Զուրաբյանը քավորս է, բայց հրաժարականի պատճառն այդ չէ

Զուրաբյանը քավորս է, բայց հրաժարականի պատճառն այդ չէ
Տեւական ժամանակ է՝ հայաստանյան մամուլի քննարկման կիզակետում է ՀՀՇ կուսակցության ներքին խոհանոցը:  Հատկապես համագումարից հետո այդ ամենը թեժացավ, երբ Կարապետ Ռուբինյանը հանդես եկավ հայտարարությամբ ու բացահայտեց ՀՀՇ-ական ընտրակեղծիքները: Այս ֆոնին ակտիվացան բազմաթիվ ՀՀՇ-ականներ, այդ թվում՝ մամուլի ծառայության ղեկավար, երիտթեւի  նախագահ Կարեն Կարապետյանը, որը նախ իր պաշտոնից հրաժարական տվեց, ապա Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի պաշտպանությանը նվիրված հաղորդագրություն տարածեց` կոչ անելով լրատվամիջոցներին չդառնալ մութ ուժերի սադրանքների զոհը: Երիտասարդ ՀՀՇ-ականի հետ զրուցեցինք այս ամենի շուրջ:



- Կարեն, իրականում ինչո՞վ էր պայմանավորված մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնից Ձեր հրաժարականը:



-  Համագումարից հետո ՀՀՇ ղեկավարության պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրի, որովհետեւ այս համագումարում չառաջադրեցի իմ թեկնածությունը ՀՀՇ վարչության կազմում ընտրվելու համար: Ես գտնում եմ, որ լրատվական ծառայության ղեկավարը պետք է լինի վարչության անդամ:



- Ամեն դեպքում տպավորություն է, որ Դուք էլ եք ինչ-որ բանից դժգոհ, ու այդ քայլը դրա արտահայտությունն էր:



- Բացարձակ այլ ակնարկներ ես չեմ ցանկացել անել, ես ինձ համարում եմ հրապարակային գործիչ, փառք Աստծո, ունեմ խոսելու ունակություն եւ կարողանում եմ մտքերս նաեւ թուղթ ու գրիչով արտահայտել: Եթե ունենայի ասելիք, ուղիղ խոսքով կարտահայտեի, մոտեցումը զուտ քաղաքական էր, որեւէ անձնական բան չկար:



- Իսկ ինչո՞ւ չառաջադրեցիք Ձեր  թեկնածությունը:



- Ես պարզապես չեմ առաջադրել իմ թեկնածությունը ՀՀՇ վարչության կազմում ընդգրկվելու համար եւ հրաժարական եմ տվել սոսկ լրատվական ծառայությունից ու շարունակում եմ մնալ ՀՀՇ անդամ: ՀՀՇ կուսակցությունն իմ քաղաքական թիմն է, որի շրջանակներում ես կարող եմ առավելագույնս իմ գաղափարները տարածել ու գործել: ՀՀՇ-ն լիբերալ կուսակցություն է, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է հանգիստ, առանց որեւէ մտավախության արտահայտել ու պնդել իր կարծիքը, մարդիկ տարբեր հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, եւ, բնականաբար, տարբեր մոտեցումների շուրջ կարող են ինչ-ինչ տարաձայնություններ լինել:



- Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը լիբերալիզմի դրսեւորո՞ւմ էր:



- Ես չեմ ցանկանում մեկնաբանել Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր մոտեցումներում:



- Իսկ Դուք ափսոսանքի զգացում ունեցա՞ք Ռուբինյանի հրաժարականից հետո, ինչպես Ձեր կուսակիցները:



- Անշուշտ, գիտեք ինչ` ես ափսոսում եմ ցանկացած մարդկային կորուստ, որը ՀՀՇ-ն կունենա, լինի դա ավագ սերունդ, թե երիտասարդ սերնդի ներկայացուցիչ: Ինձ համար նույնիսկ մեկ մարդու կորստի հնարավորությունն արդեն ափսոսանքի զգացում էր:



- ՀՀՇ վերջին իրադարձությունները դարձան մամուլի քննարկման թեմա` տեղիք տալով տարատեսակ մեկնաբանությունների, որը բացասաբար անդրադարձավ ՀՀՇ-ի վարկանիշի վրա: Ձեզ մտահոգո՞ւմ է այդ իրավիճակը:



- Ցանկացած իրադարձություն, որն այս կամ այն չափով կարող է բացասական  անդրադառնալ ՀՀՇ կուսակցության  վարկանիշի վրա, ինձ մտահոգում է, շատ հաճախ առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու: Շատ հաճախ իրադարձությունն այնքան լուրջ չի, որքան լրատվամիջոցներն են հասցնում ծայրագույն լարման:



- Ծայրագույն լարո՞ւմն էր պատճառը, որ Արարատ Զուրաբյանի ու Քոքոբելյանի պաշտպանությունը ստանձնեցիք` գրեթե ամոթանք տալով լրատվամիջոցներին, թե՞ որ Արարատ Զուրաբյանը Ձեր քավորն է:



- Պաշտպանությունը նույնպես իմ իրավունքն է, եւ ոչ մեկը չի կարող արգելք դնել իմ մոտեցումներին, պատկերացումներին ու խոսքիս ազատությանը: Ես օգտվել եմ իմ իրավունքից ու տարածել հաղորդագրություն: Ես ընդամենը կոչ եմ արել, ոչ թե ամոթանք եմ տվել, եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել` հաճախ իշխանական թեւը փորձում է տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ մամուլն է, սեպ խրել ընդդիմադիր շարքերում, դա իշխանության երազանքն է` ընդդիմությանը տեսնել պառակտված ու թույլ: Ինչ վերաբերում է Զուրաբյանի՝ իմ քավոր լինելու հանգամանքին, ապա ես եղել եմ ՀՀՇ կուսակցության անդամ՝ ստեղծման առաջին տարվանից, 13 տարեկանից: Բանակից վերադառնալուց հետո պաշտոնապես անդամագրվեցի կուսակցության շարքեր, 2004 թվականին նշանակվել եմ ՀՀՇ լրատվության ծառայության ղեկավար, ապա ընտրվել եմ երիտթեւի նախագահ, 2007-ին՝ ՀՀՇ վարչության անդամ, 2010 թվականին Արարատ Զուրաբյանն իմ քավորն է դարձել: Այստեղ հարցը ոչ թե նրա իմ քավոր լինել-չլինելու հանգամանքն է, այլ մեր՝ տարիների իրար հետ անցած ճանապարհը: