Երեւանը` միջին ռուսական կամ եվրոպական քաղաքի ծայրամաս

Երեւանը` միջին ռուսական կամ եվրոպական քաղաքի ծայրամաս
Ճարտարապետների միությունը, որ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, այնպիսի վերաբերմունքի է արժանանում, ինչ շարքային ՀԿ-ները: Թեեւ քաղաքաշինական այս կամ այն հարցի վերաբերյալ մշտապես իր դիրքորոշումն արտահայտում է, սակայն լսող չկա: Պատկան մարմիններն անում են այն, ինչ ուզում են: "Նախկինում՝ Խորհրդային Միության տարիներին, մենք  ունեինք ավելի հստակ եւ որոշակի դիրք: Այսինքն,  եթե Ճարտարապետների միությունն ասում էր, դա անպայման լսելի էր դառնում: Էսօր դա չի լսվում, էսօր հաշվում են, որ հասարակական կազմակերպություն է, կարելի է նաեւ չլսել: Չեն լսում մի կազմակերպության, որը պրոֆեսիոնալ, մասնագիտական կազմակերպություն է: Ափսոս, կգա ժամանակ, երեւի կլսեն",-ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:



Պարոն Մինասյանն անգամ "համարձակություն վերցրեց" ասելու, որ երբեմն լինում են հարցեր, որոնք անգամ քաղաքապետներն ի զորու չեն ճիշտ լուծելու: "Խնդիրը նրանում է, որ որեւիցե բարձրաստիճան անձի ասվածն ավելի կարեւոր ու որոշիչ է լինում, քան թե քաղաքի շահերը": Որպես ասվածի վառ ապացույց՝ Մկրտիչ Մինասյանը բերում է Հրազդանի կիրճի (Զանգվի ձոր) խոսուն օրինակը: "Եթե որեւիցե մի քաղաք ունենար նման լանդշաֆտ, նա դրանից մարգարիտ կսարքեր, իսկ էնտեղ, եթե դուք մտնեք մի ծայրից եւ դուրս գաք մյուս ծայրով, այդ ռաբիս երաժշտության եւ թափթփուկ մթնոլորտի միջով անցնելով, էլ էդ կիրճով չեք անցնի": Մերօրյա ու թամանյանական Երեւանի միջեւ հսկայական տարբերություն կա, որը գնալով խորանում է:



Թամանյանի նախագծած Երեւանը նախատեսված էր 450 հազար բնակչի համար, կանաչապատ էր, իսկ այսօր այդ ամենն աղավաղվում է. քաղաքի կենտրոնն անկառավարելի կառուցապատվում է, ավելանում է շենքերի հարկայնությունը, օր օրի նվազում են կանաչապատ տարածքները: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով քաղաք-այգու թամանյանական գաղափարը կյանքի չկոչվեց, չնայած տարբեր ժամանակների Երեւանի գլխավոր հատակագծերի հիմքում մշտապես եղել է Թամանյանի նախագիծը: Բայց այն, ինչ կատարվում է այսօրվա Երեւանում, ուղղակի անթույլատրելի է, ու եթե այսպես շարունակվի, կորուստն անդառնալի կարող է լինել: "Էսօր եթե մեր քաղաքի ինչ-որ հատված, որը վերջերս է կառուցված, նկարվի, եւ դա ցույց տրվի ինչ-որ մի տեղ, ոչ մեկը չի ասի, որ սա Երեւանն է, այլ կասեն, որ սա միջին ռուսական կամ միջին եվրոպական մի քաղաքի հեռավոր թաղամաս է: Ճարտարապետությունն իջել է մինչեւ այդ աստիճանի", "էլիտար" հորջորջվող ճարտարապետության արդյունք Երեւանի տխուր ապագան այսպիսին կարող է լինել Մկրտիչ Մինասյանի խոսքով: Իսկ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտարապետի շառավիղ Ալեքսանդր Թամանյանի բնորոշմամբ, մերօրյա Երեւանը նաեւ  գաղափարախոսական շրջադարձ է կատարել:



"Կողմնորոշումը դեպի Արարատ մեր քաղաքի գաղափարախոսական  առանցքն էր, քաղաքը կատարել է գաղափարախոսական շրջադարձ: Նույն այդ Հյուսիսային պողոտան դրա ամենակոշտ արտահայտված օրինակն է": Երեւանը փրկելու ճանապարհը մասնագետները տեսնում են հասարակական ակտիվության մեջ՝ որպես օրինակ մատնանշելով  "Կինոմոսկվայի" ամառային դահլիճի պահպանման համար հրապարակ դուրս ելած երիտասարդներին, որոնք, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ակտիվ քարոզչություն ծավալեցին եւ  արդյունքի հասան այն առումով, որ գործընթացը կանգնեցված է, թեեւ կառույցը դեռեւս վերականգնված չէ Պատմամշակութային հուշարձանների պահպանության պետական ցուցակում, որից այն հանվել էր ծածուկ եւ օրենքի խախտմամբ:



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ամառային դահլիճի համար պայքարը կիսատ է մնացել, որովհետեւ ներկայիս կարգավիճակում մնալու դեպքում շինությունը մի օր կարող են քանդել, ուստի պետք է կրկին ակտիվություն ցուցաբերել եւ պահանջել խնդրի վերջնական լուծում: Այս կոնտեքստում Մկրտիչ Մինասյանը հետաքրքիր դիտարկում արեց այն մասին, որ "Ոսկե ծիրան" կինոփառատոնն անցավ, բայց հասարակության լայն շրջանները փառատոնին ներկայացված ֆիլմերը դիտելու հնարավորություն չունեցան կինոդահլիճի բացակայության պատճառով: "Կարելի է "Ոսկե ծիրան", հետո "Ադամանդե ծիրան" կինոփառատոն կազմակերպել, 10 հոգով անցկացնել եւ վերջացնել, իսկ մեր կինոթատրոնը, որ գտնվում էր հենց այդ դաշտում, կարելի էր շատ գեղեցիկ ծառայեցնել այդ նպատակին, բայց այն խաղից դուրս վիճակում է",-նկատեց Մկրտիչ Մինասյանը: Ի դեպ, որոշ ՀԿ-ներ մտադիր են "Կինոմոսկվայի" ամառային դահլիճի խնդրին դատական ճանապարհով լուծում տալ: