժողովրդավարական պրոցեսներ իր ներքին հարաբերություններում: Ցավոք սրտի, ես այդ բանը չտեսա: Կուսակցությունը պետք է վերականգնի ներքին ժողովրդավարությունն ու դառնա կարծիքների, գաղափարների բախման  հարթակ: Կուսակցությունը պետք է ապահովի իր անդամների ու նրանց գաղափարների բաց մրցակցության դաշտը: Այդ բոլորը հիմա չկա, շատ ցավալի է: Եվ առանց այդ կարեւոր բաղադրիչները վերականգնելու ձգտել իշխանության, հավակնել լինել հասարակության լիդերը, անիմաստ է: Առանց այդ որակների էլ մյուս կուսակցությունները կան, էլի: Հիմա պայքարի ամենաեռուն շրջանը չէ, ու ոչ մի խոչընդոտ չկա ներքին ժողովրդավարությունը հաստատելու համար: Եվ պայքարը թեժացնելու առումով էլ են այդ փոփոխությունները պետք, ու դրական միտման պարագայում ընդդիմությունն ավելի կհզորանա, իր զինանոցում ունենալով ժողովրդավարության, այլակարծության ու ազատ խոսքի օրինակը:



- Պարոն Ռուբինյան, այն տպավորությունն է, որ ինչպես Տեր-Պետրոսյանը նահանջեց, հայտարարելով, որ արտաքին աշխարհին շահարկումների առիթ չտալու համար չի խանգարելու ռեժիմին, Ղարաբաղի հարցը իրենց իմացածով լուծելու գործում, այնպես էլ Դուք եք հիմա նույն տարբերակով նահանջում, ընդդիմության թշնամի ուժերին թույլ չտալու համար, որ շահարկեն Ձեր դիրքորոշումը:



- Ես ի սկզբանե իմ նամակի նպատակը չեմ դարձրել ոչ ՀՀՇ-ն կազմաքանդելը կամ նրա հետ բանավեճի մեջ մտնելը, ոչ էլ ՀԱԿ-ին վնաս տալը: Նամակիս դրական արձագանքը կլինի այն, որ մարդիկ սթափվեն  եւ ընդունեն, որ անելիք կա իմ ասածների ուղղությամբ: Եթե ՀԱԿ-ը շարունակի իր հայտարարած պայքարն ավազակապետության դեմ, ես կողջունեմ ու ուժերիս ներածի չափով կմասնակցեմ այդ պայքարին: Էլ չեմ ասում, որ քաղբանտարկյալների մասով շարունակելու եմ իմ պայքարը ՀԱԿ-ի կազմում:



- Արամ Մանուկյանն իր ասուլիսում Ձեզ հարց ուղղեց, կգրեի՞ք Ձեր հայտնի նամակը, եթե ընտրվեիք վարչությունում:



- Երեկվա մեր երկու հայտարարությունների իմաստն այն էր, որ ուզում ենք վերջ տալ մեր մեջ ծագած բանավեճին, որովհետեւ դրա խորացումը ոչ մի օգուտ չի տալու: Դրանից ելնելով էլ ուզում եմ այդ հարցին չպատասխանել: Բայց նշեմ, որ եթե իրենք ինձ մեղադրում են, որ եթե ես չեմ ընտրվել, դրա համար էլ այսպիսի բաներ եմ խոսում, ես իրենց կարո՞ղ եմ մեղադրել, որ իրենք ընտրվել են, դրա համար են այսպես խոսում: