Կուռք մի սարքեք

Կուռք մի սարքեք
Ձեզ համար կուռքեր մի սարքեք՝ ասում է Սուրբ գիրքը: Բայց մենք՝ հայերս, առանց կուռքերի ապրել չենք կարող: Մենք պարբերաբար մեզ համար պաշտամունքի առարկաներ ենք սարքում: Իսկ երբ պաշտում ենք, մեր պաշտամունքի առարկայի մեջ թերություններ ու սխալներ չենք տեսնում, մեզ թվում է, թե մեր կուռքն անթերի է, անգերազանցելի: Մարդ չի, Աստված է կամ առնվազն կիսաԱստված: Իսկ երբ հանկարծ պարզում ենք, որ այնուամենայնիվ մարդ է, այսինքն՝ թերություններ ունի եւ սխալական է, ինչպես բոլոր մահկանացուները, խորապես հիասթափվում ենք ու անգամ սկսում ատել նրան: Լեւոն Տեր-Պետրոսյանին կուռք սարքողները նրան ծառայություն չեն մատուցել, հակառակը՝ վնասել են: Բարձրացրել են բարձր պատվանդանի վրա ու վայր գցել: Մեծ խումբ մարդիկ մեկ-երկու տարի առաջ Տեր-Պետրոսյանի "արեւով էին երդվում", նրա մեջ էին տեսնում իրենց ու մեր երկրի փրկությունը, նրան վերագրում էին գերմարդկային որակներ ու առաքելություն, պաշտում ու երկրպագում նրան: Այսօր այդ մարդկանց մի մասն այնքան է հիասթափվել իր "կուռքից", այնպես է ատում նրան, որ ուզում ես հռետորական հարց տալ՝ ինչո՞ւ սիրեցիք, եթե պետք է այդպես ատեիք: Այդ սիրո մեջ կուրություն կար, ինչպես այսօրվա ատելության ու հիասթափության մեջ: Այդ առումով Կարապետ Ռուբինյանի նամակն ու ՀՀՇ համագումարից հետո ծավալված իրադարձությունները մի օգտակար դերակատարում ունեցան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուռքը տապալեցին: Մարդիկ հասկացան, որ կարելի է առաջնորդին, ՀՀ առաջին նախագահին, իրենց սիրելի, պաշտելի գործչին նաեւ քննադատել, կարելի է նրան տհաճ ճշմարտություններ ասել, նրա սխալների մասին խոսել: Եվ դա դատապարտելի չէ: Ավելին՝ օգտակար է ու առողջարար: Վտանգավորը անձի պաշտամունքն է՝ կենդանի մարդուց կուռք սարքելը: