Բնակավայրը` աղբավայր

Բնակավայրը` աղբավայր
Վանաձորի Տարոն 4 թաղամասի Մինէներգո կոչվող տարածքը ոչ միայն քաղաքի, այլ նաեւ թաղամասի ծայրամասում է: Այս հանգամանքից օգտվելով՝ արդեն 4 տարի է, ինչ քաղաքի զանազան շինկազմակերպություններ շինարարական թափոնները բեռնաթափում են թաղամասի թիվ 5 բազմաբնակարան շենքի հարակից տարածքում, ավելի ստույգ՝  1988-ի երկրաշարժից հետո կառուցվելիք 3 շենքերի հիմքերում, որոնք ի սկզբանե լցված էին խճաքարով: Չկառուցված շենքերի հիմքերը կարճ ժամանակում "շահագործվեցին" որպես խճաքարի հանքավայր, այնուհետեւ լրիվ դատարկ փոսերն սկսեցին օգտագործվել որպես շինարարական թափոնների աղբանոց:



Բնակիչները բազմիցս բողոքել են, շարունակ դիմել են քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք: 5 շենքի բնակիչներից մեկն ասում է. "Մի անգամ մեքենայի վարորդին հարցրի՝ ո՞վ է թույլ տվել աղբը թափել այստեղ: Նա պատասխանեց` քաղաքապետարանը: Ու այսպես՝ որ վարորդին փորձում ենք արգելել, նույն պատասխանն է տալիս": Որոշ ժամանակ անց չգիտես ում կամքով եւ թողտվությամբ աղբավայրի վերածված փոսերում սկսում են բեռնաթափել նաեւ կենցաղային աղբ, եւ տարվա տաք եղանակներին գարշահոտություն է տարածվում: Բայց սա դեռ խնդրի միայն մեկ կողմն է:



"Լոռու ջրմուղ-կոյուղի" ՓԲԸ-ն գերմանական դրամաշնորհով ծրագրված աշխատանքները կատարելու նպատակով շենքի բակից, ավելի կոնկրետ` խաղահրապարակից կավահող է վերցնում, առաջացնելով մեկ այլ փոս` եղած աղբավայրի "մասնաճյուղը", ինչն ավելի է զայրացնում բնակչությանը. "Սա թաղամասում երեխաների ձեռքով պատրաստված միակ խաղահրապարակն էր, այդ էլ ավերեցին": Որոշ ժամանակ անց խաղահրապարակն ամբողջովին վերածվում է աղբավայրի. բեռնատարները, նախորդ փոսը թողած, սկսում են աղբը թափել այդտեղ, լցնելով նաեւ բնակչության համբերության բաժակը:



Չբավարարվելով նաեւ այս երկրորդ աղբավայրով, մեքենաները բեռնաթափվում են թե թաղամասում, թե ճամփեզրերին եւ ուր պատահի: "Սկզբից մեզ խաբեցին, թե աղբը կլցնենք փոսը, հետո կհարթեցնենք ու վրան էլ խաղահրապարակ կսարքենք, բայց մեզ դա պետք չի, պատուհանից նայում ենք՝ դեմներս սաղ աղբ ա",- դժգոհում է թաղամասի բնակչուհին, ավելացնելով. "Բա ասըմ էին մենակ շինարարական ա՞, էդ ո՞նց էղավ, որ հետը կենցաղային էլ բերվեց": Բացի աղբակույտին ամեն օր նայելուց, բնակիչներին անհանգստացնում է նաեւ տիրող գարշահոտությունը, որն էլ ավելի է շատանում շոգ օրերին, "ամառ օր ա, բայց մենք չենք կարում դուռ ու պատուհան բացենք կամ էլ հայաթում նստենք, դրանից բացի էլ՝ աղբի հետքերով ինչ կենդանի ասես չի լցվել այդտեղ, առնետները սաղ օրը վազվզում են հայաթում":



Բնակիչները բազմաթիվ անգամներ ահազանգել են, փորձել են իրենց ուժերով արգելել աղբով բեռնված մեքենաների ժամանումը, սակայն՝ "քաղաքապետարանն արդեն տվել ա, մենք ո՞վ ենք": Բազում բողոքների եւ լրատվամիջոցների անմիջական միջնորդությամբ աղբը այս տարիների ընթացքում 2 անգամ հարթեցվել է, բայց սա խնդրի մի կողմը չէ, այսօր հարթեցնում են, վաղը էլի նույն վիճակն է: Խնդրի առկայությանը լավ տեղյակ է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժինը, սակայն այսքան ժամանակ աղբը թաղամաս չբերելու դեմ ոչ մի լուրջ քայլեր չի արել, ընդամենը 2 անգամ հարթեցվել է ու վերջ: Ուստի ավելի նպատակահարմար գտանք հարց տալ Վանաձորի քաղաքապետին. "Պարոն Դարբինյան, այսօր Տարոն 4 մինէներգո թաղամասը վերածվել է աղբավայրի, ի՞նչ քայլեր կկատարվեն այդ ուղղությամբ":



Քաղաքապետը հանձնարարեց կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին. "Այսօր եւեթ գնացեք, նայեք-տեսեք ինչ ա պետք անել ու շաբաթ եւ կիրակի օրը զբաղվեք խնդրով": Բնակիչներն այնքան են հիասթափված թաղամասով, որ բնակարանները վաճառում ու հեռանում են. "Էդ խի՞ են քաղաքապետարանում մեր թաղամասի մասին հիշում միայն աղբաթափման տեղ չունենալու ու ինչ վատ բան կա՝ մեր մոտ բերելու ժամանակ, բա թող մի հետ էլ հիշեն-ասեն՝ էդ թաղում ոչ լուսավորություն կա, ոչ ճանապարհ, տրանսպորտն էլ 1 կմ է հեռու, մենակ ընտրությունների ժամանակ ա, որ մեզ հիշում են, ու տենց հազար պրոբլեմ, տղա  ջան":



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանաձոր