Գիտնականի հիշատակին

Գիտնականի հիշատակին
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հանրապետության հանրահայտ գիտնականներից է, որի հետազոտություններն ու մենագրություններն արժանի գնահատական են ստացել շատ երկրներում:



Բժիշկ, գիտնական, բարձրագույն կրթության եւ առողջապահության կազմակերպիչ. սրանք են այն որակները, որոնք բնորոշում են Էմիլ Գաբրիելյան մարդուն: Ասվածի վառ օրինակը նրա անցած ուղին է:



1954-1959թթ., որպես վիրաբույժ ու գլխավոր բժիշկ, Է. Գաբրիելյանն աշխատել է Արթիկում, 1959-1975թթ.՝ Երեւանի բժշկական ինստիտուտում` ասիստենտից մինչեւ ռեկտոր: 1975-ին նշանակվել է առողջապահության նախարար: Նախարարության շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կլինիկական ինստիտուտներ եւ հեռահաղորդակցական հնարավորություններով լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:



Գիտնականի կազմակերպչական տաղանդն ու գիտելիքները լավագույնս դրսեւորվել են 1988թ. երկրաշարժի օրերին, երբ համակարգում էր տուժածների բժշկական օգնության ցուցաբերման խնդիրները:



1992թ. Է. Գաբրիելյանը ստեղծել է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի ղեկավարն էր մինչեւ կյանքի վերջը:



1994-ից նա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, 1994-2005թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:



Նաեւ դեղագիտության Ֆրանսիական ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՀՀ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի դեղաբանների ընկերության նախագահ, դեղաբանների ռուսական ընկերության նախագահության պատվավոր անդամ...



Վերջին տարիներին գիտնականը ղեկավարում էր ,Արմենիկումե գիտական նախագիծը:



Նա նաեւ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ էր, ,Սուրբ Ներսես Մեծե բժշկական կենտրոնի վարչական կառավարման եւ ՀՀ փորձագիտության ազգային բյուրոյի նախագահը:



Գիտնականի հետազոտությունները միջազգային ճանաչում են ստացել, գիտական նվաճումների համար նրան շնորհվել են բազմաթիվ շքանշաններ ու մրցանակներ:



Մեծ քաղաքացու, բժշկի, գիտնականի, առողջապահության կազմակերպչի եւ լուսավոր մարդու հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում:



ՀՀ կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ նախագահին կից Հանրային Խորհուրդ