Հայ կինոն եւ կոմունիզմի շունչը

Հայ կինոն եւ կոմունիզմի շունչը
Մի անգամ մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հայկական ֆուտբոլի խնդիրները քննարկելիս պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ մենք խմբակային մարզաձեւերում հաջողության երբեք չենք հասնի, որովհետեւ կոլեկտիվ խաղը մեր ազգին բնորոշ չէ: Չհամաձայնելով նման ձեւակերպմանը, փորձեցի  բազմաթիվ օրինակների միջոցով հակառակն ապացուցել: Անօգուտ էր: Այդժամ դիմեցի "Ի՞նչն է վատ պարողին խանգարում" հայտնի հարցի օգնությանը: "Ի՞նչն է խանգարում վատ պարողին" ասացվածքը աներկբա կարող է վերաբերել նաեւ մեր կինոմշակույթի գործիչներին:



Օրերս ավարտված "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Սեմիհ Քափլանօղլուն, թուրքական "Թարաֆ" օրաթերթում անդրադառնալով հայկական կինեմատոգրաֆիային, ասել էր, որ հայկական կինոյից կոմունիզմի շունչ է զգացել: "Կար երկու հայկական ֆիլմ, դրանցից ոչ մեկն էլ չհավանեցի: Ժամանակից հետ են մնացել: Կարճ ասած` նրանց ֆիլմերն ինձ հիասթափեցրին",- եզրափակել էր Քափլանօղլուն:



Կարելի էր այս կարծիքին չանդրադառնալ, նույնիսկ մտածել, թե այն թուրքական հերթական հատուկ վերաբերմունք է, եւ արհամարհել: Բայց դա կնշանակեր ջայլամի պես գլուխներս մտցնել ավազի մեջ, մանավանդ որ նման կարծիք ունեն նաեւ մեզ մոտ շատերը: Եթե թուրք կինոգործչի մոտ դա ձեւավորված կարծիք է, մեզ մոտ` մտահոգություն: Դա է պատճառը, որ վերջերս մամուլում տարբեր առիթներով ահազանգվում է հայկական կինոյում առկա անառողջ մթնոլորտի մասին: "Մթնոլորտը առողջ է եւ մեզ մոտ կինեմատոգրաֆիան ծաղկուն շրջան է ապրում",- համոզված են "կինոյի պարողները" եւ մատնանշում են վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը, չմանրամասնելով, թե դրանք որքան հաճախ են ցուցադրվել եւ ինչ հաջողություններ են ունեցել ներքին եւ արտաքին կինոշուկայում:



Վատ է, երբ քո խնդիրների մասին բարձրաձայնում են օտարները, այնինչ մենք վաղուց պետք է մտածեինք, բարձրաձայնեինք մեզ մոտ տիրող վիճակի մասին: Բարձրաձայնելն էլ չպետք է միայն հոդվածների տեսքով լիներ, որոնք հաճելիորեն արհամարհվում եւ անտեսվում են: Կուլիսներում բոլորն են խոսում հայկինոյում տիրող ճահճային վիճակից, բայց հենց գործը հասնում է բանավեճին, քննարկմանը, դեմառդեմ արտահայտվելուն, խուսափում են: Ինչո՞ւ: Պատճառաբանությունը ստորացուցիչ է. ասում են՝ մենք այս տարի դիմել ենք, խոստացել են փող տալ, որ խոսենք, չենք ստանա:



Դե մի խոսեք, թող թուրքերն ու բոլոր օտարները խոսեն, իսկ դուք նկարեք հերթական խոտանը, որը ոչ ոքի պետք չէ` նույնիսկ տեղական անդեմ հեռուստատեսություններին: Վերջերս տեղեկացա, որ նկարահանվում է մի նոր ֆիլմ՝ "Կեչի" պայմանական անունով: Ֆիլմը, որի նկարահանումները դեռ ընթանում են, ստացել է հայկական երկու հանրապետությունների նախագահների հովանավորությունը եւ բյուջեից 19 մլն. դրամ: Թեման ղարաբաղյան է: Լավ, շատ լավ է, որ մեր նախագահները կինո սիրում եւ հովանավորում են: Բայց լավ կլիներ, որ սիրելուց եւ հովանավորելուց բացի, նաեւ տեղյակ լինեին, թե ինչպիսի կինո է նկարահանվում, եւ ովքեր են նկարում: Էլ չեմ ասում, որ եթե մեր պես երկրում մի բան հովանավորվում է նախագահի մակարդակով, գործարարներն էլ իրար հերթ չտալով, ուզում են նախագծում մասնակցություն ունենալ: Իսկ կինոն` պարզվում է, նկարահանվում է մտքում` առանց սցենարի: Սցենար չկա, եւ տեղում ամեն օր ամեն ինչ փոխվում է:



Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ն են փող տվել մեր կինոյի "պարողները", եւ ի՞նչն են հովանավորում մեր երկու հանրապետությունների նախագահները: Միայն այս մեկ դրվագից պարզ է դառնում, թե ինչպիսի վիճակում է հայ կինոն, եւ ինչու է հայկինոյից կոմունիզմի հոտ գալիս: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանն ու "Լուսաստղի" գովազդներից մեզ հայտնի ծաղրածու Պոնչոն: Իմիջիայլոց, Միքայել Պողոսյանը նաեւ մշակույթի նախարարության համապատասխան  հանձնաժողովի անդամ է, որտեղ էլ որոշվել է ֆիլմին բյուջեից տրամադրել 19 մլն. դրամ: Ի՞նչ է ստացվում: Մեր մշակութային "էլիտան" ինքը ներկայացնում է, ինքը քվեարկում (եթե, իհարկե, քվեարկություն եղել է), ինքն իրեն ֆինանսավորում է բյուջեի հաշվին, ինքը որոշում է, ինքն էլ իր ընկերոջ հետ խաղում է գլխավոր դերում:



Ֆիլմի պրոդյուսեր Թ. Վարժապետյանին մի առիթով հարցրել են՝ եթե իր որդին մասնակցած լիներ պատերազմական գործողություններին եւ ինքը սեփական մաշկի վրա զգացած լիներ այդ ծանրությունը, էլի՞ կնկարեր ֆիլմը, որտեղ հայերը ադրբեջանցու գերեզմանին ծառ են տնկում, այսինքն կցուցաբերե՞ր նման հանդուրժողականություն, պրոդյուսերը (բնակվում է Մոսկվայում) պատասխանել է, որ "ի վերջո, մենք ամեն ինչ արել ենք հոգեւոր առաջնորդի օրհնությամբ: Ես այդ ցավը գիտեմ ընկերուհուս տղայի օրինակով, նա դիրքերում է, իսկ մայրն օրեցօր ծերանում է": Ճիշտ այն պաղպաղակի անեկդոտի պես. "Ես չեմ տեսել, բայց մորաքրոջս ամուսնու հորեղբոր տղան Մոսկվայում տեսել է, թե ոնց են ուտում":



Իմիջիայլոց, այս ֆիլմի ռեժիսորը եւս Մոսկվայից է եւ այնքան անհայտ, որ նույնիսկ ֆիլմի պրոդյուսերը չի կարողացել հիշել, թե ինչ ֆիլմեր է նա մինչ այդ նկարել: Վատ չէ:  Մանավանդ եթե հաշվի առնենք վերջերս ազերի զինվորի  կողմից իրականացված դիվերսիոն գործողության արդյունքներն ու Ալիեւի կողմից նրան հերոսի կոչում շնորհելը, կարելի է ծառ տնկել ադրբեջանցու գերեզմանին եւ դեռ դժգոհել, թե մեր ինչին էր պետք այս պատերազմը: Միայն թե այս ֆիլմը, հարգարժան "կինոպարողներ", կարող եք ցուցադրել մշակույթի նախարարությունում, կանանց գաղութում, որեւէ անդեմ հեռուստատեսությամբ, բայց երբեք այն չցուցադրեք մեր բանակին: Թե չէ կստացվի, թե առաջին հանրապետությունը քայքայեցին բոլշեւիկները իրենց թռուցիկներով եւ "համամարդկային գաղափարներով", իսկ երրորդի քայքայմանը կնպաստեք դուք:



Հրաչյա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ