Ամեն ինչի մասնավորն է լավ, բացի բուհերից

Ամեն ինչի մասնավորն է լավ, բացի բուհերից
Հուլիսի 26-ին ավարտվեցին նաեւ բանավոր եւ ստեղծագործական քննությունները, ընդամենը մի քանի օրից պարզ կդառնա դիմորդների ճակատագիրը՝ ով որտեղ է ընդունվել: Հայտնի է, որ հենց այս փուլից հետո է ակտիվանում դիմորդների հոսքը մասնավոր բուհեր: Բոլոր այն դիմորդները, որոնց բախտը չբերեց այս տարի, կամ կփորձեն ընդունվել հաջորդ տարի, կամ էլ կդիմեն մասնավոր բուհեր, որտեղ ընդունելությունը շարունակվում է, եւ հիմա,  կարելի է ասել, ամենաակտիվ ու բուռն շրջանն է: Պետական բուհերից կտրված դիմորդներին դեպի իրենց գրավելը շատ հեշտ է: Քննություններ, որպես այդպիսին, կամ չկան, կամ էլ լավագույն դեպքում ընդունելությունը կազմակերպվում է հարցազրույցի միջոցով:



Այս շրջանում դիմորդների հոսքն ակտիվացել է նաեւ Անանիա Շիրակացու անվան համալսարանում: "Հա, ակտիվացում կա այս շրջանում, մի 2-3 օր է՝ դիմորդների հոսքը շատացել է ու համեմատած նախորդ տարիներին, այս տարի մեր համալսարան ավելի շատ են դիմում",- ասաց Շիրակացի համալսարանի ռեկտոր Սեյրան Աֆյանը: Սակայն նա դժգոհ է պետական բուհերի վարած քաղաքականությունից. "Ամեն ինչ անում են, որ խոչընդոտեն դիմորդների հոսքը մասնավոր բուհեր: Ընդունելության բալային շեմը խայտառակ ձեւով իջեցրել են, դիմորդների գործերը հետ չեն տալիս:



Դեպք է եղել, երբ մեզ մոտ ընդունվել ցանկացող դիմորդը գնացել է, որ պետական բուհից ատեստատը վերցնի, չեն տվել՝ պատճառաբանելով, թե կօգնեն իրեն նորից ընդունվել, կտեղափոխեն հեռակա ուսուցման համակարգ եւ այլն": Իսկ եթե այս ամենին զուգահեռ, որոշ մասնագիտությունների գծով կազմակերպվի նաեւ թափուր տեղերի համար մրցույթ, ապա կփակվի մասնավոր բուհերի սնուցման նաեւ այդ աղբյուրը: Փոխարենը "Գալիք" համալսարանում, չնայած  ընդունելությունը շարունակվում է, բայց ակտիվացում չի նկատվում, իսկ դիմորդների ընդհանուր թիվը նվազել է համեմատած նախորդ տարիների:



"Մեզ մոտ ակտիվացում չկա: Պետական բուհերը դիմորդ բաց թողնողը չեն, նրանք կտրվածներին էլ են պահում իրենց մոտ, հեռակա բաժին են ընդունում:Մեր պետությունը աշխարհի միակ պետությունն է, որ փորձում է ապացուցել, որ ամեն ինչի մասնավորն է լավ, բացի բուհերից",- վրդովված ասաց ռեկտոր Ֆրունզե Խառատյանը: Ի դեպ, "Գալիքում" երեկ ընդունելության քննություններ էին բուհում: "Մեզ մոտ ընդունելությունը երբեք հարցազրույցով չի եղել ու չի լինի",-ասաց ռեկտորը: Երեւի հենց այս հանգամանքն էլ նվազեցրել է դիմորդների հոսքը "Գալիք", քանի որ շատերը նախընտրում են ընդունելության առավել հեշտ տարբերակը՝ հարցազրույցը:



Օրինակ, հենց "Հայբուսակ" համալսարանում ընդունելությունը կատարվում է հարցազրույցով սկսվել է դեռեւս հունիսից եւ շարունակվելու է մինչեւ օգոստոսի վերջ: Այստեղ էլ առանձնապես աշխուժություն չի նկատվում: "Մենք ընդհանրապես չենք սպասում, որ պետական բուհերում ընդունելությունն ավարտվի, որ դիմորդներ ունենանք, քանի որ վերջին տարիներին սովորաբար շատ քիչ թվով դիմորդներ են դուրս մնում պետական բուհերից: Մենք ընդունելությունը կազմակերպում ենք հարցազրույցով, մեկ առարկայի գծով: "Հայբուսակի" հիմնական կոնտինգենտն այն դիմորդներն են, որոնք ի սկզբանե դիմում են մեզ մոտ: Շատ քիչ են այն դիմորդները, որոնք գալիս են պետական բուհերից, այն էլ ոչ թե կտրվելու, այլ վարձավճարի բարձր լինելու պատճառով:



Այդ դիմորդները շատ չեն՝ մոտ 4-5 հոգի, ոչ ավելի",- ասաց "Հայբուսակ" համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը: Այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ պետական բուհերն ամեն ինչ անում են խոչընդոտելու կտրված դիմորդների հոսքը մասնավոր բուհեր, տիկին Հարությունյանը պատասխանեց. "Կարծում եմ արդեն ժամանակն է, որ ամեն բուհ հույսը դնի իր վրա, իր դեմքն ու անունն ունենա, այլ ոչ թե սպասի, թե պետական բուհերում քննությունները երբ կավարտվեն, կամ պետական բուհի որեւէ չինովնիկ դիմորդի ատեստատը կտա՞, թե՞ չէ: Յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իր դիմորդը եւ հույսը չդնի պետականից կտրվածների վրա":



Ամեն ինչ կարծես հատուկ է արվում: Պետական բուհերի վարած այս քաղաքականությունը եւ եկող տարի մասնավոր բուհերին միասնական քննությունների դաշտ բերելը կարծես ուղղված է հենց մասնավոր բուհերի դեմ, ինչի դեպքում շատ մասնավոր բուհեր պարզապես կփակվեն՝ դիմորդներ չունենալու եւ մրցակցությանը չդիմանալու պատճառով: