Օլիգարխները կարող են գնե՞լ ԼՂՀ անկախությունը

Օլիգարխները կարող են գնե՞լ ԼՂՀ անկախությունը
ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս, նախագահության անդամ Արայիկ Սարգսյանը երեկ բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած վճռին, նա ասաց, թե Կոսովոյի անկախությունը գնել է համաշխարհային ճանաչում ունեցող նարկոբարոն Խաշիմ Տաչինը` դրա դիմաց վճարելով 250 մլն. ԱՄՆ դոլար, ասաց՝ եթե Հայաստանն ուզում է Ղարաբաղը երբեւէ անկախ տեսնել, ապա պետք է "ազգային ջոջ" կամ օլիգարխ գտնի, որն էլ կգնի այդ փափագած անկախությունը: Հակառակ դեպքում կարծել, թե Կոսովոյի նախադեպը կարելի է "բռնել ու copy-paste անել ղարաբաղյան հակամարտության պարագայում՝ մանկամտություն է": Ուշագրավն այն է, որ երբ Ա. Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ունենք այդպիսի "ազգային ջոջեր", որոնք կարող են գործը գլուխ բերել, պարզվեց, որ, ըստ նրա, հայաստանյան խաշիմտաչիններն առնվազն երկուսն են` Գագիկ Ծառուկյանն ու Միկա Բաղդասարովը. ,Հավատացեք, շատ "պարյադչնի", լավ մարդիկ են ու հաստատ կարող են այդ հարցը լուծել", - հավելեց բանախոսը: